Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021-թ. հոկտեմբերի 17-18-ին, Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ մամուլի խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ անդամները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ մամլոյ դիվանն ու հանրային կապերի և քարոզչական գրասենյակի աշխատակիցները, ՀՅԴ աշխարհատարած կառույցի մամուլի խմբագիրները և շրջանների հանրային կապերի պատասխանատուները, սոցիալական ցանցերի մասնագետները։
Քանի որ խորհրդաժողովը տեղի էր ունենում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, իբրև համահայկական հրատապ օրակարգ, պատերազմի ընթացքում հայկական տեղեկատվության գործունեության արժևորումը և արձանագրված բացթողումները դարձան համապատասխան քննարկման առարկա։
Խորհրդաժողովի օրակարգին մաս էին կազմում ՀՅԴ մամլո դիվանի կազմած ռազմավարության և մարտավարության նախագծի քննարկումը, ազգային-պետական արժեքների և գաղափարների քարոզչությունը և առկա խնդիրներն ու մարտահրավերները, Դաշնակցության քարոզչության ընդհանուր ուղղությունները, ՀՅԴ մամուլի բովանդակության և տեխնիկական հիմնախնդիրները ինչպես նաև ՀՅԴ մամուլի աշխատանքներու համադրումը:
Խորհրդաժողովը հաստատեց.
1- Դաշնակցության մամուլը շարունակելու է ազգային ազատագրական պայքարի և սոցիալիստական գաղափարախոսության հունավորման և ժողովրդականացման իր կենսական առաքելությունը:
2- Արցախի ներկա կացությունը, դիմագրաված մարտահրավերները Դաշնակցության մամուլը շարունակում է պահել իր ուշադրության կենտրոնում, հետամուտ լինելով ներազգային ու միջազգային հարթակներում համապատասխան արձագանքի:
3- Դաշնակցության մամուլը պետք է մնա ջատագովը ազգային արժեքների և ազգային միասնականության: Հայաստանին ու հայությանը սպառնացող բոլոր վտանգները մնում են համահայկական օրակարգում, առ այդ պետք է մղել Հայաստանի իշխանություններին վեր բարձրանալու ազգը պառակտող վարքագծից: Հայության միասնականության հարցը անսակարկելի անհրաժեշտություն է:
4- Դաշնակցության մամուլը լայն զանգվածներին առավել հասանելի դարձնելու համար, հարկ է հավելյալ զարկ տալ արդի արհեստագիտական հաղորդակցական միջոցներին և սոցիալական ցանցերին։
5- Դաշնակցության մամուլում քաջալերել դաշնակցության քաղաքական մտքի զարգացումը և կառուցողական բանավեճը, նախանձախնդիր մոտեցում ցուցաբերելով դաշնակցական կեցվածքի օրինակելի դրսևորման հարցում, շարունակելով հեռու մնալ մի շարք լրատվամիջոցներում և, ընդհանրապես, սոցիալական ցանցերում տեղ գտած անպատշաճ արտայայտություններից և հակազդեցություններից։
6- Նկատի ունենալով պատերազմի ընթացքում հայկական լրատվադաշտի դրսևորած անհամարժեք ու անկազմակերպ վիճակը, ժողովը անհրաժեշտ համարեց մշակել ճգնաժամային իրավիճակին համարժեք քարոզչական մեխանիզմ։ Ժողովը հաստատեց, որ տեղեկատվական պատերազմը ավարտված չէ և հայությունը պետք է ծավալի կազմակերպված աշխատանք և միջազգային տեղեկատվական դաշտում ունենա գործուն ներկայություն։
7- Մամուլի բնագավառում մարդուժի պատրաստությունը և երիտասարդ սերնդի ներգրավումը հարկ է պահել ուշադրության առանցքում։ Այս շրջանակում շեշտը դրվեց նաև արդի արհեստագիտական հնարավորությունների օգտագործման համար քարոզչական համակարգը հավելյալ մասնագետ անձնակազմով օժտելու անհրաժեշտության վրա։
8- Խորհրդաժողովը հաստատեց.
ա. ելնելով հայության ու Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից, Դաշնակցության մամուլը վճռականորեն պիտի հետապնդի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, ինչպես նաև Հայաստանի պետականության, ինքնիշախնության և անվտանգության սպառնացող վտանգների հաղթահարման քարոզչական իր առաքելությունը:
բ. Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես Մերձավոր Արևելքի դիմագրաված ներկա տագնապը մնում են Դաշնակցության մամուլի մշտական ուշադրության ներքո:
ՀՅԴ մամուլի խորհրդաժողով
Երևան. 18.10.2021