Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սարգսյանի ուղերձը 6-րդ գումարման ԱԺ-ին:
Ելույթի սկիզբն՝ այստեղ:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս բոլորը կարևորագույն առաջնահերթություններ են, որոնք ամեն օր քննարկման առարկա են դառնալու այս շենքում, որոնց մասին մշտապես խոսվելու է ամբիոնից։ Ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ, լուծումներ գտնելով, առաջ ենք շարժվելու։ Միևնույն ժամանակ, որպես 25-ամյա պետականություն ունեցող հասարակություն, մենք պետք է սովորենք շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքը ներկա խնդիրների լուծմանն ուղղելուց բացի միշտ ունենանք ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Այս տեսանկյունից առաջիկա 5 տարում մենք պետք է մշակենք նաև ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան:
Այս ամբիոնից գալիք տարիների ընթացքում հատկապես շատ է խոսվելու մեր թիվ մեկ խնդրի՝ արցախյան հիմնախնդրի և մեր անվտանգության, պաշտպանության հարցերի մասին։ Դա բնական է։
Այս հարցերի շուրջ իմ դիրքորոշումն ու հավատամքը մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ։ Այդ մասին մենք դեռ էլի շատ անգամներ ենք խոսելու։
Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։
Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։
Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։
Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմե-րը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:
Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։
Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։
Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։
Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:
Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։
Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։
Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:
Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։
Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։
Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։
Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են։
Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում:
Հիմնահարցը մինչ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։
Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։
Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով։