|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը համապարփակ տեղեկություններ փոխանցեց խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին։
Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի և ազգի զավակների իրավունքների պաշտպանության։ Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց հայրենիքի առջև ծառացած առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությանը։ Հատկապես կարևորվեց Հայաստան-Սփյուռք կապերի սերտացումը և համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման և ապահով կյանքի կերտման։
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի արդար իրավունքների բարձրաձայնման ու հետապնդման և հայրենանվեր ու ազգօգուտ այլ իրագործումների համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին և միջեկեղեցական հարաբերություններին։