կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 22:30
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը Հունաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում քննարկել է ԵՄ-­ԵԱՏՄ համագործակցությունը

Տիգրան Սարգսյանը Հունաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում քննարկել է ԵՄ-­ԵԱՏՄ համագործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողով կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հունաստանի և ԵԱՏՄ­-ի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել նաև ԵԱՏՄ-­ԵՄ համագործակցությունը: Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր երկիրը պատաստ է աջակցել ԵԱՏՄ­-ի և ԵՄ­-ի միջև կառուցողական և փոխշահավետ հարաբրությունների հաստատման ուղղությամբ: Ցիպրասը նաև շեշտել է, որ «Հունաստան-­ԵԱՏՄ» բիզնես­ֆորումի անցկացումը կարող է նոր հորիզոններ բացել առևտրային և արդյունաբերական զարգացման համատեքստում:

«Հունաստանը ԵԱՏՄ ավանդական առևտրային գործընկերն է, սակայն ներկայում հենց հույն գործարարների համար նոր հնարավորություններ են բացվում ԵԱՏՄ շուկայում: ԵՏՀ կատարած աշխատանքի շնորհիվ առաջիկայում կձևավորվի նույնական տեխնիկական կարգավորումներով ընդհանուր շուկա: 180 միլիոն բնակչություն ունեցող տարածքում արդեն իսկ գործում է բոլորի համար նույն Մաքսային օրենսգիրք, ինչն էլ նշանակում է, որ մեր արտասահմանցի գործընկերները մանեվրելու և արդյունավետ ծրագրման համար հնարավորություններ են ստանում»,­- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյան շնորհակալություն է հայտնել ԵՄ­-ԵԱՏՄ համագործակցության հարցում այդ երկրի միանշանակ դրական դիրքորոշման համար:

«Կարծում ենք, որ ԵՄ­-ի և ԵԱՏՄ-­ի միջև երկխոսության հաստատումը շատ կարևոր է և կարող է բացառիկ դրական ազդեցություն ունենալ նաև ԵՄ անդամ առանձին երկրների և ԵԱՏՄ համագորակցության վրա»,­- նշել է Պավլոպուլոսը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգիոս Կատրուգալոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյանն աջակցություն է հայտնել հունա­եվրասիական խորհրդի ստեղծման առաջարկին: