կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 16:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք դեսպանի կարիք չկա, ՀՀ կառավարությունը Թուրքիայի շահերը սպասարկում է շատ ավելի լավ, քան կարող է անել որեւէ դեսպան․ Ղազարյան

Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն բացելու, թուրք բանագնաց նշանակելու կարիք չկա, Հայաստանի կառավարությունում աշխատում են մարդիկ, որոնք լավագույնս սպասարկում են Թուրքիայի շահերը: Այս կարծիքին է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում Ղազարյանը շեշտեց՝ Հայաստանի իշխանության ղեկին նստածները Թուրքիայի շահերը սպասարկում են շատ ավելի լավ, քան կարող է դա իրականացնել որեւէ դեսպան:

«Հայաստանի իշխանությունները 2018թ. սպասարկում են ադրբեջանա-թուրքական օրակարգ եւ Հայաստանի ազգային շահերի հաշվին հնարավորություն տալիս, որ իրականացվեն թուրք-ադրբեջանական նպատակները: Արցախը թշնամուն հանձնելուց հետո հանձն են առել մի գործընթաց, որով կործանման են տանում հայոց պետականությունը»,- ասաց նա:

Թուրք-ադրբեջանական կողմից, ըստ դեսպանի, Հայաստան է գալիս միայն ագրեսիա, եւ այդ պարագայում մեր իշխանությունների՝ թուրքերին հաճո տրամադրությունները ուղղակի ազգադավ, ազգակործան ծրագրի մի մասն են եւ որեւէ աղերս չունեն դիվանագիտության ու երկկողմ հարաբերությունների հետ:

Ղազարյանի կարծիքով՝ Թուրքիայի հետ սերտանալու, հարաբերությունները կարգավորելու գինը մի շարք զոհողություններով է լինելու: Ասում է՝ պետք է ընդամենը հետեւել թուրք պաշտոնյաների հայտարարություններին․ նրանց օրակագում պահպանվում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր նախապայմաններրը:

«Գնալ նրանց հետ համագործակցության՝ նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի կազմի մեջ, իրենց պատկերացումներով, մտնում է նաեւ Արցախը, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունից հրաժարումը, Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ կայուն երաշխավորված կապի ապահովումը: Եթե թուրք-ադրբեջանական նախապայմանները շարունակում են մնալ օրակարգում, եւ հայկական կողմը համաձայնում է ու վարչապետի մակարդակով Վրաստանի վարչապետին խնդրում հանդիպում Թուրքիայի ղեկավարի հետ ու ստանում բացասական պատասխան, նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է թուրքական նախապայմաններին»,- մեկնաբանեց դեսպանը:

Խոսելով Փաշինյան-Ալիեւ բրուսելյան հանդիպման արդյունքներից՝ Ղազարյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Ալիեւն ու Փաշինյանը այլեւս հավասարազոր գործիչներ չեն․ Ադրբեջանի ղեկավարը թելադրողի դերում է, իսկ Փաշինյանը՝ կատարողի:

«Որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ունենային հավասար կարգավիճակ եւ կարողանային բանակցել, այլ ոչ թե մեկը կատարեր մյուսի հանձնարարությունն ու պահանջները, Հայաստանում պետք է տեղի ունենար իշխանափոխություն: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանության ղեկին մնալ, ուստի  Ալիեւի հետ նրա հանդիպումները բանակցության բովանդակություն չունեն եւ չեն կարող ունենալ: Ալիեւը միայն ներկայացնում է պահանջներ, Փաշինյանը հնազանդ կերպով կատարում է, առանց որեւէ առարկության: Նա մեր երկրի միջպետական ճանապարհը հանձնել է թշնամուն եւ կտրել Կապան համանքի մեջ մտնող բնակավայրերը Կապանից»,- նշեց Ղազարյանը:

Դեսպանը շեշտում է՝ Արցախը վերջնականապես հանձնվել է թշնամուն, եւ դրա մասին ոչ ոք չի խոսում: Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին եւ տեղի բնակչությանը, Փաշինյանին այլեւս չի հուզում, նա այն հանձնել է թշնամուն, եւ, ցավոք, չի կանգնեցվել նրա ազգադավ գործունեությունը. Արցախի ճակատագիրը սպասում է Սյունիքին:

Մանրամասները՝ տեսանյութում

                                                                         Լիանա Սարգսյան