Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յոթնամյա Կարոտի մոտ շատ հարցեր անպատասխան կմնան: Ի՞նչ պետք է պատասխանի նրա բազմաթիվ հարցերին մայրը: Պետք է ասի ճշմարտությունը: Սակայն ճշմարտությունն այնքան դառն է...
Կարոտի մանկական պատկերացումներում չար մարդկանց պատժում են, վատերը վերջում մահանում են եւ հաղթում է բարին, բայց չէ՞ որ նրա հայրը հերոս էր: Հաղթած հերոս, ով ուզում էր, որ իր եւ իր ընկերների հաղթանակը շարունակվի նաեւ խաղաղ պայմաններում` հողի հետ «կռիվ» տալով: Կարոտի պատկերացումներում նա կմնա որպես հերոս-հայր, բայց նա չի հասկանա, թե ինչպես է լինում, որ դավաճանները փթթում են, իսկ հերոսները մահանում:
Հիրավի նախանձելի է հերոսի մահով` ռազմի դաշտում զոհվելը: Հրաչ Մուրադյանը, ով, անշուշտ, արժանի չէր նման մահով ավարտելու իր հերոսական կյանքը, ընկավ դավաճան հայի դավադիր գնդակից: Ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյան գյուղի բնակիչներն իրար «բարի լույս» այդպես էլ չասացին: Ո՛չ օրն էր բարի, ո՛չ էլ բարևելու սիրտ ունեին: Հրաչ Մուրադյանի մահվան բոթը կրակված փամփուշտի արագությամբ տարածվեց սկզբում ամբողջ գյուղով, հետո` ամբողջ Հայաստանով: Նա այն քիչ ղեկավարներից էր, ով ինքնուրույն էր համայնքը ղեկավարելու գործում: Հազվադեպ է լինում, երբ ժողովուրդը համակրում է իր ղեկավարին: Իսկ Պռոշյան գյուղի բնակիչները, իրոք, հարգում և սիրում էին նրան:
- Բայց ի՞նչ չի արել էդ մարդը մեր գյուղ համար: Ասֆալտն արե՞ց, արեց, գերեզմանոցում ջուր քաշե՞ց` քաշեց, օգնե՞ց մանկապարտեզը, դպրոցը, մարզադպրոցը, պոլիկլինիկան վերանորոգելու համար բարերարներ գտնել՝ օգնեց: Գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող կիսանդրիներ դրեց: Գյուղում որքան սոցիալապես անապահով ընտանիքի ուսանող կար, բոլորի ուսման վարձերը փոխանցեց: Ամեն ինչ անում էր իրա գյուղի համար, ամեն ինչ,- ասաց գյուղացիներից մեկը:
- Էսքան ժամանակ ինչ հարցով մարդ մտել ա մոտը, մերժում չի ստացել: Անգամ էն մարդիկ, ովքեր հաստատ իրան դեմ էին քվեարկել ընտրություններին,- վրա բերեց մյուսը:
- Հրաչը իսկական կռվող էր, հերո՜ս էր, հերո՜ս: Ինչ տեսակ կրակների միջով ասես, որ անցավ, եկավ հասավ ըստեղ, որ գլուխը դնի սառը ասֆալտի՞ն, էն էլ հայի ձեռո՞վ,- արցունքներն աչքերին ասաց համագյուղացիներից մեկը:
Օրինակելի հայ զավակ էր, հայրենասեր, աշխատասեր, ազգի նվիրյալ, հրաշալի հայր, ամուսին, հերոս և իսկական ընկեր: Այսպիսի կարծիքներ հայտնեցին բոլոր այն մարդիկ, ում հետ ես զրուցեցի՝ բոլորն անխտիր: Համագյուղացիները դեռևս չէին հավատում կատարվածին, պարզապես չէին ցանկանում համակերպվել իրողությանը: Անգամ երթուղային տաքսիում, որի վերջին կանգառը Պռոշյանն է, բոլորը լուռ էին, լուռ ու գլխիկոր: Գյուղացիների աչքերի մեջ քարացած հարց էր նշմարվում՝ էս ի՞նչ եղավ… «Հրաչը արժանի չէր այս տեսակ մահով մեռնելու: Հերոս տղա էր, բայց ստորաբար սպանեցին»:
Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963թ. հուլիսի 1-ին Սիրիայում: 1966-ին ընտանիքով տեղափոխվել էին Պռոշյան գյուղ: Ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում: 2005-ից Պռոշյան համայնքի ղեկավարն էր: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր և երկու որդի: 1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը և մեկնել Արցախ` պայքարի հենց առաջին օրերից: Ազատամարտի հերոսներից էր: Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի: Այս թոհուբոհի միջով անցած Հրաչ Մուրադյանը զարկվեց այն հողի վրա, որի համար չխնայեց ոչինչ, ամեն ինչ տվեց, բացի կյանքից… Դա էր մնացել, դա էլ տվեց, բայց հայրենիքին չէ՝ դաժան ոճիրին: Եվ ի՞նչ են տանում մարդիկ իրենց աղմկոտ կյանքից ՝ սուրբ լռության գեթ մեկ րոպե: Քեզ էլ դա մնաց, ընկե՛ր Հրաչ: Փա՜ռք ու պատի՜վ քեզ իմ դաստիարակ ընկեր, իմ սիրելի գյուղապետ:
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ
ՖԿՀՊ ինստիտուտի 4 –րդ կուրսի ուսանողուհի