կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 12:46
Տարածաշրջան

Թուրքերը չեն ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ․ հարցում

Թուրքերը չեն ուզում  բարելավել  հարաբերությունները Հայաստանի հետ․ հարցում

Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանը, որը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, 2021 թ. հերթական զեկույցն էր հրապարակել, որում անդրադառնում էր Թուրքիայի քաղաքացիների վերաբերմունքին ներքաղաքական և արտերկրյա տարբեր հարցերի:

Ավելի վաղ նշել էինք, որ Թուրքիան Հայաստանին, Իսրայելին ու ԱՄՆ-ին համարում է իր համար ամենամեծ սպառնալիքները:

Զեկույցի «Աջակցություն հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերին» բաժնում երևում է, որ  թուրքերն ամենից քիչ ցանկանում են Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները` 66 տոկոսը չի ցանկանում, իսկ 14 տոկոսը կողմ է դրան: Թուրքերն ամենից շատ ցանկանում են լավ հարաբերություններ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Կիպրոսի հետ. Հայաստանն ամենավերջինն է:

«Նախընտրելի հարևան» բաժնում Հայաստանը նույնպես թուրքերի համար ամենաանցանկալին է. 20.6 տոկոսը կտրականապես չի ցանկանում Հայաստանի հետ հարևանություն, 33.2-ը չի ցանկանում:

Մեկ այլ հարցման համաձայն` դարձյալ «Քադիր Հաս»-ի, հարցվածների 36.3 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում հայամետ պնդումները թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր խնդիրն են. այս տեսակետը զիջում է միայն «Տարբեր դիրքորոշումներ ահաբեկչության դեմ պայքարում» պնդմանը (ԱՄՆ-ն աջակցում է քրդերին, որի դեմ պայքարում է Թուրքիան` անվանելով ահաբեկիչներ):

«Ռուս-թուրքական հարաբերությունների գնահատում» բաժնում «Ինչպես կգնահատեք թուրք-ռուսական հարաբերությունները հետեւյալ հարցերի շուրջ» հարցին 37.9 տոկոս հարցվածները պատասխանել են, որ կարևոր խնդիրներից է «Լեռնային Ղարաբաղի վեճը»: Ռուս-թուրքական հարաբերություններում ամենաքիչ կարևոր թեմաներից է հայ-թուրքական սահմանի բացումը

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն (ըստ կուսակցական դիրքորոշումների) կողմ են 34.3 տոկոսը, 32-ը՝ դեմ, մնացածը գաղափար չունեն այդ թեմայից: Ամենից շատ Հայաստանի հետ ցանկանում են հարաբերություն կարգավորել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` HDP-ն, հաջորդում է տասնամյակներ հայերին հալածած և հակահայկական քաղաքականություն վարած, գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցություն` CHP-ն, հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` AKP-ն՝ քիչ զիջելով քեմալականներին. Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն դեմ են, ինչպես և կարելի էր ենթադրել, «գորշ գայլերը»` «Ազգայնական շարժում» կուսակցությունը` MHP-ն: