կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 10:08
Հասարակություն

Արցախյան հակամարտության ադրբեջանանպաստ հանգուցալուծումը Թուրքիայի համար եղել ու մնում է Հայաստանին ներկայացված նախապայմաններից ընդամենը մեկը

Արցախյան հակամարտության ադրբեջանանպաստ հանգուցալուծումը Թուրքիայի համար եղել ու մնում է Հայաստանին ներկայացված նախապայմաններից ընդամենը մեկը

 

Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղված խաղաղության և կայունության մասին ուղերձների վերլուծությունը և այս փուլում դրանց վերաբերյալ ինտենսիվ քննարկումների ծավալումը կարևոր է հանրային իրազեկման, հնարավոր մարտահրավերների շուրջ լայն խորհրդակցություններ ծավալելու և գիտական ու փորձագիտական շրջանակների կարծիքները և փորձը հաշվի առնելու առումներով։

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններից կարելի է դատել, որ այս պահին Հայաստանը չորս երկրների հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, քանի որ «մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»։ Նման հայտարությունները վերլուծելուց առաջ ցանկալի է իմանալ, թե պատերազմից ու ավերից հետո, Հայաստանն ինչպե՞ս է վերասահմանել իր երկարատև ռազմավարությունը, ի՞նչ հաշվարկներ են դրանում տեղ գտել, որպեսզի այժմ այն դառնա ինքնասահմանված պատասխանատվություն։

Տարակուսելի է նաև Թուրքիայի կողմից Հայաստանին հասցեագրված ուղերձների տարընթերցումը։ Եթե «Թուրքիայից գալիս են դրական ուղերձներ» ասելով, Փաշինյանը նկատի ունի Էրդողանի վերջին հայտարարությունները, ապա առնվազն մտահոգիչ է, որ Էրդողանի շարունակվող նախապայմանների լեզուն ընկալվում է, որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսակցությունը վերագործարկելու ցանկություն։ Գուցե կան գաղտնի բանակցություններ և շփումներ, գուցե ընթանում են կուլիսային հանդիպումներ, դժվար է ասել, սակայն, եթե այս պահին ունենք այն, ինչ որ հրապարակային է, ապա, գործ ունենք գործընթացի մտահոգիչ մեկնաբանման հետ։ Իրականում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի պատկերացումները չեն փոխվել։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում են դիտել նախ և առաջ երկկողմ պատմաքաղաքական, ապա նոր միայն՝ Կովկասում Թուրքիայի երկարաժամկետ շահերի հետապնդման ու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների տեսանկուններից։ Մինչդեռ, Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների կարգավորումը դիտել 90-ականների սկզբին հաստատված տրամաբանության դիտանկունից, կարծելով, որ Արցախյան հարցը միակ խոչընդոտն էր, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն։ Իրականում, դա ամենաշատ քննարկվողներից ու բարձրաձայնածներից մեկն էր, բայց Թուրքիայի համար Արցախյան հակամարտությունը եղել ու մնում է նախապայմաններից ընդամենը մեկը։ Իսկ իր կարևորությամբ, թերևս, այն զիջում է, հայ-թուրքական և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խորքում առկա մի շարք արմատական բնույթի հիմնահարցերին, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին 15 տարվա ընթացքում և վերջերս ամփոփել լույս տեսած իմ գիտական հոդվածում։ Ցեղասպանության ու դրա հետևանքների վերացման, սահմանների ճանաչման, գույքային պահանջների վերաբերյալ մտահոգությունները, Ռուսաստան-Թուրքիա մրցակցային հարաբերություններում Հայաստանի տեղի ու դերի հարցերը շատ ավելի խորքային են ու բազմաշերտ։ Պատահական չէ, որ Էրդողանը խոսում է հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը շտապողականություն է ցուցաբերում օր առաջ սկսելու «կարգավորման մասին խոսակցությունները»։ Էրդողանն ակնարկում է վստահության պակասի ու պատմությունը չքաղաքականացնելու մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը խոսում է արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապելու գործում Հայաստանի խաչմերուկ դառնալու մասին։

Իսկ իրականում, Հայաստանը և Թուրքիան շարունակում են խոսել տարբեր լեզուներով, որովհետև տարիների ընթացքում առաջացած վիհը չի կարող փակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության մասին ոչ հողեղեն պնդումների ազդեցությամբ։ Պաշտոնական Երևանը պետք է թուլացնի տեմպը, հաշվի նստի ներհայաստանյան ինստիտուցիոնալ իրողությունների ու կարողությունների հետ և ճիշտ վերլուծի Թուրքիայից եկող հայտարարությունների առաջնային և երկրորդային շերտերը։ Հեռու մնալու համար ցանկալին իրականության տեղ ընկալելու գայթակղությունից, դասեր քաղի վերջին 30 տարվա ձեռքբերումներից ու սայթաքումներից։ Հաշվի առնելով Թուրքիայի հավակնությունները՝ անհեռանկարային է Թուրքիայի հետ խոսել տարածաշրջանում խաղաղության համահեղինակ դառնալու ակնկալիքով։ Թուրքիան 30 տարի շարունակ Հայաստանին ենթարկել է շրջափակման, խոչընդոտել նրա զարգացմանը՝ չկրելով ոչ մի պատասխանատվություն։ Արդյոք միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող այդ քաղաքականության հետևանքների մասին խոսվում է խաղաղության առաքելության մասնակիցների կողմից։ Իսկ հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանից հնչած հայտարարությանը ևս պետք է վերապահումներով մոտենալ։

Թուրքիան խոսել է ու կշարունակի Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով, քանի դեռ Հայաստանը նման շտապողականություն է դրսևորում։ Եթե Ցյուրիխյան արձանագրություններում Թուրքիան դժվարությամբ, սակայն հասավ իր համար ցանկալի որոշ ձևակերպումների, ապա այս անգամ նախկինում մերժված և Հայաստանում ու Սփյուռքում դիմադրության արժանացած թեզերը կլինեն նրա նոր նախապայմանները։ Արդյոք Հայաստանը պատրաստ է մտնել այդ գործընթացի մեջ, միաժամանակ շարունակելով Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, որի մասին Փաշինյանն անընդհատ խոսում է։ Քաղաքական հավակնություններից ու կամքից բացի, արդյո՞ք ՀՀ կառավարությունն ունի բավարար մասնագիտական և բյուրոկրատական աջակցություն գործընթացն առաջ տանելու և ներսից ու դրսից եկող ճնշումներին դիմակայելու համար։ 

Վահրամ Տեր-Մաթևոսյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող,

պատմական գիտությունների դոկտոր,

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ