Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր թիզ հող անգնահատելի է, նրանց հայկական լինելու և մնալու համար թափվել է հազարավոր լիտր արյուն, նահատակվել են հազարավոր հայորդիներ և այդ չստացված գնահատողի որոշումով չի, որ պետք է գինը կամ չափը որոշենք մեր տարածքների։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարությանը։
«Այո, կան տարածքներ, որոնք ռազմավարական նշանակության են, դրանց մեջ է մտնում նաև Տիգրանաշենը և Տավուշի այն գյուղերը, որոնք Փաշինյանը համարում է «անկլավներ» և կարծես թե պատրաստվում է զիջել։ Դրանք գտնվում են Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող ռազմավարական ճանապարհների շուրջ և դրանք որևէ կերպ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Հայաստանը հայտնվելու է ամոբողջական շրջափակման մեջ։ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցնելու Հայաստանից դուրս եկող միջպետական ճանապարհները։ Աշխարհում կան քարտեզներ, որտեղ Հայաստանը ընդհանրապես չկա։ Այսպես կարծես գնում ենք այդ քարտեզներին հասնելու»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ բանակցությունները գնում են հայկական կողմի համար ամենավատ ձևով, որովհետև հայկական շահերը պաշտպանող չկա․ «2 կողմից էլ նստած են ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանողներ և գծում են ամենահարմար տարբերակը Ադրբեջանի և Թուրքիայի համար»։
Պատգամավորը հարց ուղղեց, թե խաղաղության մասին խոսողները գիտե՞ն, թե մենք որ տարածաշրջանում ենք ապրում․
«Վերջին անգամ ե՞րբ է այստեղ տևական խաղաղություն եղել։ Ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում։ Սոթքո՞ւմ է խաղաղություն եկել, Տիգրանաշենո՞ւմ, թե՞ Արցախում է եկել։ Նոյմբերի 9-ի փաստաթուղթն ինչո՞ւ խաղաղություն չբերեց, գոնե, Արցախին։ Ո՞ր մի փաստաթղթով է միայն երաշխավորվել և ապահովվել խաղաղություն․ ինչո՞ւ Չեխոսլովակիայի հանձնումը չբերեց խաղաղություն Եվրոպային, կամ Հիտլերի ստորագրած որևէ փաստաթուղթ չբերեց խաղաղություն, որովհետև գուցե նրա համար, որ փաստաթղթերը երբեք չեն երաշխավորել խաղաղությունը։ Երբ խոսում են խաղաղության մասին՝ պետք է մի հարց տանք՝ ինչ՞ գնով է խաղաղությունը։ Կարո՞ղ է մենք այնպիսի գին ենք վճարելու որով մենք կարող ենք լիովին ապահովել մեր անվտանությունը և իսկապես ապրել անվտանգ, և ինչպե՞ս են երաշխավորելու խաղաղություն կոչվածը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ալիևի և Փաշինյանի բերածը հայ ժողովրդի համար գերեզմանային խաղաղություն է։
Անդրադառնալով «կադաստրի» փաստաթուղթ ունենալուն, դաշնակցական գործիչը նշեց, որ Քարվաճառում մինչև 2020 թվականը բացված սրճարանը ուներ հայկական կադաստրի թուղթ․
«Շուռնուխ գյուղում հայ մարդու բնակարանը, որը կառուցել էր ինքը, ուներ ՀՀ-ի կողմից տրված կադաստրի թուղթ։ Մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետոությունը և՛ ծննդյան վկայական, և՛ կադաստրի թուղթ, և՛ անձնագիր, և՛ ապագայի տեսլական, և՛ հույս ապագայի նկատմամբ ուներ։ Բոլոր անհրաժեշտ թղթերը կան, որոնք փաստում են իր հայրենիքում բնիկ հայ ժողովրդի ապրելու և արարելու իրավունքը, այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն ինքն է՝ իր կառուցողական գործընկերների հետ, հետևաբար, եթե ցանկանում է սերունդներին մի բան թողնել, կարող է թողնել իր հրաժարականի դիմումը, դա ավելի շատ մարդ կլինի, որ կգնահատի»,- ասաց նա։