Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Սոցցանցերի ակտիվացմանը զուգահեռ` դրանք ակտիվ շահագործման գործիք դարձան, հատկապես, երբ շարժական սարքերը եղան, քաղաքացիական լրագրություն առաջ եկավ, և քաղաքացիական լրագրողներն ամենաօպերատիվ աղբյուրն են. լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով`սոցիալական լրագրությունն այլ կերպ է էվոլուցիայի ենթարկվում:
«Տեղեկատվության աղբյուր է «Ֆեյսբուք»-ը: Նոր են սկսել ստուգել պրոֆիլները, Հայաստանում ստուգված պրոֆիլներ քիչ կան. «Ֆեյսբուք»-ը չի թողնում անմիջական մոնիթորինգ անել: Ագրեգատոր կայքերն էլ մոդայիկ դարձան, որոնք գրառումները վերցնում ու տեղադրում են իրենց մոտ, բայց այստեղ բավականին թույլ է աղբյուրների հավաստիությունը»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այդպիսի կայքերի համար գերխնդիր է ոչ թե հավաստի ինֆորմացիան, այլ հետաքրքիր նյութեր գտնելը:
Նրա խոսքով` սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները վերցնելիս լրագրողները պետք է մշակեն դրանք:
Մեդիափորձագետը նշեց նաև, որ պետական կառույցների կողմից տեղեկություն տարածելու լավագույն ձևերից են սոցիալական ցանցերը: «Շատ պետական պաշտոնյաներ հասանելի են «Ֆեյսբուք»-ում, բայց խնդիրն այն է, որ դա աշխատում է հիմնականում հայաստանյան դաշտում: Պետք է նաև դրսի վրա աշխատել: Հաճախ ունենում ենք ներքին տեղեկատվությունը դուրս տարածելու խնդիր: Օրինակ`սահմանի վերաբերյալ ինֆորմացիան պետք է տարածվի ոչ միայն հայերենով»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով. «Տեղեկատվության օպերատիվ աղբյուր է «Թվիթեր»-ը: Այստեղ կարելի է գտնել ականատեսների, գործում է փնտրողական համակարգ, որը նույն «Ֆեյսբուք»-ում չկա»:
Փորձագետի բնորոշմամբ`ՊՆ-ն համեմատաբար պասիվ է թվիթերյան էջում, մինչդեռ ՊԲ-ն ավելի ակտիվ է, սակայն ավելի ակտիվությունն ավելի խրախուսելի է: «Կան կառույցներ, որոնց գործողությունները սոցցանցերում պետք է ակտիվ լինեն: Օրինակ` գրիպի համաճարակի հետ կապված ակտիվ գրառումներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ անընդհատ տեղեկացված լինեն: Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունը դարձել է շփման միջոց: Մարդկայինին ավելի մոտ լեզվով պետք է լինեն: Մամուլի հաղորդագրությունները հասանելի են լրագրողներին և պաշտոնյաներին»,- ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով արտասահմանյան լրատվամիջոցների փորձին` նա նշեց. «BBC-ի լրագրողը, եթե նախարարի հետ ընկերանա, կարող են նրան գործից հանել, լայքի համար կարող են պրոբլեմներ լինել: Մեկ այլ լրատվամիջոց կանոն ունի, որ թվիթերյան լուրջ, կարևոր գրառումները լրագրողները պետք է լրատվամիջոցի հետ համաձայնեցնեն, նոր հրապարակեն»:
Մարտիրոսյանն ընդգծեց նաև` կարևոր է կրթական մակարդակի բարձրացումը: «Մեր բուհերում դասավանդվում է քսաներերդ դարի լրագրություն կամ` տասիններորդ: Մեր խնդիրը փոխվել է, պահանջները փոխվել են, պետք է սովորեցնել 21 –րդ դարի երկրորդ տասնամյակի լրագրություն»,- ասաց նա: