կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 16:08
Քաղաքական

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 4)

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 4)

«Սպիտակ թուղթը» իր գաղափարական հակառակորդներին պիտակավորում է «ոչմիթիզական», «առավելապաշտ», «անիրատես», «ցնորքների հետևից ընկնող» և այլն, սակայն ամբողջ գրքում ոչ  մի հղում, ոչ մի ուղղակի խոսք չկա, թե կոնկրետ ում են վերաբերում նրանց պիտակները։ Երեք հեղիկնաներն էլ գիտնականներ են՝ Այդաբիրյանը՝ միջուկային ինժեներ, Փափազյանը՝ քաղաքագետ, Լիպարիտյանը՝ պատմաբան, ուրեմն նրանք լավ գիտեն տեքստ գրելու մշակույթն ու էթիկան, և եթե դրանք չեն կիրառել «Սպիտակ թղթում», ուրեմն, Հայաստանն ու հայ հասարակությունը, որոնց ուղղված է գիրքը, այնքան հարգանքի արժանի չեն նրանց համար, ինչքան այն գիտական հանդեսները, որոնց պատշաճ հղումներով ու հիմնավորումներով տեքստեր կուղարկեին։

Կեղծիքները քողարկելով գիտական շղարշի տակ՝ փորձում են ավելի մեծ կշիռ հաղորդել «Սպիտակ թղթին»։ Ուրեմն ինչպե՞ս հավատանք մասնակիցների ընտրության պարկեշտության չափանիշին, երբ մասնագիտական տարրական պարկեշտություն չեն ցուցաբերում հենց հեղինակները։

Այսուհանդերձ, նրանց պիտակավորումներից ենթադրվում է, թե ինչին են նրանք «հիվանդություն» անվանում, որը պատրաստվում են բուժել Լիպարիտյան-Այդաբիրյան-Փափազյան «բժիշկները»։

1. «Հիվանդություն». Ղարաբաղը դուրս թողնել բանակցային գործընթացից։

Գրքում մի քանի անգամ կրկնվում է Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյան-ՀԱԿ-Փաշինյան֊ական այն մեղադրանքը, թե նա Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից. «Բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալը, օրինակ, այդ թերություններից մեկի ախտանշանն էր, որը թույլ տվեց, որ գերիշխի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական պատումն այն մասին, որ հակամարտությունը պետությունների միջեւ տարածքային խնդիր է»:

«Նախ՝ կարեւոր մի փաստ: Ղարաբաղի ղեկավարության դերն իր ապագան որոշելու հարցում սկսեց նվազել 1998 թ.-ին»:

Այս «կարևոր փաստը» հեղինակներն իրենց կողմից մտցրել են մասնակիցների գլխում։ Բայց սա փաստ չէ, կամ առնվազն փաստ է միայն Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան-Փաշինյան շրջանակների համար։ Չմտնելով քաղաքական կողմերի բանավեճերի մեջ՝ կարևոր է ներկայացնել այլ տեսակետ, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել մինչ 1998-ը՝ մինչ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալը։

Panorama.am կայքը մամուլի հրապարակումների հիման վրա հետազոտություն է արել, որում փաստվում է որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել մինչ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ, ապա նախագահ դառնալը։

Մի քանի մեջբերումներ․

ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայք» թերթը 1997թ․ 28 հունվարին «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով» վերտառությամբ հաղորդում է, որ Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀՇ կուսակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը հունվարի 26-ի Վեհաժողովում ելույթում ասում է. «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»:

«The Armenian Reporter»-ը 1997թ․ 25 հունվարին ներկայացնում է  ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի խոսքը. «Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության»:

«Լրագիր»-ը 1997թ․ 25 հունվարին ներկայացնում է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասյան հեռանկարները» խորհրդաժողովում արտահայտած մոտեցումները. «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ելույթ ունենալով»։ Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը 1997 թ․ փետրվարի 4-ին հաղորդում է , որ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Եվրոպայում աշխատանքային այցի ժամանակ «քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:

«Մոլորակ» թերթը 1997-ի հունվարի 30-ին հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ասել է․ «Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…։ Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական»։

«Հայք»-ը 1997 թ․ փետրվարի 8-ին հաղորդում է որ Ժիրայր Լիպարիտյանը «հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:

«Ռեսպուբլիկա Արմենիի»-ին 1997թ․  հունվարի 31-ին տված հարցազրույցում՝  հարցին, թե ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանում է. «Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց»:

Լրագրողն ասում է․ «Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա»: Լիպարիտյանը պատասխանում է․ «Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին 1997թ․  փետրվարի 22-ին տված հարցազրույցում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է. «Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։ Panorama.am-ից մեջբերումների ավարտը։

Բայց գլխավոր հարցը՝  Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի՝ ղարաբաղյան կարգավորման փուլային լուծմանը հենց դեմ էր Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովուրդը, և եթե դեմ էր, ինչո՞ւ են նրանք այդքան կրքոտությամբ խոսում Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու դեմ, չէ՞ որ, դուրս թողնելով, Ղարաբաղի ժողովրդին հաշվի չառնելով, ավելի հեշտությամբ կլուծեին իրենց փուլային ծրագիրը։ Հենց Տեր-Պետրոսյանն է խոստովանում BBC-ին տված հարցազրույցում, որ փուլային լուծումը չհաջողվեց ղարաբաղցիների պատճառով, թե իբր ղարաբաղցիները մաքսիմալիստ էին (տես՝«Первый президент Армении о распаде СССР и Карабахе»

Եվ տերպետրոսյանական շրջանակները սկսեցին հակաղարաբաղցիական քարոզչություն, որի բարձրակետը դարձավ 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչը․ «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Եվ երկրորդ՝ նրանց փաստարկն այն է, թե, Ղարաբաղը դուրս թողնելով բանակցություններից, կոնֆլիկտը վերածվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտության։ Բայց՝ ճիշտ հակառակը, իրենց փուլային լուծման մեջ Ղարաբաղը սուբյեկտ չէ, իսկ հետագայում ընդունված Մադրիդյան սկբունքները հիմնված են տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժ չկիրառելու սկզբունքների վրա, այսինքն՝ այդ փաստթղթով Ղարաբաղին տրվում է ինքնորոշման իրավունք, և նրա անկախության ճանաչման հնարավորություն է բացվում։ Ահա, թե ինչու Ալիևը 2016-ին ասում էր «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Շարունակելի

Վահան Իշխանյան

Մաս 1՝ այստեղ

Մաս 2՝ այստեղ

Մաս 3՝ այստեղ