կարևոր
3067 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 15:20
Քաղաքական

Փաշինյանին հայ ժողովուրդն է սխալ հասկանում, որովհետև նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը. Մոսիյան

Փաշինյանին հայ ժողովուրդն է սխալ հասկանում, որովհետև նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը. Մոսիյան

«Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաեւ հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԱՀ ԱԺ խմբակցությունները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խոսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններն անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման  խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:

«Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինյանին որեւէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետեւ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպեում իրեն հակասում է»,- նշել է Մոսիյանը:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության  ճանաչում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, խմբակցության ղեկավարը մեկնաբանել է.

«Նա մանիպուլյացիա է անում, իբր թե հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որում Հայաստանը Արցախի մասին վերապահումով է վավերացրել, բայց չգիտես՝ ինչու նա դա չի ասում. ոչ ինքն է ասում, ոչ էլ Ալիեւը, որովհետեւ իրենք Արցախի հարցում համակարծիք են: Իսկ Մադրիդյան սկզբունքներն աշխատանքային փաստաթուղթ է, նա վավերացված չէ: Մադրիդյան սկզբունքներին հղում է անում տարածքային ամբողջականության մասով, որի հետ Արցախը երբեք կապ չի ունեցել: Նա մոռանում է ինքնորոշման մասին խոսել, ինքնորոշման իրավունքը աշխարհն այլ կերպ է հասկանում, Նիկոլ Փաշինայնն ու Ալիևն՝ այլ»: