կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 16:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ անվտանգային շահերը ևս քննարկվում են. ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի 3-րդ օրն է

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 50-ից ավելի ներկայացուցիչներ այս պահին Սյունիքում են․ Երևանում մեկնարկած խորհրդաժողովի 2-րդ և 3-րդ օրերն անցան Գորիսում, ապա քննարկումները շարունակվելու են ևս 2 օր։

Օրակարգը դեռևս սպառված չէ և վերաբերում է Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության բացառապես բոլոր ոլորտներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Խորհրդաժողովի մի զգալի հատված նվիրվեց Արցախյան հարցի ներկա փուլի քննարկմանն ու լուծումների առաջարկներին։

«Հայ դատի գործունեության առանցքային ուղղություններից մեկը Արցախի հիմնախնդիրն է, դրա միջազգային սպասարկումը հանրային դիվանագիտության գործիքակազմով։ Մանրամասն քննարկվեց Արցախի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ներհասարակական, ներքաղաքական իրավիճակը։ Կարևոր շեշտադրում է, որ մենք գործ ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային և ներպետական օրենսդրության համապատասխան և մեր խնդիրը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Օրակարգային հատուկ կետ կա նաև Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վերաբերյալ, քննարկվել է նաև ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։

«Բովանդակությունը, բնականաբար, չեմ կարող ասել, բայց այդ հարցերը ևս քննարկվել են։ Ադրբեջանի ներթափանցումը ՀՀ ագրեսիա է ՄԱԿ-ի ԱԽ կողմից ագրեսիայի բնորոշման բոլոր բաղադրիչներով։ Այս առումով նույնպես մենք անելիք ունենք։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացի առումով ադրբեջանական զորքի առկայության պայմաններում այս գործընթացը չի կարող առողջ ընթացք ունենալ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․