կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 18:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմադրության շարժումը պետք է թափ առնի նաև Արցախում․ Արթուր Մոսիյան

Պարտված իշխանությունները պետք է հեռանան և հնարավորություն տան, որ այս ժողովուրդը մեջքը շտկի․ ինչքան ուշ ենք սկսում՝ այդքան դրա հնարավորությունները քչանում են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։

Արցախի կարգավիճակի հարցը այս պահին փակված չէ, նկատեց նա, և համանախագահ երկրները տարբեր ձևաչափերով, կապ չունի՝ ինչ շահերից ելնելով, հայտարարել են, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկման առարկա դառնա թեկուզ որոշ ժամանակ անց, բայց ՀՀ իշխանությունների քայլերը հնարավոր է հասցնեն նրան, որ արդեն կարգավիճակի հարցը սկսի այլ ռակուրսում քննարկվել։

Քանի գործող իշխանությունները կան՝ ո՛չ միայն Արցախը, այլև Հայաստանն է վտանգված լինելու՝ համոզված է Արթուր Մոսիյանը։

«Արցախի ժողովրդի և, գոնե իմ իմացած, քաղաքական կուսակցությունների մեծամասնության դիրքորոշումը մեկն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, և Արցախը պետք է շարունակի պայքարը՝ վերջնական կարգավիճակի հասնելու համար։ Իշխանությունների դիրքորոշո՞ւմը որն է․ եթե դուք իշխանությունների դիրքորոշումը լսել եք, ես՝ նույնպես։ Իշխանությունները հիմնականում զբաղված են սոցիալական խնդիրների լուծմամբ, որն էլի կարևոր է, բայց դա միակը չպիտի լինի»,-ասաց Արթուր Մոսիյանը։

Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում մեր ժողովրդի ազգային ինքնությունը պիտի վերականգնվի՝ ընդգծեց նա։

«Դժբախտաբար, արդեն պարզվում է, որ 18 թ-ի իշխանափոխությունը ուրիշ նպատակ էր հետապնդում․ մենք որ ժամանակին ասում էինք՝ սրա գինն Արցախն է, մեզ շատերը մեղադրում էին, բայց կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք և այս ամենի իմաստը հենց դա էր։ Գուցե արդեն 3 տարի է՝ նրանք հրաժարվելով են եկել իշխանության և դա է եղել գինը»,-նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։

ՀՀ իշխանությունները եթե սկսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, որը երկար պրոցես է, մի բան պիտի հստակ ամրագրեն, որ դա Արցախի կարգավիճակի հարցի հետ միասին պիտի լուծվի՝ ասաց Արթուր Մոսիյանը, բայց ինքը չի տեսնում այդ միտումը, չի տեսնում անգամ ՀՀ իշխանությունների կողմից «Արցախի Հանրապետություն» եզրույթի արտահայտումը։ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը Արցախ չի այցելում, Հայաստանը Արցախի անվտանոգւթյան երաշխավորը չէ․ սրանք ոչ դրական մեսիջներ են, որ ամեն օր արցախցին զգում է, սրանք մտահոգություններ են, որ լավ տեղ չեն տանում։

««Հայաստան» դաշինքի նախաձեռնած դիմադրության շարժումը պետք է թափ առնի նաև Արցախում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում․ ես տարբերություն չեմ դնում։ Խնդիրն ուրիշ բան է․ խնդիրն այն է, որ այլ կարգավիճակում ենք մենք, և Հայաստանը այսօր, դժբախտաբար, այլևս Արցախի անվտանգության երաշխավոր չի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ միայն մեր Պաշտպանության բանակն ի զորու չէ պաշտպանել Արցախի անվտանգությունը, սա կոմպենսացվում է ռուս խաղաղապահների ներկայությամբ, որ այս պահին կարողանում են, առանձին թերություններով հանդերձ, ապահովել Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Ու այստեղ հարց է առաջանում՝ այս ժողովուրդը որ չի կարողանում ինքնապաշտպանվել, դա վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, ուրիշ ոչ մեկը չի կարող քո փոխարեն քեզ պաշտպանել, կարող են օգնել, աջակցել՝ սկսած զինական, վերջացրած դիվանագիտական իմաստով, բայց եթե պետությունն իրեն չի կարողանում պաշտպանել, ուրեմն կենսունակ չէ և իրավունք չունի գոյություն ունենալու։ Եթե մեր ժողովուրդը սա չհասկացավ, ուրեմն սա արդեն վերջն է»,-ասաց Արթուր Մոսիյանը։

Արցախին պետք է մոբիլ, մարտունակ, պայմանագրայիններից կազմված բանակ, որն ի զորու կլինի պաշտպանել ժողովրդին՝ համոզված է Արթուր Մոսիյանը։

Օրերս Արցախում Զենքի մասին օրենքում փոփոխություններ մտցվեցին՝ դյուրացվեց ազգաբնակչության կողմից ակոսափող որսորդական հրացան գնելու գործընթացը։ Սա բացի նրանից, որ բնակչությանը զինելու հնարավորություն է տալիս, նաև հոգեբանական նշանակություն ունի՝ ասաց նա։ Մյուս կողմից էլ մենք պետք է իմանանք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի, որ Ադրբեջանը հոգեբանական և այլ ճնշումներ է գործադրելու և ձգտելու է ազգաբնակչության մոտ սերմանել վախ, անապահովություն, անորոշություն ապագայի նկատմամբ, որը թույլ կտա, որ, իրենց կարծիքով, Արցախը դատարկվի և իրենք հասնեն իրենց նպատակին։

«Մենք պետք է պատրաստվենք, որ նման սադրանքներ լինելու են, ծանր է, իհարկե, վիճակը հոգեբանական, անվտանգային, պաշտպանական, ամեն առումներով, բայց մեր ազգաբնակչությունը պիտի իմանա, որ 1990-ականներին մենք ավելի դժնդակ տարիներ ենք ապրել և կարողացել ենք դա հաղթահարել»,-ասաց Արթուր Մոսիյանը։

Թեև հավելեց՝ 1990-ականների հետ համեմատությունը մի առումով ճիշտ է, բայց մյուս առումով՝  ոչ․ 90-ականներին մենք ունեինք միասնական ժողովուրդ, ազգային իշխանություն, որը հիմա չունենք, դժբախտաբար։ Այն ժամանակվա իշխանությունն էլ, իհարկե, թեզ էր առաջ տանում, որ «քանի Արցախը կա՝ Սերգո ջանը լավ չի ապրելու», բայց այն ժամանակ ժողովրդի մեջ զարթոնք կար և հույս ու հավատ կար։ Այս վերջին պատերազմի ընթացքում, Արթուր Մոսիյանի համոզմամբ, ձգտեցին կոտրել ժողովրդի հույսն ու հավատը, և այդ ականը, որն այն ժամանակ դրվել էր՝ 3 տասնամյակ կամաց-կամաց աշխատեց և, ի վերջո, պայթեց։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․