Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթն, անկասկած, կարելի է համարել ֆուտբոլային: Դեռ շաբաթվա սկզբից թեման սկսեց ավելի թեժանալ, երբ պարզվեց, որ սեւ շուկայում տոմսերի գները տասնապատկվել են եւ հասել 45.000-ի: Ավագ սերնդի ներկայացուցիչները պատմում են, որ նման բան եղել է մեկ անգամ, երբ «Արարատը» պետք է ընդուներ «Բավարիային»:
Երեկ Վարդան Մինասյանն ասուլիսի ժամանակ գոհունակություն հայտնեց իր սաներից. «Վերջին պարապմունքներից ելնելով` կարող եմ ասել, որ թիմը թե՛ ֆունկցիոնալ եւ թե՛ հոգեբանական առումով պատրաստ է խաղին: Այժմ մենք մարզվում ենք 21 հոգով, եւ բոլորը լավ վիճակում են»: Անսպասելիորեն վնասվածք ստացած` թիմի կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանին Մինասյանն ունի համարժեք փոխարինողներ` հանձինս Արթուր Յուզբաշյանի եւ Վալերի Ալեքսանյանի:
Ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ ճի՞շտ է, արդյոք, որ հանրապետության նախագահը հանձնարարել է հաղթել, ազգային հավաքականի ավագ մարզիչը ցույց տվեց, որ ավելի դիվանագետ է, քան շատ պաշտոնյաներ. «Ես հիմա մի խնդիր ունեմ՝ շարունակել անցած տարվա սկսած գործը, եւ ինձ համար կարեւորը խաղի որակն է»:
Երեկ լրագրողների հետ հանդիպեց նաեւ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը. «Այս ընտրական փուլում Հայաստանը մեկ խաղ է անցկացրել արտասահմանում, մնացած խաղերում հանդես է եկել սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ նրանք վստահ կխաղան: Վաղվա հանդիպումն արդեն ընտրական է, եւ անհաջողությունը ոչ մի արդարացում չի ունենա: 1:2 հաշվի դեպքում անչափ գոհ կլինեմ»:
Ռուսաստանի հավաքականին հաղթանակի դիմաց խոստացված պարգեւատրումն էլ, ի տարբերություն մեր հավաքականի, նախանձելի է՝ յուրաքանչյուրին 40 000-ական եվրո: Ինչ վերաբերում է անվտանգության միջոցներին, ապա դրանք առավել, քան խիստ են: Մինչ մարզադաշտ մտնելը թե՛ ռուս եւ թե՛ հայ երկրպագուները ալկոհոլային թեստ կանցնեն:
Սակայն առաջին անակնկալը ռուսները մատուցեցին դեռ ինքնաթիռում: Մոսկվա-Երեւան թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են եւ մարմնական վնասվածքներ պատճառել միմյանց: Ոստիկանությունը նրանց օդանավակայանում բերման է ենթարկել: Կարելի է ասել, որ ռուս երկրպագուների մի մասն իրենց համար ծածկ գտան` ձերբակալվելով, իսկ մյուսները... Նովրուզ տոնի առիթով այս օրերին Երեւան են ժամանել տասնյակ հազարավոր իրանցիներ՝ այստեղ նշելու իրենց Նոր տարին, ինչի արդյունքում ռուս երկրպագուները մնացել են դրսում: Հյուրանոցներում ազատ սենյակներ չկան… Ինչևէ…
Նշենք նաև Vivaro. bet բուքմեյքերը ֆավորիտ է համարում Ռուսաստանի հավաքականին: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 6.8-8-ի միջեւ, իսկ Ռուսաստանի հաղթելու հավանականությունը գնահատել է 1.50 գործակցով:
Պակաս հետաքրքիր չէին թեմայի քննարկումը մամուլում եւ սոցցանցերում: Ամեն ինչի մասին գրեցին` խաղի ծախվածությունից մինչեւ հայ-ռուսական բարեկամություն: Նույնիսկ լուրեր տարածեցին, թե այս խաղի կապակցությամբ Պուտինն է զանգահարել և Հայաստանից պահանջել՝ պարտվել:
Ամենաանդրդվելին ֆան ակումբի անդամներն են, երիտասարդները, իսկական ֆուտբոլասերները, ովքեր, արհամարհելով ամեն տեսակի բամբասանք, մի բան են պահանջում՝ հաղթանակ: Կանխատեսումներն ու կարծիքներն այսպիսինն էին, իսկ թե ինչպես կավարտվի հանդիպումը, պարզ կլինի մի քանի ժամից: Սպասենք եւ հուսանք:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ