կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 21:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարելի է շփման գիծը դարձնել սահման, Սյունիքի վիճելի 24 կմ-անոց հատվածն էլ թողնել հետագա քննարկման․ պատմաբան

4 հարևան պետությունների հետ Հայաստանը սահմանակցում է բուն հայկական տարածքների՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը։

Սահմանազատման և սահմանագծման ներկա փուլում Հայաստանի դիրքային առավելությունների մասին խոսելով՝ նա համոզմունք  հայտնեց, որ առավել նպատահարմար է այս պահին քարտեզային և տարածքային բանավեճի մեջ չներքաշվել, և շփման գիծը դարձնել սահմանագիծ։

Բանն այն է, որ, ասենք, 1920-ական թվականներին, երբ առաջին քննարկումները սկսվեցին,  որոշակի քարտեզներ հանդես եկան, որոնք պահպանվում են Թբիլիսիում, Մոսկվայում, Երևանում և Բաքվում, և հաճախ նույն իրավիճակի մասին մեկը մյուսից տարբերվող քարտեզներ կան, շատ են սևագիր քարտեզները, մեկը մյուսից տարբերվող տարբերակները, որ շատ ոգևորիչ կարող է թվալ, բայց դրանք հաճախ փակուղի տանող ճանապարհներ են։

«Կարծում եմ, նպատակահարմար կլինի շփման գիծը դարձնել սահմանագիծ՝ Տավուշից սկսած՝ հայ-վրացական, վրաց-ադրբեջանական եռանկյունուց սկսած՝ մինչև Մեղրի»,-ասաց Համո Սուքիասյանը։

Գորիս-Կապան ճանապարհը, որտեղ այսօր Ադրբեջանը 24 կմ վերցրել է իր վերահսկողության տակ ու մաքսակետեր դրել, պատաբանի համոզմամբ, միանշանակ պետք է ամբողջությամբ Հայաստանը վերահսկեր։

«Դա միանշանակ, դա նույնիսկ խորհրդային ժամանակ էին հասկացել, և 1920-ականներին առնչվող որոշումներում Շուռնուխի մասին որոշում կա, օրինակ, 1923-ին Անդրկովկասյան դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը, որտեղ հատուկ նշված է՝ Հայաստանը և Ադրբեջանը բաժանող գիծը ճանապարհն է, բայց նաև ընդգծում է՝ ճանապարհը գտնվելու էր Զանգեզուրի գավառային հեղկոմի ենթակայության ներքո, որովհետև այդ ճանապարհը ավելի կարևոր էր հայկական կողմի համար, քան ադրբեջանական»,-ասաց պատմաբանը։

Ճանապարհի առումով խնդիրները ծագեցին արդեն 1988 թ-ից հետո։

«Այս շրջանի մասին մեր հեղինակած գրքի թեզերից մեկն այն է, որ խնդիրները թողնելը միշտ պրոբլեմների է բերել․ օրինակ, 1922 թ-ին, երբ Անդրկովկասյան Դաշնությունը ձևավորվեց, ռեալ հնարավորություն ունեին 3 հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը իրենց միջև եղած սահմանային խնդիրները լուծելու, բայց ձգձգվեց, որովհետև հանրապետությունները պատրաստ չէին փոխզիջումային որոշումներ կայացնել։ Տարիների քննարկումներ տեղի ունեցան, մինչև 1929 թ-ի հայտնի որոշումը՝ Անդրկովկասյան դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի, երբ և՛ Թիֆլիսում, և՛ հատկապես Մոսկվայում համոզվեցին, որ այս փոքր ազգերն ու ժողովուրդները մի պետության մեջ լինելով՝ չեն կարողանում իրենց միջև վեճերը լուծել, դրա համար մի հրահանգով՝ մի փաթեթով, այս բոլոր հարցերը լուծեցին և լուծեցին ի վնաս նաև հայկական շահերի։ Այսինքն, երբ դու ունես այդ հնարավորությունները, պիտի խնդիրները կարգավորես»,-ասաց Համո Սուքիասյանը։

Քոչվոր մուսուլմանների՝ ադրբեջանցիների համար նպաստավոր դեր խաղաց իրենց բնակչության տեղաբաշխումը Անդրկովկասում․ նրանք փոքր-փոքր բնակավայրերում էին բնակվում, հայերը՝ առավելապես մեծաթիվ բնակավայրերում, դրա համար այսօր հաճախ ադրբեջանական քարոզչության կողմից գրվում է՝ ադրբեջանական 10-20 գյուղ, դրանք իրականում գյուղեր չէին, գյուղակներ էին, որոնք ունեին  8-10 տնտեսություն, երբեմն մուսուլմաններով բնակեցված 15 բնակավայրն այնքան բնակչություն ուներ, ինչքան հարևան մեկ հայկական գյուղը։

Այդ խոտորային ձևով բնակեցված լինելով՝ նրանք փորձում էին այդ տարածքների նկատմամբ հավակնություններ հանդես բերել, ինչը հաճախ հաշվի էին առնում կենտրոնական իշխանությունները՝ Թիֆլիսը կամ Մոսկվան։

«Սա մեծ ողբերգություն էր, հայերը ավելի սովոր էին մեծ բնակավայրերում բնակվել՝ եկեղեցի ունեին, դպրոց ունեին և այլն, պահանջմունքներն ավելի շատ էին, որովհետև ավելի քաղաքակիրթ ժողովուրդ էին, մուսուլմանների համար մզկիթն էլ առաջնահերթ խնդիր չէր, դպրոցը առաջնային չէր, դրա համար փոքր քոչվորային տնտեսությամբ ապրում էին։ Իրենց քոչը՝ 5-6 տունը, այսինչ տարածքում էին հաստատված, հաջորդ տարի կարող էր հաստատվել մեկ այլ տարածքում, իսկ հայերը տեսակով բնիկ ժողովուրդ էին, ոչ թե խաշնարած էին, այլ երկրագործությամբ էին զբաղվում, դրա համար մեկ տեղ հիմնավոր նստած էին։ Բայց կյանքը այնպես ցույց տվեց, որ այս քոչվորային տնտեսաձևը ադրբեջանցիների համար դարձավ առավելություն վարչատարածքային բաժանումներում, նաև սահմանագծային աշխատանքների ժամանակ»,-ասաց պատմաբանը։

Նույն այս քոչերը գնացել և Տավուշում ձևավորել էին նախկին այդ անկլավները։ Համո Սուքիասյանն ասաց՝ 1922-24 թթ մի քանի քննակումներ եղան և Արամայիս Երզնկյանը, որ Խորհրդային Հայաստանի հողագործության ժողկոմն էր, մի առաջարկ էր ներկայացրել՝ որ հողատարածքների փոխանակություն լինի՝ Շինիխ-Այրումի շրջանի այդ հողատարածքները, որ հետագայում Սուֆլու, Բարխուդարլու, Վերին Ոսկեպար անկլավները պիտի կազմեին, և Արծվաշենը՝ Բաշքենդը, որոնք համահավասար տարածք էին՝ փոխանակություն տեղի ունենար, բայց 1926 թ-ին ո՛չ հայությունը, ո՛չ մուսուլմանները չցանկացան ենթարկվել՝ արծվաշենցիները Ադբեջանին, այստեղի մուսուլմաններն էլ՝ Հայաստանին։  

Այսօր, պատմաբանի համոզմամբ, չկա ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական որևէ հիմք ադրբեջանիցիներին փոխանցելու Տավուշի նախկին անկլավների տարածքը, քանի որ, նրա տպավորությամբ, 1992 թվականին արդեն անկլավների լռելյայն փոխանակում է տեղի ունեցել՝ Արծվաշենը փոխանցվել է Ադրեջանին, այս տարածքներն էլ մնացել են Հայաստանին։

«Իմ կարծիքով, այս անկլավների հարցը արդեն լուծված խնդիր է և հակապես այստեղ պետք է շփման գիծը դարձնել սահմանագիծ, իսկ Շուռնուխի հատվածի սահմանը արդեն քննարկելու հարց է»,-ասաց Համո Սուքիասյանը։

Ջերմուկի Ալ լճերի տարածքը, որ վերջին տարում լուռ փոխանցեցինք Ադրբեջանին, պատմաբանի հավաստմամբ Հայաստանի Առաջին Հանրապետության մաս է եղել 1918-20 թթ, իսկ Խորհրդային Հայաստանի՝ մինչև 1926 թվականը, փաստացի օգտագործվում էր դարալագյազցիների՝ Ջերմուկի հայ բնակչության կողմից, բայց ադրբեջանցիները, մանավանդ Աղդամի քոչվորները տասնամյակների սովորություն ունեին այդտեղ իրենց հոտերը պահելու։

«Ամբողջ 20-ականներին իրենց շանտաժը աշխատեց, ասացին՝ սովամահության կգնան, եթե այդ տարածքներում չպահեն իրենց անասունները։ Բայց այնպես չէ, որ գոնե Ալ լճերի դեպքում Խորհրդային Հայաստանի իշխանությունները չեն պնդել, հատկապես Արամայիս Երզնկյանը մի քանի քննակումների ժամանակ, երբ արդեն գրեթե որոշված էր սահմանագիծը՝ 1926-27 թթ, ինքը կտրուկ դեմ արտահայտվեց, համարյա վետոյի իրավունք կիրառեց և այդ խնդիրը բաց մնաց, որովհետև Հյուսիսում գտնվող ապագա անկլավների առաջացումը, նույնը Ալ լճերի շրջանը, փորձում էր այս խնդիրները միմյանց կապել, հակառակ դեպքում բոլորի դեպքում էին ոչ հայանպաստ որոշումներ լինելու։ Բայց իր պայքարը միշտ չէ, որ արդարացավ»,-ասաց Համո Սուքիասյանը։

Սոթքի հանքի շահագործումը սկսվել է Խորհրդային շրջանում և Խորհրդային Հայաստանում՝ փաստեց պատմաբանը։

«1980-ականների սկզբներին Մոսկվայում որոշում կայացվեց Խորհրդային Ադրբեջանին հրահանգել 300 հա հողատարածք 1985 թ-ին վարձակալության տալ Խորհրդային Հայաստանին, և դրանով փաստացի այդ հանքի ամբողջ տարածքը 1985 թ-ից մինչը 2020 թ-ը Խորհրդային Հայաստանի, այնուհետև Հայաստանի Հանրապետության կողմից է շահագործվել։ Դրա դիմաց նախկինում Քելբաջարի շրջանին որոշակի վճարումներ են եղել՝ համապատասխան գյուղխորհուրդը, որի տարածքում գտնվում էր դա, այդ տարածքը փոխանցել էր Սոթքի գյուղխորհրդին։ Հետո արդեն 90-ականների շահագործման ժամանակ էլ այդ ամբողջ հանքավայրի տարածքից հանքաքար էր արդյունահանվում»,-ասաց Համո Սուքիասյանը։

Նրա համոզմամբ, պարտադիր չէ հենց այսօր Ադրբեջանի հետ ամբողջ սահմանը գծել ու հաստատել, կարելի է շփման գիծը դարձնել սահման, Սյունիքի վիճելի հատվածն էլ թողնել հետագա քննարկման․ հայ-վրացական սահմանն էլ շուրջ 2/3-ով է գծված, մնացած մասը՝ ոչ, ասաց նա, նույնը կարող է Ադրբեջանի հետ լինել։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․