Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք»-ը զրուցել է Իտալիայից ժամանակ էջմիածնեցի կնոջ հետ, ով վարակվել էր կորոնավիրուսով, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, թաքցնելով իր՝ ջերմություն ունենալու փաստը մասնակցել էր նշանանադրության և վարակել մնացյալ արարողության մասնակիցներին։
Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
«Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը` առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, վերջին օրերի ամենաքննարկված թեման է: Նա հայտնվեց ոչ միայն ֆեյսբուքյան օգտատերերի, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության թիրախում: Վարչապետը մասնավորապես նշել էր, որ Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն եւ ջերմիջեցնողներ է նախապես ընդունել: Դուրս գալով ինքնաթիռից` չնայած ինքնամեկուսանալու կոչին, զգուշացումներին` չի պահպանել այդ ամենը: Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, որովհետեւ սիստեմաներ է ընդունել` նա գնացել է ոսկերիչի, հետո` վարսավիրի մոտ, այնուհետեւ մասնակցել որդու նշանադրությանը: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում եւ այսօր ինչպես է հայտնի նշանդրեքի մասնակիցների ինքնազգացողությունը, «Իրավունքին» հաջողվել է հեռախոսակապ հաստատել եւ պարզել հենց Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջից` տիկին ԱՆԱՀԻՏԻՑ, ով գտվում է համապատասխան բուժհիմնարկում: Ելնելով էթիկայի նկատառումից եւ արտակարգ իրավիճակից` նաեւ չենք մատնանշում բուժհիմնարկը եւ չենք հրապարակում տիկնոջ լուսանկարը եւ նրա հետ առնչված անձանց որեւէ անձնական տվյալ:
– Տիկին Անահիտ, Դուք իսկապե՞ս արդեն իմանալով, որ վարակակիր եք, սիստեմաների տակից դուրս եք եկել եւ գնացել նշանադրության արարողության մասնակցելու:
– Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել եւ գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնությամբ տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել եւ ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս եւ ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են:
– Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Դուք նշանդրեքի գնալուց առաջ որեւէ ախտանշան չեք ունեցել:
– Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել:
– Երբ Իտալիայից ժամանել եք, որեւէ ստուգում, որեւէ վերահսկողություն եղե՞լ է Ձեր նկատմամբ կամ հորդորե՞լ են Ձեզ ինքնամեկուսանալ:
– Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչեւ երեւի մարտի 4-ը:
– Իսկ երբ մարտի 8-ին կայացած նշանդրեքից հետո` մարտի 9-ին, Ձեզ ուղարկում էին թեստ հանձնելու, ո՞ւմ վերահսկողության ներքո էիք, եւ ո՞վ Ձեզ ուղեկցեց` մինչեւ համապատասխան բուժհիմնարկ:
– Մեզ ոչ ոք չի ուղեկցել, մեր նախաձեռնությամբ ես ու ամուսինս մեքենայով ենք եկել հիվանդանոց ու ասել, որ եկել ենք թեստ հանձնենք:
– Դուք նշանվածներին ի՞նչ բարեկամ էիք` մեկ գրում են, թե մորաքույրն եք եղել, մեկ` մայրը:
– Տղայիս նշանդրեքն էր: Ի դեպ, արարողությանը նախորդել է այն, որ գնացել ենք խնամիների հետ ծանոթանալու, իրենց հետ ճաշկերույթի ենք մասնակցել: Նույն կերպ իմ հյուրերը կարող էին վարակվել մարտի 2-ին, որովհետեւ մեր տանը էլի մեծ խնջույք է եղել, ու հավաքված են եղել մեր բոլոր բարեկամները: Հետո` մարտի 4-ին, խնամիները մեզ են հրավիրել իրենց տուն: Ու այնտեղ էլ օրն անցկացրել ենք բավականին թվով մարդկանց հետ: Կարող էր այդ օրերին լինել ամենը: Այնպես չէ, որ մենակ նշանադրության օրն է այդքան մարդ հավաքվել, ու ես հայտնվել եմ ամբոխի մեջ: Այդ նույն օրերին քարոզարշավ էր իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն հաջողությամբ կարող էի այնտեղ գտված լինել: Թող բարի լինեին, ինքնաթիռից բոլորիս 14 օրով տանեին, մեկուսացնեին, այդ շրջանը կանցներ, թող բաց թողնեին: Իսկ այս դեպքում` այնքան մեծ շրջապատ ունեմ, այնքան մարդկանց հետ եմ շփվել...
– Այսօր այդ ամբողջ շրջապատը կարանտինի մե՞ջ է, թե՞ էլի կան մարդիկ, որոնք շփվել են Ձեզ հետ, բայց կարանտինի մեջ չեն:
– Ինչքան մարդ է իմ շուրջը հավաքված եղել, բոլորը կարանտինի մեջ են: Այդ վախի զգացողությունն այքան մեծ էր, որ մարդկանց վնաս չպատճառվի, իրենց ցանկությամբ բոլորի անունները տվել եմ ու ասել` ստուգվեք, թող ամեն ինչ նորմալ լինի, ես էլ հանգիստ լինեմ:
– Եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ էիք Իտալիա մեկնել:
– Փետրվարի 15-ին ենք մեկնել, նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետեւ գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան:
– Այս օրերի այն մեծ աղմուկին, որը պտտվում է Ձեր անվան շուրջ, ինչպե՞ս եք վերաբերվում:
– Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ, նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում:
– Անգամ Ձեր անձնական տվյալները, լուսանկարները հայտնվեցին համացանցում: Չե՞ք պատրաստվում դիմել առնվազն Մարդու իրավունքների պաշտպանին:
– Հիմա այն վիճակում չեմ, որ դիմումներով զբաղվեմ: Առաջին հերթին մտածում եմ իմ առողջության մասին, Ֆեյսբուք էլ ընդհանրապես չեմ մտնում: Երբեւէ չեմ էլ սիրել այդ ցանցը, հիմա էլ աշխատում եմ չմտնել ինտերնետ, չկարդալ, չտեսնել, չնյարդայնանալ: Տեղից արդեն եղած ասեկոսեներից բարկանում եմ: Բայց հարազատներս հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որ գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվությունները, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա: Ասում են, որ իմ նկարներն են տեղադրել սոցցանցում, ի՞նչ իրավունքով, ես երբեւէ սոցցանցերում նկար չեմ ունեցել: Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ տղաներս չեն սիրում այդպիսի բան: Մեր տանը որոշում է եղել, որ երբեւէ սոցցանցում նկար կամ ֆեյսբուքյան էջ չունենամ: Մինչդեռ այսօր մարդիկ անընդհատ իմ նկարները դնում են համացանցում: Սա մարդու իրավունքների խախտում չէ՞, դատական գործ չի՞ հարուցվելու իրենց վրա: Դուք դեռ չգիտեք, թե որոշ բժիշկների վերաբերմունքն ինչպիսին էր իմ հանդեպ, կարծես, ես հանցագործ էի: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, անգամ չուզեցին լսել իմ խոսքը: Ոչ ոք չհարցրեց ինձ, թե որ օրն եմ վատացել, ի՞նչ է եղել: Բայց դուրս եկան, ինչ-որ հայտարարություններ արեցին, վարչապետին էլ լուրեր հասցրին, եւ պարոն Փաշինյանը, հավատալով այդ լուրերին, ինքը հայտարարություններ սկսեց անել: Կարելի՞ է այդպիսի բան անել, թող մարդ ուղարկեին վարչապետի կողմից, ինձ հարցեր տային, իմանային, թե ինչպիսին է եղելությունը: Ուղղակի, զարմանում եմ` ինչքան չարություն կա մարդկանց մեջ: Ամբողջ աշխարհը կարեկցում է վարակակիր մարդկանց, մտածում` ինչով օգնի: Մի՞թե ես եմ այդ վիրուսը ստեղծել, զարմանում եմ` մարդիկ ինչքան կարող են չար, անհոգի լինել:
– Ձեր ինքնազգացողությունը հիմա ինչպե՞ս է:
– Չգիտեմ` չեմ հասկանում: Երեւի նյարդային սթրեսից եմ այսպես, ավելի շատ հոգեբանական ճնշվածություն կա: Չեմ հասկանում` ինչ է կատարվում ինձ հետ, երեւի, լավ կլինի: Բայց չգիտեմ, թե հետագան ինչպես կլինի: Ուղղակի, շատ վախենում եմ, որովհետեւ ունեմ տղաներ ու ամուսին, որոնք արժանապատվություն ունեն, եւ այս ամենը հաստատ այսպես չեն թողնելու: Հետո թե մեր բարձրաստիճան, հարգարժան մարդիկ ինչպես կնայեն այդ ամենին, ուղղակի, չգիտեմ: Միայն վախենում եմ իմ երեխաների հետագա քայլերից:
– Իսկ տեղեկություն ունե՞ք Ձեր հարազատների ինքնազգացողության մասին, որոնք եւս կարանտինի մեջ են գտնվում:
– Նորմալ է հարազատների վիճակը: Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում: Մեր հարազատությունը այնպիսին է, որ ոչ ոք չի կարող այդ ամենին այլ կերպ նայել: Բոլորն էլ պայքարում են մեկը մյուսի համար, որ լավ լինեն: Նոր խնամիներն այնպիսի ոգեշնչող, հույս տվող բառեր են զանգում եւ ասում, որ անգամ դրանից եմ վատ զգում ու ամաչում»։