կարևոր
5062 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 09:18
Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին փակագծեր է բացում. ի՞նչ է թաքուն վաճառել հորեղբայրը. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին փակագծեր է բացում. ի՞նչ է թաքուն վաճառել հորեղբայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին նոր մանրամասներ է ներկայացնում Հրայր Հակոբյանի եւ իրենց ունեցած վեճի մասին։

Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։

Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել ԱԺ նախկին պատգամավորի որդուն՝ Կարեն Հակոբյանին, որ անձամբ հոր ժառանգության հարցով դիմել է դատարան, սակայն կարողացանք գտնել ԱԺ նախկին պատգամավորի մյուս որդուն՝ Արմեն Հակոբյանին, եւ խնդրեցինք, որ նա մեկնաբանի, թե ինչու է եղբայրը դատի տվել հորեղբորը:

Ի պատասխան մեր հարցադրմանը՝ ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնեց. «Նախ ուզում եմ ասել, որ ազնիվ ժուռնալիստիկան ենթադրում է փաստերի երկկողմանի ներկայացում եւ ոչ թե մի կողմի հայտարարություններն որպես հիմք ընդունելը։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա էլ անհետեւանք չի մնա։ Մեր հորեղբոր՝ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում եւ մտադրված ենք մեր շահերն ու իրավունքները պաշտպանել համապատասխան ատյաններում։ Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե Ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ո՛չ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում