Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
-Բրյուսելում երեկ կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարություն տարածեց, որում առկա կետերը խոր մտահոգություն են առաջացրել քաղաքական և հասարակական շրջանակներում։
Ձեզ համար որո՞նք են երեկվա հանդիպումից հետո հնչած հայտարարության ամենամտահոգիչ կետերը։
-Բոլոր կետերն էլ մտահոգող էին։ Մենք, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը եկել են իշխանության՝ Հայաստանը մաս-մաս վաճառելու, Արցախի դատից հրաժարվելու, մարդիկ ասում էին՝ էդ ի՞նչ եք ասում։ Հիմա նույնը Շառլ Միշելը կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղ էլ չի օգտագործում։ Ալիևն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղի ռեգիոն, Շառլ Միշելը խոսում է Ղարաբաղի ռեգիոնի հայ բնակչության անվտանգության մասին։ Այսինքն՝ այս մարդիկ հրաժարվել են կարգավիճակից։ Նիկոլը Փաշինյանը և իր վարչախումբը հրաժարվում են Արցախի քաղաքական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելուց։ Դրանից բացի, նույնը վերաբերում է Սյունիքի մեր ճանապարհներին, այսինքն՝ Շառլ Միշելը փաստորեն ավելի դիվանագիտական ձևով ձևակերպում է Ալիևի ասածները։ Եվ Հայաստանի թրքաբարո իշխանությունները՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի, սպասարկում են Ալիևի և Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Մարդիկ պետք է իլյուզիաներից կտրվեն՝ կատարվում է այն, ինչի համար իրենց բերել են իշխանության։
-Այս դեպքում հնարավո՞ր է ազդել այս գործընթացների վրա, միջազգային կոնսենսուս կա՞ այդ հարցում։
-Չկա միջազգային կոնսենսուս այս հարցի վերաբերյալ։ Կա միջազգային կոնսենսուս` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ե՛վ եվրոպացիների, և՛ ամերիկացիների համար միևնույն է՝ դա կլինի Հայաստանի ոչնչացման կամ Հայաստանի տարածքների հաշվին, իրենց համար դա երկրորդական է։ Աշխարհաքաղաքական մեծ խաղ է կատարվում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելով՝ հետապնդում են նաև այդ նպատակը։
-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընդդիմության գործողությունները։ Արդյոք խաղաղ հավաքների օրակարգը համապատասխանու՞մ է տեղի ունեցող գործընթացներին։
-Խաղաղ անհնազանդության ակցիաները համապատասխանում են առայժմ այս օրակարգին, պարզապես պետք է ավելի շատ մարդ հավաքվի և այս թրքաբարո իշխանություններին ուղարկեն տուն։ Այլապես մենք կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։
-Իսկ մինչև անհրաժեշտ քանակի մարդ հավաքվելը վտանգ չկա՞, որ ամեն ինչ արդեն ավարտին կհասցվի։
-Նիկոլ Փաշինյանը ինչպես Հայաստանում իշխանություն չունի, այնպես էլ ժողովրդի մանդատը չունի։ Նիկոլ Փաշինյանը անգամ ընտրությունների ժամանակ, երբ ասում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ խաբել է այդ նույն ժողովրդին, իր նախընտրական ծրագրում ինքը մանդատ չուներ Արցախը հանձնելու, ինքը խոսել էր Արցախի քաղաքական կարգավիճակի մասին ։ Հիմա ինչպես իր բոլոր խոստումները, հերթական անգամ խաբում է ժողովրդին, մանիպուլացնում է և դա նույն տեմպով շարունակում է։
-Այս պարագայում Արցախի բնակչությունը կամ Արցախի իշխանություններն ի՞նչ կարող են անել։
-Այստեղ ,դժբախտաբար իհարկե, արցախցին անելու բան ունի։ Ե՛վ արցախցին, և՛ Արցախի իշխանությունները իրենց կեցվածքն արդեն ասել են՝ հայտնի հայտարարությունը բոլոր քաղաքական ուժերի, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բանակցային գործընթացում հռչակել էին որպես աղետալի։ Եվ այս հարցում , որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, թե՛ Արցախի իշխանությունների, թե ՛ Արցախի ժողովրդի միջև մեծ կոնսենսուս գոյություն ունի, նրանք միակարծիք են։ Եվ այդ իմաստով մենք մեր խոսքն ասել ենք ու հուսամ՝ շարունակելու ենք ասել։ Բայց, հաշվի առնելով, որ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, իսկ Նիկոլ Փաշինյանը չի կատարում 1992 թվականի հունիսի Հայաստանի գերագույն Խորհրդի որոշումը՝ գործող որոշումը, որը բացառում է, որ Հայաստանը ստորագրի փաստաթղթերի տակ, որը կենթադրի Արցախի՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմում հայտնվելը, այստեղ և՛ օրենքն է խախտում Նիկոլ Փաշինյանը, և՛ Գերագույն Խորհրդի որոշումն է խախտում, և՛ արցախահայության պահանջն է անտեսում։ Նույնը վերաբերում է նաև Սյունիքին, Գեղարքունիքին և այլն, և այլն։ Այսինքն՝ այս մարդը ազգակործան պատուհաս է և բերվել է իշխանության՝ այս դավադիր պլանը իրագործելու համար, բայց դա իրեն չի հաջողվի, ո՛չ Հայաստանի, ոչ՛ Արցախի և ո՛չ էլ Սփյուռքի ժողովուրդը դա իրեն թույլ չի տա։
-Այսինքն՝ Դուք հավատու՞մ եք, որ իշխանափոխություն լինելու է։
-Իշխանափոխություն լինելու է. իշխանափոխության չլինելը նշանակում է Հայաստանի և Արցախի կործանում։
Հայկա Ալոյան