կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 14:25
Քաղաքական

«Ակցիզային հարկի մասին» օրենքը սպասարկում է բենզին ներկրողների շահերը. Արծվիկ Մինասյան

«Ակցիզային հարկի մասին» օրենքը սպասարկում է բենզին ներկրողների շահերը. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ-ում «Ակցիզային հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դիտարկումներ, որոնք ուղղված էին ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:

«Չգիտեմ` ինչո՞ւ եք այս բեռը վերցրել Ձեզ վրա, կամ ինչո՞ւ են այս բեռը գցել Ձեզ վրա, պարո\'ն Միրումյան, որովհետև սա ակնհայտ հակատնտեսական, մեր տնտեսությանը հակադրվող նախաձեռնություն է: Որքան էլ փորձեք ասել, որ սպառողի վրա քիչ է բեռը, բոլորովին էլ այդպես չէ: Քանի որ տեղի է ունեցել գների բարձրացում, հետևաբար, ինդեքսավորման անհրաժեշտություն կա: Ձեր ասած այն միտքը, որ տոկոսով է փոխվում, և եթե գները բարձրացել են, հակասում է տրամաբանությանը. այդ նույն տոկոսները նաև գներին են վերաբերում: Թույլ տվեք չհամաձայնել Ձեր այս հիմնավորումների հետ»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև, որ այս նախագծով ի ցույց է դրվում, որ սպասարկվում են բենզին ներկրող մարդկանց շահերը: «Ինքներդ ձեզ մեղադրանք եք ներկայացնում առ այն, որ սպասարկում եք բենզին ներկրող մարդկանց շահերը: Դուք խրախուսում եք բենզինի, դիզվառելիքի իրացումը: Եթե փորձում եք ներկայացնել բոլոր ուղղությունները, այդ դեպքում որտե՞ղ է գարեջուրը: Գարեջուրը քի՞չ է, թե՞ մեր ռազմավարական ոլորտներից է: Այս նախագիծը չի կարող այստեղ նույնիսկ քննարկման առարկա լինել, որովհետև բացասական սպասումներն են խթանվում: Խնդրում եմ այս նախագծի քննարկումը ԵՏՄ-ով չհիմնավորել, քանի որ ԵՏՄ-ից առաջ մենք ասում էինք, որ ունենալու ենք մրցակցային առավելություն»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա` հիմա հակառակ փաստարկ է ներկայացվում, թե սա ԵՏՄ-ի հետ կապ ունի: «Եթե նպատակը բյուջե համալրելն է, ապա ակնհայտ է, որ սա այս տարի չի համալրելու բյուջեն: Եթե հաջորդ տարվա համար է, ո՞նց կարելի է այս բացասական սպասումների ֆոնին նման բան քննարկել»,- ասաց պատգամավորը:

Վախթանգ Միրումյանն արձագանքեց` նշելով. «Առաջին հարցի հետ կապված` նշեմ, որ այս հիմնավորումը չէր վերաբերում ալկոհոլային խմիչքներին, այլ վերաբերում էր դիզելային վառելիքին և բենզինին»:

Փոխնախարարը նշեց, որ այս նախագիծը չի կարող խրախուսել բենզինի ներկրումը, որովհետև ակնհայտ է, որ վարորդներն ավելի շատ գազով են մեքենա վարում, քան բենզինով:

«Գարեջրի հետ կապված` մեր դրույքաչափն ավելի բարձր է: Միջին դրույքաչափը 86 դրամ է ԵՏՄ-ում, իսկ մեզ մոտ` 105 դրամ»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Ինչպե՞ս եք հիմնավորում մի բան, որում ինքներդ էլ համոզված չեք: Ավելի լավ է` անկեղծորեն ասեք` ինչի համար է սա: Այս ամենում ռիսկային գործոններ կան: Կենսամակարդակի անկման մասին ևս չպետք է մոռանալ: Մենք չպետք է միայն մտածենք բյուջեում փող դնելու մասին»:

«Սա չունի այնպիսի տնտեսական լուրջ ազդեցություն, որը Դուք ներկայացնում եք»,- պատասխանեց Միրումյանը: