Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշումը, թե ինչ պայմաններով են կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները և արդյո՞ք ընդհանրապես կկարգավորվեն, կկայացնի Թուրքիան։ Այդ մասին հունվարի 19-ին REGNUM-ի թղթակցին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերություն ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
«Հայաստանը երկար տարիներ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք եղել են հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հարաբերությունների կարգավորման հարցեր։ Բայց հետո ամեն ինչ լավ չգնաց հենց այն պատճառով, որ Թուրքիան նախապայմաններ դրեց։ Իսկ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերություններն առանց որևէ պայմանի։ Բայց Թուրքիան կարող է չհամաձայնել սդրան։ Այսինքն՝ խնդիրը հենց թուրքական դիրքորոշումն է»,- ասել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախապայմաններն են եղել՝ Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչման թեմայի քարոզից և Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը։ Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ հակասությունների սրությունը զգալիորեն նվազել է 2020 թվականի պատերազմի ժամանակ հայերի կողմից տարածքների զգալի մասի կորստից հետո։ Ուստի Ղարաբաղյան հիմնախնդիրն այլևս չի կարող լինել այնպիսի նյարդայնացնող գործոն թուրք-հայկական հարաբերություններում, որքան եղել է գրեթե 30 տարի։
Անդրադառնալով Ցեղասպանության թեմային՝ Ալեքսանդրովն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել դրանից։
«Իհարկե, Հայաստանն արդեն պատրաստ է Թուրքիայից չպահանջել Ցեղասպանության ճանաչումը։ Բայց Հայաստանը չի հրաժարվի այս հարցը համաշխարհային հարթակում առաջ քաշելուց և այլ երկրների խորհրդարանների կողմից այն ճանաչելուց»,- ասել է քաղաքագետը։
Միխայիլ Ալեքսանդրովն ընդգծել է, որ հարաբերությունները կարգավորելու որոշումը հենց Թուրքիան է ընդունելու, բոլոր առավելությունները նրա կողմն են, և ներկայումս շատ դժվար է ասել՝ Թուրքիան նման որոշում կկայացնի՞, թե՞ ոչ։