կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-18 10:18
Քաղաքական

«Յան»-ով ազգանվամբ Ժ. Լիպարիտյանը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը. թուրքագետ

«Յան»-ով ազգանվամբ Ժ. Լիպարիտյանը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը. թուրքագետ

Ժիրայր Լիպարիտյանը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը,  սպառնալիք էր, երբ իշխանության մեջ էր, սպառնալիք էր իշխանությունից դուրս, և սպառնալիք է հիմա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան,  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի՝ Արծվիկ Մինասյանը 30 տարի ասում է` մորթվելու ենք, ինքը մորթվե՞լ է։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի` երբ Ժիրայր Լիպարիտյանն ասում է, թե Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չի տեսնում, պետք է հասկանալ` Ժ. Լիպարիտյանը խոսում է որպես ԱՄՆ-ում ապրող մե՞կը, ով Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չի տեսնում, թե՞ խոսում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակիչների անունից, երբ նրանք ամեն պահի կարող են գերի ընկնել:

«Ժիրայրլիպարիտյաններ եղել են նախկինում, եղել են 1915 թ։ Ցավոք, այդ տեսակը միշտ էլ կա։ Ժողովուրդը այդ տեսակի գնահատականն արդեն տվել է», - նշեց նա։

Ռ. Մելքոնյանը Ժ. Լիպարիտյանի հարցազրույցը դիտել  է  ճիշտ այն տրամադրվածությամբ, ինչպես դիտում է  Էրդողանի և Ալիևի ելույթները։

«Տեսանելի էր, թե ովքեր էին Ազգային ժողովում լայն ժպիտներով նրան ուղեկցում։ Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որն ասում էր, թե կարևոր է Արցախում ապրող հայերի անվտանգությունը, բայց ոչ՝ կարգավիճակը, ինչի համար 30 տարի պայքարել ենք։ Ժ. Լիպարիտյանին ուղեկցում էր պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը ջերմեռանդ ջանքեր էր գործադրում հայ-թուրքական տարատեսակ ծրագրերի, դասագրքերի ստեղծման և այլնի հետ կապված։ Իսկ այդ տեսակետներն անընդունելի են` օբյեկտիվ հայաստանակենտրոն շահերի տեսանկյունից»,- փաստեց թուրքագետը։

Ըստ Ռ. Մելքոնյանի` պարզ էր, որ Ժ. Լիպարիտյանի կողքին լինելու էին այդպիսի մարդիկ, և չէին լինելու Արցախը ազատագրած գեներալներ, չէին լինելու Արցախի համար պայքարած տարբեր գործիչներ։

Անդրադառնալով հայտարարությանը, թե Արծվիկ Մինասյանը 30 տարի ասում է` մորթվելու ենք, ինքը մորթվե՞լ է, Ռ. Մելքոնյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանը չի մորթվել, բայց մորթվել են «յան» ազգանվամբ մարդիկ. թո՛ղ նայի տեսագրությունը, թե 44-օրյա պատերազմում ինչպես էր մորթվում տարեց հայ տղամարդը, ինչպես էին մորթվում հայ զինվորները։

«Ժիրայր Լիպարիտյանը փորձում է ապացուցել՝ եթե Արծվիկ Մինասյանը ողջ է, ապա նրա ասածը սուտ է։ Արծվիկ Մինասյանը խոսում է հայի մորթվելու մասին, իսկ Ժ. Լիպարիտյանի տեսակետները հայերեն հնչող,  «յան»-ով ավարտվող ազգանվամբ մարդու կողմից են, բայց կապ չունեն հայ ազգի շահերի և Հայաստան պետության հետ»,- եզրափակեց բանախոսը:  

 

                                                                                Լենա Կարապետյան