կարևոր
457 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 16:46
Իրավական

Սա քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ընդդեմ անկախ կարծիքի, ընդդեմ խղճի ազատության, ընդդեմ՝ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման․ Մհեր Մելքոնյանը՝ Միքայել Սրբազանի կալանավորման մասին

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում պետականության հիմքերը պետք է հենվեն ոչ միայն օրենքի տառի, այլև՝ պետական մտածողության, ինստիտուցիոնալ արժանապատվության և բարոյական կայունության վրա։

Այսօր, ցավոք, մենք ականատես ենք մի գործընթացի, որը խախտում է այդ հավասարակշռությունը։ Խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, որոնք չեն կարող մեկնաբանվել միայն իրավական տեսակետից։ Որքան էլ փորձ արվի դրանք ներկայացնել՝ որպես օրինական ընթացակարգ, հասարակական ընկալումն այսօր այլ է։

Եվ այդ ընկալումը, վստահ եմ՝ բոլորիս համար հասկանալի է։

Մենք գործ ունենք հստակ քաղաքական պատվերի կատարման հետ, որը չի կարելի անտեսել կամ թաքցնել իբր  օրինականության շրջանակներում  իրականացվող գործընթացների հետևում։ Սա պարզապես անհատական հետապնդում չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ընդդեմ անկախ կարծիքի, ընդդեմ խղճի ազատության, ընդդեմ՝ եկեղեցու ինքնիշխան  դիրքորոշման։

Եվ սա պետք է հստակ արձանագրվի այս ամբիոնից՝ որպես քաղաքական գնահատական։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային հաստատություն, միշտ եղել է պետության գործընկեր, բայց երբեք՝ իշխանության սպասարկու։ Եվ երբ եկեղեցու առաջնորդն իր անհատական կամ հովվական խոսքում արտահայտում է այնպիսի դիրքորոշում, որը կարող է տարբերվել գործող իշխանության պատկերացումներից, դա ոչ թե հանցագործություն է, այլ ժողովրդավարության առողջ դրսևորում։

Իսկ երբ նման խոսքի հետևանքով գործի են դրվում ճնշման մեխանիզմներ, երբ փորձ է արվում խաթարել հոգևորականի հեղինակությունն ու ծառայությունը՝ սա արդեն լուրջ սպառնալիք է՝ թե՛ հասարակական ներդաշնակության, թե՛ պետության իրավական համակարգի համար։

Սիրելի հայրենակիցներ,

Պետությունն ունի սահմաններ։ Այդ սահմաններից մեկն էլ՝ հոգևոր կառույցների անկախությունն է։

Մյուսը՝ խոսքի ազատությունն է։

Եվ ամենակարևորը՝ պետության բարոյական ինքնակարգավորումը, որն էական է իշխանության լեգիտիմության համար։

Այս տեսանկյունից ստեղծված իրավիճակը վտանգավոր նախադեպ է։ Որովհետև վաղը այս գործելաոճը կարող է ուղղվել ոչ միայն հոգևոր, այլ՝ ակադեմիական, լրագրողական, մանկավարժական համայնքի դեմ։

Եվ այդ օրը մենք բոլորս կշարունակենք լռել, թե՞ այսօր կձևավորենք քաղաքական կամք՝ կանգնեցնելու այս հակաօրինական գործընթացը:

Ես կոչ եմ անում՝

դադարեցնել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումները՝ Սրբազանների  նկատմամբ, ապահովել լիարժեք թափանցիկություն և իրավական պրոցեսների քաղաքական չեզոքություն, դատապարտում եմ եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական բռնաճնշումները, և ի վերջո պետք է վերականգնել հասարակական վստահությունը՝ պետական ինստիտուտների նկատմամբ։

Պետությունը՝ ուժեղ է, երբ կարողանում է հանդուրժել կարծիքը և երբ չի շփոթում դիրքորոշումը՝ ապակայունացման հետ։

Իշխանությունը, եթե ցանկանում է լինել ժողովրդավար, պետք է կարողանա հաղթահարել իր ներսում ձևավորվող վախերը՝ այլախոհության նկատմամբ։ Հակառակ դեպքում, մենք կընկնենք ավտորիտար ռեժիմի հորձանուտի մեջ, որից դուրս գալը հետագայում կարող է լինել ոչ միայն դժվար, այլ՝ ցավոտ։

Երեկ դատախազ Արման Բաղդասարյանը պահանջեց  2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ 

Պետք է հիշեցնեմ, որ նման նախադեպային գործով Վազգեն Մանուկյանին տուգանք էր սահմանվել 400000 դրամի չափով:
Մեր պետությունը չի կարող լինել ուժեղ՝ եթե նրա հիմքում կասկած կա բարոյականության, արդարության և ազատության հանդեպ։

Աստված օգնական, Սրբազան Հայրեր....

Շնորհակալություն։