կարևոր
6025 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-13 15:29
Քաղաքական

Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի-«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի-«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

7or.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի զանգվածային մտաթունավորման թիվ մեկ քարոզչազենքով՝ Հ1–ով, հարցազրույց էր տալիս ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը: Թե ինչո՞ւ էր այս անգամ Ժիրայր Լիպարիտյանն իր ապահով հեռուներից «գաստրոլների» եկել, պարզ դարձավ գրեթե միանգամից: Եկել էր Նիկոլ Փաշինյանի «գիծը» քարոզելու, Բրյուսելի հանդիպումից առաջ նրան ստորագրության խրախուսելու և հանրության (եթե լսող կար) լսելիքին լապշա կախելու, այսինքն՝ մոլորեցնելու և հեքիաթներ պատմելու:

Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Ժիրայր Լիպարիտյանը Լիսաբոնի տակ է մնացել: Խոսքը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, այդ գագաթաժողովում Ղարաբաղյան հակամարտության թեմայով զարգացումների և Լևոն Տեր–Պետրոսյանի կիրառած վետոյի մասին է:

Ժիրայր Լիպարիտյանն այն ժամանակ ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, այլև լուրջ դերակատարում ուներ բանակցային գործընթացում:

Եվ ահա այս անձնավորությունը, որը նախօրեին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում բացահայտորեն ադրբեջանաթուրքական քարոզչություն էր իրականացնում, 24-25 տարի առաջ կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում: Այսինքն, ենթադրելի է, որ նա դեռևս այն ժամանակ էր սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը, թեպետ հանդես էր գալիս Հայաստանի կողմից: Նման պայմաններում զարմանալի չէ, որ աննպաստ վիճակում պիտի հայտնվեր Հայաստանը:

Եվ ամեն դեպքում, հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց Լիսաբոնի մասին: Ու վարպետորեն «մոռացավ», որ կյանքն ու բանակցային գործընթացը 1996-ից հետո շարունակվել են: Որ դրանից հետո եղել է Քի Վեսթ, Ռամբույե, Կազան: Որ «Մադրիդյան սկզբունքներ» են եղել: Նա այնպես է խոսում, թե տարբերակ չկար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անկարելի մի բան էր և այլն, և այլն:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, 1994 թվականի մայիսին, պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Հայաստանն ու Արցախը պիտի հայտարարեին, որ կապիտուլյացիայի են ենթարկվում ու իրենց հանձնում են պարտված Ադրբեջանի ողորմածությանը: Սա, է Ժիրայր Լիպարիտյանի հրամցրած «ռեալ պոլիծիկը»: Այո, հենց ռեալ պոլի-ծիկը:

Բա եթե ամեն ինչ այդքան անհույս էր, այն ովքե՞ր էին Ալիևին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Թե՞ Լիպարիտյանն այդպես էլ չի կարողանում հաղթահարել այն փաստը, որ իրենից հետո եկան մարդիկ, ովքեր կարողացան նաև իր ստեղծած պարտվողական կացությունը վերափոխել ու շտկել բանակցային դիրքերը:

Չնայած ում ինչ ասես:

Առանց իր տարիքից ամաչելու, Ժիրայր Լիպարիտյանը 1998-2018 թվականների հայկական ղեկավարությանը վերագրեց բաներ, որ ուղղակիորեն սուտ են: Մասնավորապես, նա բանն այնպես ներկայացրեց, թե հայկական կողմը ոչ մի զիջումներ չէր ուզում անել, դրա համար էլ այսպիսի իրավիճակ եղավ, կամ նիրհել էին հաղթողի բարձի վրա, ինչը ևս սուտ է: Սուտ է, քանի որ անցած տասնամյակներում բանակն ու զինանոցը մշտապես արդիականացվել են, ռազմաքաղաքական բալանսը Հայաստանը կարողացել է պահել, կարողացել է դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու միաժամանակ զարգանալ, որքան էլ որ Ժիրայր Լիպարիտյանի համար անտանելի է միտքը, որ Հայաստանի, Արցախի հայությունը ի վիճակի էին դա անել:

Բանն այնտեղ հասավ, որ անգամ Փաշինյանի թիվ մեկ քարոզիչը չդիմացավ ու Լիպարիտյանին ասաց, թե նրա մոտեցումը ենթադրում է, որ պետք է ուղղակի հանձնվել թուրքերին և ադրբեջանական թուրքերին և հայցել նրանց ողորմածությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարգի ուլտրաթուրքական էր Լիպարիտյանի քարոզը, որ նույնիսկ նիկոլական քարոզիչը եթերում չդիմացավ:

Բայց դա էր հիմնական տպավորությունը, այդ ենթադրությունն էր բխում նրա ասածներից. Ժիրայր Լիպարիտյանը փաստացի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերը:

Ժիրայր Լիպարիտյանն ու նիկոլ փաշինյանները, ալիևների ու էրդողանների հետ ձեռք-ձեռքի տված, ձգտում են մեզ համոզել, որ մենք բոլորս արդեն մեռել ենք և միակ բանը, որ կարող ենք անել, գերեզմանափոսում պառկելն ու ինքներս մեր վրա հող լցնելն է: