կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 13:23
Քաղաքական

Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը. Արզումանյան

Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը. Արզումանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Արզումանյանի խոսքով`հանդիպման փաստը կարևոր է, նաև` եռանախագահների միահամուռ հայտարարությունը, որը բացառվում է ռազմական լուծումը, և որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ պայմանագրին` հրադադար հայտարարելու մասին:

«Նաև խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնել, ինչի մասին Հայաստանը բազմիցս հայտարարել էր, բայց Ադրբեջանը հրաժարվում էր: Այդ առումով` կարելի է ասել, որ բավականին դրական է հնարավոր բանակցությունների վերսկսման համար: Սա հայկական կողմին տալիս է հնարավորություն` դադար վերցնելու և զբաղվելու բանակաշինարարությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որոնք մենք ունեցել ենք, հետաքննություններ անցկացնելու, պատժելու մեղավորներին, սպառազինությամբ զբաղվելու և մեր ներքաղաքական կյանքում կատարելու ռեալ ռեֆորմներ»,- ասաց Արզումանյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի պատրաստ լինել ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման, բայց դրա հետ մեկտեղ չպետք է խուսափի բանակցային գործընթացի վերսկսումից:

«Փորձը ցույց է տալիս` չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր առջև դրված պարտավորությունները, ինչպես չի հարգել 94 թվականին կնքված պայմանագիրը, բայց այս անգամ կա եռանախագահների միահամուռ մասնակցությունը, և կարծում եմ` եթե մեխանիզմները ներդրվեն, դա հնարավորություն կտա խոսելու նաև հասցեական խախտումների մասին»,- ասաց նա:

Արզումանյանի խոսքով` Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը: «Նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, մի նախապայման չի արվել, որն ավելի շատ հռետորական էր և հասցեական հայտարությունների մասին էր: Հասցեական հայտարարությունը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկն անի, դա աքսիոմ է, իսկ մենք ավելի պետք է ակնկալենք հասցեական հայտարարություններ բարեկամ երկրների կողմից»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց նաև, որ մենք պետք է ունենանք ադեկվատ բանակ, որը պետք է պատասխանի և անհրաժեշտության դեպքում պատժի նախահարձակ կողմին ու չխուսափի բանակցություններից:

«Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, մենք մեր հարցը ռազմի դաշտում արդեն լուծել ենք, մնում է դա բերել խաղաղության սեղանին, մնում է դա Ադրբեջանը հասկանա»,- ասաց նա` հավելելով. «Միջազգային հանրությունը երկու օր հետևում էր` ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, ՌԴ նախագահ Պուտինը միայն ամսի չորսին է անդրադարձել: Այդ էր Ադրբեջանին տրված ժամկետը`փորձելու դաշտում իրավիճակ փոխել, ինչը Ադրբեջանին չհաջողվեց»: