Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ի հարցազրույցն Արցախի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Մոսիյանի հետ:
– Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշման «փաստաթղթային» արտահոսք թույլ տվեց: Սա որոշ գործիչներ ՀՀ-ում որակեցին՝ որպես հայկական կողմին ներկայացված վերջնագիր, և որոշակի մտահոգություններ հայտնեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված: Ըստ Ձեզ՝ այդ մտահոգությունները հիմքեր ունե՞ն, թե՞ վերջնագրի մասին պնդումները չափազանցված են:
– Մտահոգություն միշտ էլ կա՝ հաշվի առնելով մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերները: Ես փաստաթղթին լրիվությամբ ծանոթ չեմ, որ կարողանամ վերջնական բան ասել, բայց մտահոգություն մեզ մոտ միշտ էլ կա և պահպանվում է:
– Հայկական կողմը պե՞տք է իր դիրքորոշումը, տեսակետները կոշտացնի, խստացնի, նման անհրաժեշտություն կա՞:
– Միանշանակ՝ այո:
– ՀՀ վարչապետը պարբերաբար հայտարարում է, թե ՀՀ–ի և ԼՂՀ–ի միջև Արցախի հարցում հակասություններ չկան: Իրապես այդպե՞ս է, թե՞ չերևացող հակասություններ կան:
– Ինքը նկատի ունի Արցախի իշխանություններին, ես չեմ կարող ասել:
– Իսկ հասարակությունների, քաղաքական գործիչների շրջանակո՞ւմ:
– Հասարակության շրջանակներում միշտ էլ այդ մտահոգությունը կա:
– Ի՞նչ ընտրապայքար սպասել Արցախի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններից, մասնավորապես՝ նախագահական, հատկապես, երբ ինչ-որ չափով ուրվագծվել է թեկնածուների շրջանակը: Այլ կերպ ասած՝ Արցախին ինչպիսի՞ նախագահ է անհրաժեշտ՝ «զինվորական ծանր ձեռք» ունեցո՞ղ, թե՞ դասական քաղաքական գործիչ:
– Արցախը երեկ, այսօր և վաղը պետք է ունենա այնպիսի նախագահ, որ Արցախի հարցը հասցնի իր տրամաբանական ավարտին՝ անկախ նրանից՝ նա կլինի քաղաքական գործի՞չ, զինվորակա՞ն, թե՞ այլ մասնագիտության տեր մարդ:
– Իսկ այդ տրամաբանական ավարտը ե՞րբ սպասել, ե՞րբ է հնարավոր Արցախի ուղիղ մասնակցությունը բանակցություններին:
– Այդ հարցը երևի ինձ չպետք է տաք, այլ նրան, ով հայտարարել է, թե Արցախն անպայման պետք է մասնակցի, և ամեն ինչ անելու են: Այդ հարցը պետք է ուղղել այդ մարդկանց և ասել՝ ի՞նչ եղավ:
– Դուք՝ որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, կարո՞ղ եք ասել՝ Արցախի դատաիրավական համակարգում ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, ի՞նչ խնդիրներ և բացեր կան:
– Արցախի դատաիրավական համակարգը երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ շարունակելու է գործել օրենքի և մասնագիտական հստակ շրջանակներում: Իսկ խնդիրներ, բնականաբար, միշտ էլ կան, ուստի մշտապես պետք է համակարգը բարեփոխվի:
Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել նախքան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթը և դրա հրապարակումը: