կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 17:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ․ Վանեցյանը փակագծեր է բացում

Ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, այսպես կոչված թալանված փողերը վերադարձվեն պետական բյուջե` ըստ Yerkir.am-ի, ասաց  Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ՝ վստահեցրեց նա։

Ի՞նչ կապ կա Վանեցյանի հրաժարականի և  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի միջև. «Կապն այն է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը: Այն զարգացումները, որոնք եղան ՍԴ շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի լինել մասնակից նման զարգացումների: Հիմա չեմ պատասխանի հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի՞ եղել, ես ասում եմ՝ իմ հրաժարական ներկայացնելու  հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը, և ես հնչեցրել եմ կանգառի, սթափեցման կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»։

Հրայր Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ մինչև ԱԱԾ տնօրեն դառնալը Հրայր Թովմասյանին չի ճանաչել, ծանոթացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո, որովհետև նրա որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում և հաճախ էր գալիս խաղերին ներկա գտնվելու, որտեղ էլ ծանոթացել են:

Կոնկրետ հանձնարարարականների մասին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ, Վանեցյանն ասաց․ «Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ: Մենք կատարել ենք մեր աշխատանքը»:

Նա վստահեցրեց, որ պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ երբեքչի հրապարակի, ասաց, որ տիրապետում է շատ մեծ ինֆորմացիայի, բայց երբեք չի հրապարակի:

Նախկին իշխանություններին հովանավրելու, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելուն խանգարելու մասին իշխանամերձ լրատվամիջոցների հրապարակումների մասին Վանեցյանն ասաց․ «Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, բայց ես թողեցի, որ անցնի հինգ, հինգ ու կես ամիս: Ինչո՞ւ: Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության  և քանի՞ լումա գումար է վերադարձվել այսպես կոչված թալանված, կոռուպցիոն փողերից:  Եթե մեկ դեպք կհիշեցնեք, ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն եմ փոխանցել, որ կարողանան երկրից գնալ, մի օրինակ բերեմ. այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Հայտնի օֆշորի գործի մասին է խոսքը: Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է՝ եթե կան նոր երևան եկած հանգամանքներ ու գլխավոր դատախազը թույլատրի վերաբացել քրեական գործն ու քննություն իրականացնել: Մենք պաշտոնական գրություն ենք  գրել դատախազություն՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործը վերաբացել: Ինչ-ինչ պատճառաբանություններով, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու չհամաձայնեցին վերաբացել, վերադարձվել է մեզ:  Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ է տեղեկացրել, որ մեկնի, ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»։

Իր և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին նա ասաց. «Այդ  գաղտնալսումը մոնտաժված է: Մի խոսակցություն չէ, մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է: Այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ազդեցություն եմ ունեցել դատական իշխանության կամ դատավորների վրա: Նման բան  երբևէ չի եղել: Ես երբեք որևէ դատավորի հետ որևէ քրեական գործի շրջանակներում զրույց չեմ ունեցել։ Կարծում եմ՝ բոլորի անփութությունն էր: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Իմ աշխատանքային կարիերայի մեջ իմ համար ամենացավոտ կետերից մեկն է, բայց եղել է այն, ինչ եղել է, առաջինն ու վերջինը չեմ պետական պաշտոնյաներից աշխարհում, որ ընկել է նման պատմության մեջ»։