Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։
- Պարո՛ն Մելքոնյան, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններ սկսեց իրականացնել 44-օրյա պատերազմից հետո։ Մինչդեռ ներկայիս իշխանությունը Արցախի մեծ մասի կորստից հետո ամեն կերպ փորձում է հասարակությանը նախապատրաստել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն արդյո՞ք ապառնալիք չէ Հայաստանի ինքնիշխանությանը։
-Ոչ միայն այս իշխանությունների վարած քաղաքականությունը, այլև հենց իրենք՝ իրենց մտածողությամբ, սպառնալիք են հայկական պետականությանը։ Եվ այդ սպառնալիքն էլ ավելի է շեշտվում, քանի որ նրանք տիրապետում են, ցավոք, պետության կառավարման լծակներին։ Եվ այդ ապազգային զգացումով, որի կրողներն են նրանք, այդ նույն մտածողությամբ վարակել են ամբողջ պետական կառավարող համակարգը։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին, ապա այս իշխանությունների մյուս թերությունն այն է, որ նրանք ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև չունեն էլեմենտար գիտելիքներ (և չեն էլ ուզում ունենալ այդ գիտելիքները), համաձայն որոնց՝ Ադրբեջանի հեռահար պլաններում միշտ էլ Հայաստանի հանդեպ ոտնձգություններ եղել են։ Նույնիսկ ԽՍՀՄ տարիների այն տարածքները, որոնց հիմա Ադրբեջանը փորձում է հավակնել` «Զանգեզուրի միջանցք», Տավուշում, Արարատում որոշ տարածքներ, այդ նույն խնդիրները եղել են ԽՍՀՄ տարիներին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ անգամ Խորհրդային Հայաստանի պաշտոնյաները կարողացել են և իրենց մեջ ուժ են գտել այդ ամենը դիմագրավելու։ Այս իշխանությունները ոչ միայն չեն փորձում, այլև չեն էլ ցանկանում դիմագրավել, ավելին՝ ոչ միայն իրենք չեն դիմագրավում, մի բան էլ իրենց քարոզչական հնարքներով հասարակությանը փորձում են դարձնել չպայքարող։ Կարծում եմ, որ սա շատ մեծ ու վտանգավոր ծրագիր է, որի հիմնական նպատակն է հասարակությանը ներկայացնել որպես պարտված հոգեբանությամբ հասարակություն։ Սա մեծագույն թշնամական քայլ է, որ այս իշխանությունն անում է մեր նկատմամբ, և կարծում եմ, որ մասնագետ լինել պետք չէ, որպեսզի հասկանան այս ծրագրի մոտալուտ, կործանարար նպատակները։
-Ինչպիսի՞ գնահատականներ կտաք Սյունիքում տեղադրված մաքսակետերին և օրեր առաջ տեղի ունեցած ռազմական բախմանը։
-Սյունիքում տեղադրված մաքսակետերը դրվել են ոչ հիմնավոր փաստերի հիման վրա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ չի եղել պայմանագիր սահմանների հետ կապված։ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են, Խորհրդային Միության ներքին վարչատարածքային բաժանումներով պայմանավորված, ինչ-որ փաստաթղթեր, դրանց հիման վրա էլ ձևավորվել են քարտեզները, ընդ որում՝ մեկը չէ, այլ բազմաթիվ։ Քարտեզների մի մասում, դիցուք, Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի սահմաններում էր, մի մասում՝ Ադրբեջանի։ Հայաստանը, չգիտես՝ ինչու, շարունակ հիմք է ընդունում այն քարտեզները, որոնք ադրբեջանանպաստ են։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ սա կապիտուլյացիոն ռեժիմի շարունակությունն է, այսինքն՝ կապիտուլյացիան չի ավարտվել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլ շարունակվում է ներկայումս։ Մենք՝ որպես պարտված կողմ, առանց առարկելու ընդունում ենք այն պայմանները, այն քարտեզները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։ Հետևաբար, Սյունիքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն այս իշխանություններն են, և Սյունիքում ստեղծված իրավիճակը կապիտուլացիոն ռեժիմի շարունակականության դրսևորում է։
Իսկ ինչ վերաբերում է ռազմական բախումներին, կարծում եմ, դա մյուս թեզի համատեքստում է տեղավորվում, որ Հայաստանը չպետք է դիմադրի, անընդհատ քննարկվում է՝ կրակելու հրաման տվե՞լ են, թե՞ ոչ. այսինքն՝ այն հայկական բանակը, որից երեք տարի առաջ Ադրբեջանը և ադրբեջանական հասարակությունը սարսափում էին և, եթե ինչ- որ քայլ անում էին, ապա անպայման պատասխանը լինում էր եռակի, հիմա, չգիտես՝ ինչու, անընդհատ արձանագրվում են միայն զիջումներ, միայն հաշտության բանաձևեր են այստեղից հնչում և այլն, որոնք ադեկվատ չեն. այստեղ խոսվում է հաշտության դարաշրջանի մասին, Թուրքիայիում և Ադրբեջանում խոսվում է հայատյացության մասին։ Այնպես որ՝ սա, ինչպես ասում են, ընդհանուր մի օպերայի մաս է կազմում, որտեղ հայկական ներկայիս իշխանությունները, ցավոք, չեն ներկայացնում Հայաստանի շահերը։
-Այսօր խոսք է գնում 3+3 ձևաչափի մասին, ինչպե՞ս եք գնահատում, որ մի պլատֆորմում համագործակցեն Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
-Սա թուրքական նախագիծ է, առաջ է եկել 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո, Թուրքիան այն ժամանակ նախագահ Ա. Գյուլի միջոցով ներկայացրեց, այսպես կոչված, Կովկասյան պլատֆորմը, որտեղ կրկին այդ վեց պետություններն էին, և առաջարկվում էին ինչ-որ տարատեսակ ծրագրեր։ Այն չիրականացավ այդ ժամանակ։ Հիմա նույնպես այս ծրագիրը թուրքական նախաձեռնություն է։ Իմ կարծիքով՝ ունի մի քանի նպատակ: Եթե ձևավորվի այդ պլատֆորմը, ապա Թուրքիան ունենալու է առաջատար դիրք և դե յուրե մասնակցելու է այստեղ տարատեսակ պրոցեսներին. եթե մինչև հիմա Թուրքիայի ստորագրությունը չկար ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ է, ապա այս պլատֆորմով Թուրքիան դառնում է դե յուրե մասնակից և իր ստորագրությունն է լինելու տարատեսակ փաստաթղթերի վրա։
Այս ծրագիրը Հայաստանի համար ոչ թե հնարավորություն, այլ Հայաստանին ներկայացված պարտադրանքներից մեկն է, որը այս իշխանությունները, չգիտես՝ ինչու, փորձում են ներկայացնել իբրև դիվանագիտական գործընթաց։ Այստեղ կա նաև մեծ տարաձայնություն Վրաստանի և Ռուսաստանի միջև. Վրաստանն օրեր առաջ հայտարարեց, որ հրաժարվում է այս գործընթացից, որովհետև սա ենթադրում է սահմանների ճանաչում` սահմանների բացում։ Եվ Վրաստանը այստեղ խնդիր է տեսնում Աբխազիայի և Հարավային Օսիայի թեմաների հետ կապված։ Հարց է` արդյո՞ք Հայաստանը որևէ խնդիր չի տեսնում Արցախի չկարգավորված խնդրի առումով։ Իրանը ևս հետաքրքիր խաղացող է, որը շատ ցայտուն դեմ չի արտահայտվում, բայց զուգահեռաբար կառուցում է այլընտրանքային ճանապարհ: Այն կոչվում է Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհ, որը նաև անցնելու է Հայաստանով։ Այսինքն՝ բոլոր երկրները խաղում են, իրենց կարմիր գծերն են ներկայացնում, շահերն են առաջ տանում, և միայն Հայաստանն է, որ, ասես, ծովում հայտնված՝ առանց ղեկի նավ լինի, որը քամուց քշվում է այն կողմ-այս կողմ` որևէ կերպ չգիտակցելով, թե ինչպես կարող է ղեկը վերցնել իր ձեռքը։
Հայաստանն այսօր այդպիսի իրավիճակում է. արտաքին քաղաքականության մեջ մենք չունենք որևիցե դիմադրություն, և այս իշխանությունները կարող են միայն ներքին դիմադրության փորձերը ճնշել։ Նրանց բուն նպատակը ոչ թե Հայաստանի արտաքին շահերը սպասարկելն է, այլ իրենց խմբակի ներքին շահերը ապահովագրելը։
-Այս ձևաչափով, կարծես, դուրս է մղվում Արևմուտքի դերը, և Հայաստանը պետք է հասկանա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսվում, որքանո՞վ այն դրական ազդեցություն կունենա։
-Քանի որ այս ձևաչափը դեռևս սաղմնային վիճակում է, պետք է դիտարկել զարգացումները։ Կարծում եմ՝ Վրաստանի այդ մերժումը կարող ենք կապել նաև Արևմուտքի հետ։ Պարզ է, որ եթե այս խնդիրն ավելի լրջանա, ապա Արևմուտքն ավելի ցայտուն կերպով է իր անհամաձայնությունը հայտնելու։ Վարկած կա, որ Թուրքիան կարող է ներկայացնել Արևմուտքի շահերն այս ֆորմատում, սակայն, հաշվի առնելով ներկայիս լարվածությունը Արևմուտքի և Թուրքիայի միջև, դա շատ քիչ վստահություն ներշնչող թեզ է։ Այսօր, կարծում եմ՝ այո, այն ձևաչափը, որ ձևավորվել է Մինսկի խմբի համանախագահությամբ, դա թիրախավորում են Թուրքիան և Ադրբեջանը. տարիներ շարունակ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը բացահայտ քննադատում էին Մինսկի ֆորմատը, թե՝ ոչինչ չի կարողանում անել և այլն։ Եվ այս քայլով էլ, այո, այս ֆորմատը կչեզոքացվի։ Տարօրինակ է, որ Հայաստանը այստեղ կրավորական պահվածք է դրսևորում։ Չնայած Թուրքիայի ձգտումներին՝ այս պահին այս ֆորմատը շատ իրատեսական չէ, բայց եթե դեպքերը զարգանան, մենք ականատես կլինենք Արևմուտքի ոչ միայն կուլիսային, այլև բացահայտ դեմ քայլերին։ Չեմ կարծում, որ սա Ռուսաստանին էլ է շատ ձեռնտու, չնայած Ռուսաստանն առերես ասում է, որ դեմ չէ, բայց ,այնուամենայնիվ, ձևավորվելու է մի ֆորմատ, որտեղ Ռուսաստանը, փաստորեն, հավասարը հավասարի հետ քննարկելու է խնդիրներ Թուրքիայի հետ`այն տարածաշրջանի վերաբերյալ, որը համարվել է ավանդաբար ռուսական ազդեցության տարածք, որտեղ Թուրքիան չի ունեցել որևէ մուտք։ Եթե այս ձևաչափը լինի, ապա այն կլինի հետընթաց Ռուսաստանի համար։
-Նոյեմբերի 26-ին Սոչիում անցկացվելու է եռակողմ հանդիպում` Վ.Պուտինի գլխավորությամբ։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում հանդիպումից, արդյո՞ք հայ ժողովուրդը դարձյալ ականատես չի լինի մի նոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման։
-Այս իշխանությանը մնալու լիազորություն տվել են 680 հազար չկողմնորոշված և Հայաստանի շահերի դեմ տրամադրված քաղաքացիներ։ Ես նրանց երեք մասի եմ բաժանում. մի մասը չկողմնորոշված է, մի մասն առաջնորդվել է նախկինների հանդեպ կոմպլեքսներով, մի մասն էլ քաջալերել է այս իշխանությունների նման քայլերը։
Այս իշխանությունների մնալու պարագայում մենք ականատես ենք լինելու տարատեսակ կապիտուլյացիոն փաստաթղթերի շարունակական ի հայտ գալուն, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտների։ Ընդհանուր առմամբ, մեր պետությունը, հասարակությունը հիմա գտնվում են կապիտուլյացիոն ռեժիմի շրջանակներում։ Եվ այն մարդիկ, հասարակության այն շրջանակները, որոնք ուղիղ կամ անուղղակի, իբրև չտեսնելով խնդիրները, սատարում են այս իշխանություններին, հավասարաչափ մեղավոր են Հայաստանի այս կորուստների, պարտությունների, արձանագրված և ապագայում հնարավոր կորուստների համար։
Այնպես որ՝ Սոչիի հանդիպմանը Հայաստանը գնում է ոչ թե որպես գործոն, այլ Հայաստանը գնում է պարտված, թույլ բանակցային հիմքով։ Հայաստանը գնում է զիջելու մեծ պատրաստակամությամբ և դիմադրելու զրո ցանկությամբ։ Այս պարագայում ակնկալել դրական զարգացումներ Սոչիից հնարավոր չէ։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետության և ժողովրդի շահերը կարող են պայմանավորել տարածաշրջանում այլ խաղացողներով, եթե այդ այլ խաղացողների շահերը ինչ-որ առումով մերի հետ համընկնեն։ Այսինքն՝ այստեղ կա երրորդ խաղացողը` Ռուսաստանը, որը կարգավորելու է խնդիրը, և եթե Ռուսաստանի շահերը համընկնեն հայկական շահերի հետ, պետք է գոհ լինենք։ Բայց ակնկալել, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ հայկական բոլոր շահերը հասնեն արդյունքի, միամտություն է։ Եթե Հայաստանը չի պայքարում, եթե Հայաստանը վայր է դնում իր զենքերը բանակցություններից առաջ, ապա ակնկալել, որ որևէ դաշնակից լինելու է հայից ավելի հայ, կարծում եմ՝ չկա տրամաբանություն։
-Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, հիշենք Բեռլինի վեհաժողովից հետո Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքը` կապված թղթե շերեփի հետ։ Արդյո՞ք ներկայումս պատմությունը դարձյալ չի կրկնվի, և իշխանությունների թղթե շերեփը չի հալվի հարիսայի կաթսայի մեջ։
-Դա ակնհայտ է, որ Հայաստանի այս իշխանությունները որդեգրել են թղթե շերեփի արատավոր պրակտիկան. այն երկիրը, որը կարողանում էր պահել իր երկրի սահմանները և ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը մինչև 2018 թ.՝ ինչպես զենքի ուժով, այնպես էլ գործոն լինելով դիվանագիտության շնորհիվ, հիմա պատասխանատուները (լինի ԱԺ նախագահը, արտգործնախարարը, վարչապետը) հայտարարում են, որ այս ոտնձգությունների համար մենք պետք է բարձրացնենք հարցը այս կամ այն ֆորմատում և այլն: Այսինքն՝ Հայաստանն իր անվտանգությունը կրկին կապում է միջազգային տարատեսակ ֆորմատների գթասրտության հետ: Այնինչ՝ սա կոնկրետ խնդիր է. սահմանամերձ գյուղում ապրող բնակիչն ամենօրյա անվտանգության խնդիր ունի։ Մինչ այդ՝ իր բանակը և իր պետությունն իր անվտանգությունն ապահովում էին՝ թե՛ դիվանագիտությամբ, թե՛ ստրատեգիական բարձունքում զենք ունենալու միջոցով, թե՛ այլ։ Հիմա այդ գյուղացին պարտավոր է սպասել, թե ՄԱԿ-ում կամ մեկ այլ հարթակում ինչպե՞ս են քննարկելու, և արդյո՞ք այդ քննարկումը ազդելու է Ադրբեջանի՝ ցեղասպան տրամադրություններով հասարակության և այդ հասարակության ներկայացուցիչ հանդիսացող ադրբեջանցի զինվորի վրա, և արդյո՞ք իր անվտանգությունը դրանով լինելու է ապահովված։
Այնպես որ՝ կարծում եմ, որ Հայաստանը երեք տարվա ընթացքում ոչ միայն կորցրեց իր սուբյեկտայնությունը, այլև կորցրեց բնազդը՝ չտրվել թղթե շերեփին։
Լենա Կարապետյան