կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 13:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի առյուծի բաժինն Արցախն է՝ մշակել ենք հատուկ ուղեգիծ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մեզ համար ընդունելի չէ հետպատերազմյան ընկճվածությունը և՛ հայրենի զանգվածների մոտ, և՛ հատկապես Սփյուռքի պարագայում, և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայ դատի կառույցները մեր բոլոր շարքերով ու համակիրներով աշխատելու ենք, որպեսզի դուրս գանք այդ հոգեբանական ընկճվածությունից, մեզ համար այդ էջը փակված է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ստեփանակերտում՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ:

«Մեր խորհրդաժողովի օրակարգի առյուծի բաժինն Արցախն է: Պատերազմից հետո մենք մշակել ենք հատուկ ուղեգիծ, երկու առցանց խորհրդաժողով ենք ունեցել: Նախորդ՝ 2020թ. խորհրդաժողովն էլ Արցախում կայացավ: Այն ժամանակ դեռևս կանխատեսելի չէր այն պատերազմը, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց ահաբեկիչ շրջանակներով սանձազերծեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ: Բայց այդ ժողովի ժամանակ մենք դրեցինք Արցախի համար տարվելիք աշխատանքների հիմքերը: Ուղեցույց ունեինք, բայց պատերազմից հետո այն թարմացնելու, ավելի նպատակահարմար դարձնելու, թիրախավորելու կարիք կա»,-ելույթում ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․