Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ուսումնական տարվա սկզբին ուսուցիչները յուրաքանչյուր առարկայի համար կազմում են տարեկան թեմատիկ պլան։ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը (հիմնադրվել է կառավարության կողմից ս.թ. հունվարին՝ լուծարված «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի փոխարեն) 2021-2022 թթ. ուստարվա համար թարմացրել է թեմատիկ պլանավորման ամբողջական փաթեթը, որից օգտվում են գրեթե բոլոր ուսուցիչները։
11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի ուսումնական պլանից այս տարի դուրս է մնացել վերջին 10-րդ գլուխը՝ «Պատերազմը և քաղաքականությունը», որի երկու կարևոր թեմաներն են՝ «Արցախյան հակամարտության պատմական արմատները» և «Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը»։
Հայոց պատմության դասընթացից սովորողներն ուսումասիրում են «Արցախյան շարժում», «Արցախյան պատերազմ», «Արցախի Անկախության հռչակում», մինչդեռ Հասարակագիտություն առարկայի շրջանակներում սովորողները ծանոթանում են Արցախյան հիմնախնդրի իրավական հնարավոր լուծումներին և միջազգային կարգավորման ուղիներին։ Առարկայի շրջանակներում սովորողներն իրենք են քննարկման միջոցով փորձում գտնել և առաջարկել Արցախյան հիմնախնդրի կարգավորման իրավական լուծման ուղիներ։
Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախյան հակամարտության իրավական կարգավորմանը վերաբերող թեմաների դուրս հանումը ուսումնական պլանից։ Եվ ցավալին այն է, որ շուտով նույն կամ ավելի վատ ճակատագրի կարող են արժանանալ նաև «Հայոց պատմություն» և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկաները, որոնք ազգային, հոգևոր, ռազմահայրենասիրական դաստիարակություն տվող կարևորագույն առարկաներն են։ Հավելենք, որ այդ կապակցությամբ, դեռևս նախորդ տարվանից սկսած, ԿԳՄՍ նախարարության փորձագիտական խմբերի մշակած և ներկայացրած առարկայական չափորոշիչների ու օրինակելի ծրագրերի վերաբերյալ ակադեմիական և բուհական գրեթե բոլոր հաստատությունների կողմից (ԳԱԱ, ԵՊՀ, ՀՊՄՀ և այլն) բարձրացվել են բազմաթիվ մտահոգություններ, որոնց արդյունքում ներկայացված առարկայական չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը կտրականապես մերժվել են նշված հաստատությունների կողմից:
Ի դեպ, հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021 – 2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչներն ու ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Եվ չնայած ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են, այդուհանդերձ, առաջիկայում կպարզվի՝ արդյո՞ք դրանք ևս չեն պարունակում մի շարք «նորարարություններ», ինչպես դա տեղի է ունեցել «Հասարակագիտություն» առարկայի ուսումնական պլանի պարագայում:
Մարիամ Կարապետյան
Արմավիրի մարզի Խորոնքի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի
Նյութի աղբյուրը՝ Yerkir.am