Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության (պետք է լիներ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության) իրավահաջորդը»:
Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետևություն, որ գոյություն չունեցող և դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել որևէ իրավական գործընթաց, առավել ևս՝ սահմանազատում: Ուստի՝ թե՛ պատմական, թե՛ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որևէ հիմք չկա:
Իրավաբանական գրականության մեջ տրված բնորոշման համաձայն՝ «իրավահաջորդությունը որոշակի տարածքի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու մեկ պետությունը մեկ այլ պետությամբ փոխարինելու արդյունքում իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկից մյուսին»: Ադրբեջանի դեմոկրատական (ժողովրդավարական) Հանրապետությունը կամ Մուսավաթական Ադրբեջանը հռչակվել է Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից Անդրկովկասյան Ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության գոյության ավարտի ժամանակ Թիֆլիսում (Տփղիսում) 1918 թ. մայիսի 28-ին և գոյություն է ունեցել 1 տարի 11 ամիս՝ մինչև 1920 թ. ապրիլի 28-ը: Ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանից՝ հիմքում ունենալով առնվազն հետևյալ պատճառները, նախ՝ արցախյան հիմնահարցը, ապա նաև՝ Նախիջևանի և հայկական այլ տարածքների նկատմամբ նկրտումները, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում հայերի ջարդերի կազմակերպումն ու հայերի գույքի բռնազավթումը, Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ զտման քաղաքականության իրականացումը և այլն: Առողջ տրամաբանությունից զուրկ է հրաժարվել 70 տարի գոյություն ունեցած Խորհրդային Ադրբեջանից և լինել մոտ 2 տարի գոյություն ունեցած նորաթուխ պետական կազմավորման իրավահաջորդը: Սա մենք պետք է օգտագործենք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական և այլ հարթակներում:
Ընդ որում, Ադրբեջանը խնդիրներ ունի նաև 1918-1920թթ. ԱԴՀ-ի սահմանների հետ կապված, քանի որ այն ճանաչված և փաստորեն հաստատված սահմաններ չի ունեցել և, ըստ այդմ էլ, Ազգերի Լիգան դե յուրե չի ճանաչել նրա սահմանները և ՄԱԿ է ընդունվել առանց հռչակված սահմանների:
Ստացվում է այնպես, որ մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում գոյություն է ունեցել տարբեր անվանումներով «Ադրբեջան» կազմավորումներ, բայց դրանցից և ոչ մեկը նախորդի իրավահաջորդը չէ, իսկ ավելի կոնկրետ` յուրաքանչյուրը հրաժարվել է նախորդից: Սա ոչ միայն միջազգային իրավունքում եզակի դեպք է, այլև իրավական զավեշտ: ԽՍՀՄ-ի անկախացած մյուս երկրներից ոչ մեկը նման քայլի չի գնացել, իսկ Ադրբեջանի Հանրապետության նման վարվելակարգն իր մեջ մութ էջեր է պարունակում:
Ինչպես հայտնի է, 1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին, որին հաջորդել է հոկտեմբերի 18-ին ԱՀ ԳԽ-ի կողմից «ԱՀ պետական անկախության մասին» սահմանադրական ակտի ընդունումը, իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում անց է կացվել համաժողովրդական քվեարկություն: Ընդ որում, հանրաքվեի քվեաթերթիկներում մտցվել էր միայն մեկ հարց. «Դուք կո՞ղմ եք «ԱՀ պետական անկախության մասին» սահմանադրական ակտին»:
Հիշյալ հանրաքվեն Ադրբեջանի անկախության վերականգնման ընթացքում կիրառված «իրավական» գործընթացներից ամենախայտառակն է, քանի որ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի գլխավոր պահանջն այն էր, որպեսզի միութենական հանրապետությունում անց կացվի հանրաքվե, իսկ Ադրբեջանի հանրաքվեն անց է կացվել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի ԱՊՀ հռչակագրի ընդունումից 8 օր հետո, երբ արդեն ԽՍՀՄ-ը փաստացիորեն և իրավաբանորեն գոյություն չուներ և դրա անցկացումն անտրամաբանական ու անիմաստ էր: Հիշյալ հռչակագրում նշված է, որ «… Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»: Այտեղ խոսքը հենց խորհրդային սահմանների մասին է, որի իրավահաջորդը չի հանդիսանում ներկայիս Ադրբեջանը:
Տարօրինակն այն է, որ Ադրբեջանում անկախության տոնը նշվում է հոկտեմբերի 18-ին` սահմանադրական ակտի ընդունման օրը, այլ ոչ թե հանրաքվեի օրը, ինչն ընդունված է շատ երկրներում:
Ավետիք Հարությունյան
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ