կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 10:15
Հասարակություն

Նոր 100000 դրամանոցներ չեն թողարկվի. ԿԲ-ն հաստատել է նոր սերնդի թղթադրամների թեմաները

Նոր 100000 դրամանոցներ  չեն թողարկվի. ԿԲ-ն հաստատել է նոր սերնդի թղթադրամների թեմաները

ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:

ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ  չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմքընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

Անվանական արժեք

Թեմա

1 000 դրամ
Պարույր Սևակ
2 000 դրամ
Տիգրան Պետրոսյան
5 000 դրամ
Վիլյամ Սարոյան
10 000 դրամ
Կոմիտաս
20 000 դրամ
Հովհաննես Այվազովսկի
50 000 դրամ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Կենտրոնական բանկ