կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-29 18:55
Հասարակություն

Հանգուցալուծումը մոտ է. բայց ի՞նչ գնով

Հանգուցալուծումը մոտ է. բայց ի՞նչ գնով

Էրբունիում ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ ոտքից վիրավորում է ստացել խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը): Ավետիսյանը նաև հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերից հավանաբար ռումբեր են նետում գնդի տարածք, ինչը վկայում է, որ ոստիկանությունը նախապատրաստվում է գրոհի: Մինչ այդ զինյալները հանդես էին եկել հանրությանն ուղղված կոչով, ըստ որի, անհրաժեշտ է ապստամբության օջախներ ստեղծել նաև մարզերում՝ ոստիկանության ուժերը ջլատելու և, փաստորեն ապստամբության մասշտաբները մեծացնելու, համահանրապետականի վերածելու համար:

 Թե Խանդոյանի վրավորումը, և թե Ավետիսյանի այս հայտարարությունները վկայում են, որ գնդի գրավմամբ սկսված հասարակական-քաղաքական ճգնաժամը կարծես թե մտնում է հանգուցալուծման վերջնական փուլ՝ անկախ նրանից, որ իշխանության և խմբի միջև գործնականում բանակցություններ չեն ընթանում:

Խանդոյանը, ըստ որոշ տվյալների, վիրավորվել է ոտքից և, ամենայն հավանականությամբ, դիպուկահար կրակոցից: Սա նշանակում է, որ կրակոցն արձակողը նրան սպանելու դիտավորություն չի ունեցել և նման հրահանգ չի եղել:   Սա էլ իր հերթին վերահատատում է, որ իշխանությունը ոչ թե խմբի անդամներին ոչնչացնելու, այլ վնասազերծելու և դիմադրություն ցուցաբերելու առումով շարքից հանելու խնդիր է լուծում: Խանդոյանի վիրավորումը ցույց  է տալիս, որ Պավլիկ Մանուկյանից հետո հենց նա է եղել թիրախում և այդ թիրախը պատահական չի ընտրվել. Պավլիկից հետո Միայնակ գայլը խմբին իր ներկայությամբ ոգեշնչող հաջորդ առանցքային ֆիգուրներից մեկն էր:

Այս եղանակով, ըստ էության, փորձ է արվում խմբին ենթարկել հոգեբանական ուժեղ, հուսահատեցնող ներգործության, որի պարագայում վերջինս կունենա ընդամենը երեք ելք. կամ հանձնվել, կամ համակերպվել իրենց պարտադրվող «վնասազերծում՝ առանց հարձակման» տակտիկային, կամ էլ, չդիմանալով հոգեբանական այդ ահռելի ճնշմանը, դիմել զինված հակահարձակման կամ զինված ինքնապաշտպանության հուսահատ քայլին, ինչի մասին, ի պատասխան Խանդոյանի վիրավորվելու, այսօր զգուշացրել էր Ավետիսյանը: Երեք դեպքում էլ, սակայն, խումբը պարտություն է կրում: Իսկ վերջին տարբերակի դեպքում՝ այդ կանխորոշված ելքը լինելու է արյունալի, բայց դրա պատասխանատվությունն արդեն ընկնելու է ոչ թե իշխանության, այլ խմբի տղաների վրա՝ վերջնականապես ջախջախելով իրենց շուրջ ստեղծված հերոսական կերպարը:

Խումբը հրաշալի հասկանում է, թե ինչ ծանրագույն վիճակում է հայտնվել: Դրանով էր պայմանավորված Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիրավորվելուց և իրավապահներին հանձնվելուց հետո շտապօգնության անձնակազմին պատանդ վերցնելու գերհուսահատ քայլը: Այն պատճառաբանությունը, թե բժիշկները պահվում են՝ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար և ազատ կարձակեն միայն փոխարինողների դեպքում, ընդամենը ծխածածկույթ է: Բժշկական անձնակազմը պատանդ  է վերցվել՝ որպես հենց իրենց՝ խմբի անդամների անվտանգության երաշխիք: Խմբի 6 անդամներին հերթով կորցնելուց հետո խումբը հասկացել էր, որ առանձին-առանձին իրենց վնասազերծման՝ իշխանության սկսած օպերացիան ձախողելու միակ երաշխիքը  նորից պատանդներ ունենալն է, որոնց կյանքի համար վտանգ չստեղծելու նկատառումով, միգուցե, ոստիկանական ուժերը ձեռնպահ մնան  ուժի դիմելուց: Եվ բժիշկների պատանդառության այս ողջ ընթացքում ոստիկանությունն այդպես էլ անում էր: Սակայն Խանդոյանին «շարքից հանելով»՝ իշխանությունը ցույց տվեց, որ չնայած հարձակում գործելու նպատակ չունի, սակայն շարունակելու է հատ-հատ խմբի անդամներին այնտեղից դուրս բերելու կամ դիմադրելու ունակությունից զրկելու իր գիծը: Եվ հիմա ողջ հարցն այն է՝ ինչով կպատասխանի դրան խումբը: Տարբերակներն, իհարկե, շատ չեն:

Հուսահատության դրսևորում է նաև ապստամբությունը մարզեր տեղափոխելու Վարուժան Ավետիսյանի կոչը: Չնայած այն իսկապես ծրագրային առաջարկ է, սակայն նման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտությունն առաջացել է Խորենացի փողոցի շարժման մարելու ակնհայտ միտումները տեսնելու և զգալու պատճառով: Եթե մարդկանց թիվը շարունակի օր-օրի այսպես նվազել, իսկ հարթակին գտնվողներն իրենց ներկայիս ապաշնորհությամբ շարունակեն Խորենցի և Ազատության հրապարակի ճանապարհին մաշեցնել հավաքվողների ոգին և համբերությունը, ապա խումբը բացարձակապես կմնա մեն-մենակ՝ և կիմաստազրկվի գնդի տարածքում մնալը: Առավելևս, որ խումբը, բարեբախտաբար, իրականում ինքնազոհողության պատրաստ չէ, որքան էլ դրա մասին անընդհատ խոսվում է, այլ ընդամենը նպատակ ուներ գնդի տարածքը վերահսկողության տակ  պահել այնքան ժամանակ, մինչև իր վառած վառոդի տակառը կպայթեր, համաժողովրդական ակնկալելի ապստամբությունը կհաղթանակեր, որից հետո այդ տարածքից դուրս կգային որպես հերոսներ: Բայց այդ պլանը չաշխատեց: Կայծը համահանրապետական մասշտաբի պայթյուն չառաջացրեց: Իշխանությունը չգնաց ուժային կոշտ լուծումների՝ իր գլխին երկրորդ  և ակնհայտորեն արդեն  հաստատապես չմարսվելիք «մարտի 1» սարքելու համար, առավելևս մի իրավիճակում, երբ ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը չափազանց իրատեսական է, իսկ նոր «մարտի 1» -ի բեռով ու հասարակական ներկայիս գերպառակտվածության և փոխադարձ անվստահության պայմաններում պատերազմում հաղթելու շանս պարզապես չկա:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում խումբը ելք չունի, մանավանդ երբ իշխանությունը, ի դեմս գլխավոր դատազ Գևորգ Կոստանյանի, հասկացնում է, որ եթե հիմա հանձնվեն, կկիրառվեն քրեական օրենսգրքով նախատեսված մեղմացուցիչ հանգամանքները: Մոտ մեկ շաբաթ առաջ խումբը դեռ կարող էր իշխանության հետ բանակցություններով հասնել էական փոխզիջումների՝ պարտավորեցնելով վերջինիս կատարել շատ կոնկրետ երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումներ: Բայց հիմա, երբ իշխանությունը համարում է, որ կարծես թե գտել է ժամանակի ընթացքում այս շարժումը մաշեցնելու և խումբը վնաազերծելու տարբերակը, դժվար է խոսել փոխզիջումների կամ անգամ բանակցությունների մասին: Եվ դա չափազանց ցավալի է, որովհետև երկիրը նման հզոր ցնցման տանելուց հետո գոնե պետք էր այս պատմությանը վերջակետ դնել ողջամիտ արդյունքներով:

Թեև դրա շանսերը խումբը չունի, բայց շարժումը, որը ոտքի վրա հիմա հալվում է Խորենացի փողոցի և Ազատության հրապարակի միջև երկփեղկվելով, դեռ կարող է ավելի ռացիոնալ գործողությունների պլան և իրատեսական պահանջներ մշակել՝ հրաժարվելով մաքսիմալիստական և ակնհայտորեն անիրագործելի պահանջներից ու ստիպել իշխանությանը դրանց շուրջ երկխոսության նստել:

 Այդ շանսը կորցնել չի կարելի: Ի դեպ, սա վերաբերում է նաև իշխանությանը, որը, երկրի առջև ծառացած և ահագնացող արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար այլ տարբերակ, քան առկա հասարակական-քաղաքական, հոգեբանական ճգնաժամը շատ արագ վերացնելը, իր նկատմամբ վստահությունը վերականգնելը, պարզապես չունի: Պետք է հուսալ, որ երկու կողմում էլ բանականությունը, ամեն դեպքում, կհաղթի:

Գևորգ Դարբինյան