կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 21:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիպարիտյանը ստորաբար ստում է՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը պղծելով․ Հրայր Կարապետյան

Մարդիկ, որ Վազգենի կյանքի վերջին օրերին շփվել են նրա հետ կարող են վկայել՝ Վազգենը երբեք չի փոշմանել, թե ինչու 1997 թ-ին չհանձնեցին Արցախը, Լիպարիտյանը ստորաբար ստում է, որ ազդի մարդկանց տրամադրությունների վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը՝ խիստ վտանգավոր համարելով Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հնարքը՝ խոսել սպանված մարդու՝ Վազգեն Սարգսյանի մասին և ստել, իբրև թե նա մահվանից 3 շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ից վերադարձել է, Ժիրայր Լիպարիտյանին ասել է, թե սխալ է արել, երբ ասել է՝ «հնարավոր չէ զինվորի արյամբ գրավածը գրչով վերադարձնել»։

«Մահացած մարդու մասին է խոսում, որ չկարողանա հերքել, այնպիսի բան է ասում, որ ոչ ոք չի կարող ստուգել, այնինչ Վազգեն Սարգսյանը այն մարդը չէր, որ ԱՄՆ գնալ-գալուց հետո փոխվեր, դառնար ապազգային»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Իսկ թե ով էր Ժիրայր Լիպարիտյանը՝ Հրայր Կարապետյանը գիտի դեռ այն ժամանակներից, երբ Հրայր Մարուխյանը նրան արտաքսեց Դաշնակցությունից իր հենց այս՝ թրքամետ, կեցվածքի համար։ Մինչ այդ Լիպարիտյանը դաշնակցական էր և մի քանի տարի ղեկավարում էր ՀՅԴ Բոստոնի արխիվը։

«Ժիրայր Լիպարիտյանը 90-ականների սկզբին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը որոշողը և, կարծում եմ, դա նույնպես ծրագրված էր, որովհետև բոլորին էր քաջ հայտնի, և չէր կարող չիմանալ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Ժիրայր Լիպարիտյանը արտաքսվել է ՀՅԴ-ից հենց այն պատճառով, որ նրա տեսակետները լրիվ հակառակ են եղել մեր գաղափարախոսությանը՝ Հայ դատի սկզբունքներին, պահանջատիրությանը և այլն, մանավանդ նրա թրքամետ կեցվածքը այդ օրերին շատ հարկավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի կարողանար իր ապազգային ծրագրերն իրականացնել։ Բավական է հիշել, որ այն տարիներին նույնիսկ գաղտնի հանդիպումներ են եղել Թուրքիայի ծայրահեղական շրջանակների՝ «Գորշ գայլերի» ղեկավարների հետ, և կարծում եմ նաև դրա հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը որդեգրեց Դաշնակցության և ազգային ուժերի դեմ անհանդուրժողական դիրքորոշումը, Սփյուռքի օտարումը և ապազգային մոտեցումները Արցախի հարցում»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Նա չի բացառում, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարած երկկողմ բանագնացներից հայկական կողմինը լինի հենց Ժիրայր Լիպարիտյանը, եթե ոչ իր դեմքով, ապա թեկուզ Ռուբեն Ռուբինյանի թիկունքում։

Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց, որ ինքը լավ դիվանագետ է, մինչդեռ ՀՀ արտակարգ դեսպանորդ Հրայր Կարապետյանն ասում է՝ դիվանգետը նա է, ով երդում է տվել և ծառայում է իր երկրին, իսկ եթե դիվանագետը ծառայում է ոչ պետական, ազգային շահերին, ապա նա դիվագետ չէ, նա լրտես է։

Ժիրայր Լիպարիտյանը մի քանի օր տարբերությամբ հարցազրույցներ տվեց «Ազատություն» ռադիոկայանի նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական ծառայություններին։

«Հարցազրույցը ծայրից ծայր սուտ է, ծայրից ծայր մանիպուլյացիա է»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Եվ նա չի հասկանում, թե այդ մարդուն ինչպես կարող է հանդուրժել ՀՀ քաղաքական դաշտը։

«Որտեղ կա հայրենադավ գործունեություն՝ այնտեղ կա Ժիրայր Լիպարիտյանը։ Սա ևս մեկ ապացույցն է նրա, որ Դաշնակցությունը արդեն քանի տարի է ասում է, որ ծրագիր է իրականացվում Հայաստանը թրքացնելու, Արցախը սահմանազատման, սահմանագծման, խաղաղության պայմանագրերի անվան տակ վերջնականապես հանձնելու Ադրբեջանին և հայաթափելու, և այստեղ է, որ Ժիրայր Լիպարիտյանը իր ծառայությունները պիտի մատուցի Հայաստանի օրվա իշխանություններին, և այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները երևում են»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Նա հիշեցրեց Նժդեհի խոսքը, որ ամենավտանգավորը թուրք-թշնամին չէ, այլ թրքահաճո հայերը։

Հենց սա է նրան անհանգստացնում, որ այսօր Ժիրայր Լիպարիտյանը փորձում է Նիկոլ Փաշինյանի պատվերը կատարել և Հայաստանի վաղվա-մյուս օրվա ամբողջական կապիտուլյացիան պատրաստել։

Այնինչ Հրայր Կարապետյանը համոզված է, որ Ժիրայր Լիպարիտյանը խաբում է, երբ ասում է, որ Արցախի Հանրապետության անկախացումը անհնար է, որովհետև Կոսովոյի հետ միասին աշխարհում շատ ու շատ այդպիսի նախադեպեր կան և կլինեն, վաղն էլ Շոտլանդիան է պատրաստվում անկախության հանրաքվեի, և լինելու են ազգային ինքնորոշման բազմաթիվ դրսևորումներ և չի էլ բացառվում, որ Արցախն էլ դրա մի արտահայտությունը լինի․ սրա համար ամեն կերպ պետք է կանխել այս թրքացման գործընթացը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․