|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Արտաքին գործերի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն միջազգային կառույցները, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահները, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու հարցում:
Նախարարն ասաց, որ հարցին ավելի ընդարձակ պատասխան կտրվի մի քանի շաբաթվա ընթացքում։ «Դուք խոսեցիք Հայաստանի կողմից հնչեցված որոշ դիրքորոշումներից, շատ շուտով կառավարության ծրագրում կտեսնեք մեր ձևակերպումները։ ԼՂՀ-ի` որպես հակամարտության կողմի որոշիչ ձայնը եղել և մնում է շատ էական գործոն մեր դիրքորոշման մեջ։ Արձագանքներին ճիշտ կլինի անդրադառնալ մի փոքր ավելի ուշ»,- նշեց նա:
Բոստանջյանի հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանի դիվանագիտական ներկայացվածությանը: «15 մլրդ դրամը մի մեծ փող չէ, որ տրամադրվել է ԱԳՆ-ին, բայց ֆինանսական սուղ պայմաններում ճոխ չէ՞ մեր դիվանագիտական ներկայացվածությունը արտերկրում: Իշխանական բուրգի գագաթին գտնվող որոշ մարդիկ դիվանագիական գործունեություն ծավալելու պատրվակով ապրում են դրսում: Կլինե՞ն հեռանկարներ` ավելի զուսպ ներկայացվածություն ունենանք և ռացիոնալ օգտագործենք ռեսուրսները»,- ասաց նա:
Նախարարը պատասխանեց, որ Հայաստանի ներկայությունը դիվանագիտական դաշտում ավելի համեստ է, քան ցանկալի կլիներ: «Մենք որքան հնարավոր է ընդլայնել ենք մեր դիվանագիտության աշխարհագրությունը, բայց դեռևս բավարար չեն, սահմանափակ միջոցներով կատարում ենք աշխատանքներ: Ճոխ կյանքին անդրադարձաք. 27 տարի է` աշխատանքում եմ, և եթե հարցնեք իմ ընտանիքի անդամներին, դժվար թե նրանք համաձայնեն այդ հարցում, այստեղ ավելի շատ Հայաստանը ներկայացնելու հպարտությունն ու պատասխանատվությունն է խոսում»,- ասաց Մնացականյանը: