կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 15:58
Քաղաքական

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 6)

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 6)

Եթե ցնորքներից խոսենք, ապա 1988–ից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը հասավ այնպիսի կետի, որ անհնար դարձավ Ադրբեջանում հայկական որևէ բնակավայրի գոյությունը, և Լիպարիտյանի գաղափարը՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարությունը հենց ցնորք է, կամ էլ եթե ցնորք չէ, ապա այդպիսի ինքնավարություն հնարավոր է առանց հայ բնակչության։

Մեր աչքի առաջ եղավ Լիպարիտյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մոդելը։ Ինչո՞ւ դատարկվեցին ու հայաթափվեցին հայկականության բնօրրան Հադրութը, Շուշին. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի Հադրութի, Շուշիի ու մյուս շրջանների գյուղերի այն հայերին, որ չէին թողնել իրենց տները, չէին փախել, ադրբեջանցիները սպանեցին (տես՝  «Գենադի Պետրոսյան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշեն» հաղորդումը, թե ինչպես Մադաթյանը չի լքում Ասկերանի շրջանի Մադաթաշեն հայրենի գյուղը, և ադրբեջանցիները, նրան բռնելով, մորթում են ու սպանության տեսագրությունը տարածում համացանցում։ «Մարիա Ասրիյան․ ապրել՝ եղբոր դաժան սպանության ցավը սրտում» հաղորդումը, որ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Յուրի Ասրյանին ադրբեջանցիները գլխատում են[2]

Հայկական ծագումով՝ ռուս պատմաբան Օլեգ Այրապետովը (Олег Айрапетов) ասում է «Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո՝ մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը, եթե ամփոփենք արդյունքները, կստացվի, որ Հայաստանը մտավ պատերազմի մեջ որպես միասնական ժողովուրդ, որպես հայեր, իսկ այս քսան տարիներին նրանք բաժանվեցին «ղարաբաղցիների» և «հայաստանցիների», իսկ Ադրբեջանը պատերազմի մեջ մտավ որպես անմիաբան ժողովուրդ, նրանք նախիջևանցիներ էին, կիրովաբադցիներ, թաթեր, լեզգիներ  և այլն։ Աւնենալով միասնական թշնամի՝ ի դեմս հայերի, նրանք միավորվեցին և դարձան միասնական մեկ ազգ»։

Այսպիսով՝ Արցախն ուներ միասնական քաղաքական դիրքորոշում, իսկ Հայաստանում միասնական դիրքորշումը փլուզվեց, երկփեղկվեց, որի արտահայտությունը եղավ այն, որ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, նույնիսկ պատերազմում հաղթանակը չնպաստեց Արցախի անկախության ճանաչմանը, քանի որ իշխանության ղեկին էին անձինք, որոնք դեմ էին այդ անկախությանը։ Այդ անձանցից մեկը, այդ քաղաքականություն մշակողներից մեկն էլ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյաննն էր։ Եվ եթե Հայաստանն ունենար 1988-ի միասնական դիրքորոշումը, ապա Արցախի անկախությունը կճանաչեր 1991 թվին կամ 1994-ին՝ հաղթանակից անմիջապես հետո, և Մադրիդյան սկզբունքները ոչ թե 2007-ին կընդունվեին, այլ 1994–1995-ին, և շատ ավելի նպաստավոր ձևակերպումներով Հայաստանի ու Արցախի համար, իսկ Արցախի անկախությունն էլ կճանաչվեր շատ երկրների կողմից։ 

Եվ եթե Լիպարիտյանը Արցախի անկախությունը անիրատեսական ու պատրանքային է որակում, ապա այն անիրատեսական դարձնողներից մեկը ինքն է։

Վերադառնալով Ռուսաստանի դիրքորշմանը. այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, թե իրենք եթե Ղարաբաղը հանձնող լինեին՝ կհետևեին Լավրովի պլանին («Դուք կարծում եք, որ հանձնել ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակությունն էլ նույն մոտեցումն ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ «Լավրովի պլանը»), Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչեւ 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետեւյալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ - ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտացոլող եւ իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։ Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեն: Այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության չեն արժանացել, միևնույն ժամանակ չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում ՝ ոչ Ռուսաստանի  Դաշնության  մեղքով»[5]։

Այսպիսով՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը կյանքի կոչվելու դեպքում ինքը կընդուներ Ղարաբաղի անկախ կարգավիճակի հնարավորությունը, և որ Հայաստանի կողմից բանակցությունները տապալելու արդյունքում է պատերազմը սկսվել։

«Սպիտակ թուղթը» Ռուսաստանին ուղղակիորեն մեղադրում է պատերազմին համաձայնություն տալու մեջ. «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը սանձազերծելու մասին որոշումը, ըստ էության, կայացվել է Թուրքիայի կողմից եւ համաձայնեցվել Ռուսաստանի հետ»։ Թեև այս նախադասությունը դրված է մասնակից մտավորականների բաժնում (կրկին հիշեցնենք՝ գիրքը չի հայտնում, թե նրանցից ով կամ ովքեր են  սա ասել), բայց ոչ միայն փորձ չի արվում հերքելու, այլև հեղինակներն այն  ծանոթագրել են՝  «հիմնավորելու» համար այս պնդումը. «Այն արագությունը, որով Ռուսաստանը կարողացավ տեղակայել իր խաղաղապահ ուժերը՝ սարքավորումների հետ, կարող է վկայել պատերազմի մասին վաղ, նախնական տեղեկացվածության եւ առաքելությանը պատրաստ լինելու մասին»:

Բայց փաստերը այլ բան են ասում, պատրերազմից մոտ մեկ ամիս առաջ ՀԱՊԿ-ը նախազգուշացրել է հնարավոր պատերազմի մասին և 2020 թվի սեպտեմբերի 1-ին առաջարկել է սեպտեմբերի 15-ին զորավարժություններ անցկացնել, ինչը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից (ՀԱՊԿ-ի փաստաթուղթը այստեղ, իսկ այդ թեմայով վերլուծությունը այստեղ

Շարունակելի

Վահան Իշխանյան

Մաս 1՝ այստեղ

Մաս 2՝ այստեղ

Մաս 3՝ այստեղ

Մաս 4՝ այստեղ

Մաս 5՝ այստեղ