Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի հիմնումը չի նշանակում, թե Արցախը հեռացել է Հայաստանից, ընդհակառակը, գրասենյակի հիմնումով նպատակ ունենք տեղում առկա խնդիրների գույքագրում իրականացնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, որն այժմ Արցախում է՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենյակի բացման առիթով անցկացվող պաշտոնական ընդունելությանը։
«Խնդիրները, որոնք գույքագրելու ենք այլևս միայն քաղաքական և անվտանգային չեն, դրանք նաև հումանիտար են և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ են՝ Արցախ տարաբնույթ այցերի կազմակերպում, լրագրողական խմբերի ներգրավում, փաստահավաք առաքելություն, ընդհանրապես լայնածավալ գործունեություն»,-ասաց նա։
Գրասենյակի հիմնադրման պաշտոնական ընդունելությանը հրավիրված էին և մասնակցեցին Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, հյուրեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարաններից, պաշտոնատար այլ շրջանակներից՝ նշեց Գևորգ Ղուկասյանը։ Ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդը։
«Ելույթները հիմնականում վերաբերում էին օրվա խորհրդին․ հատկանշական է, որ Հայ Դատի Արցախի գրասենյակն իր գործունեությունը սկսում է ներկա ծանր կացության պայմաններում, բայց նաև Արցախի Հանրապետության 30-րդ հոբելյանական տարեդարձի օրը»,-ասաց նա։
Գրասենյակը կղեկավարի Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգի Պետրոսյանը, և կգործի ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում:
Գրասենյակի հիմնադրման արարողությանը ընդգծվեց, որ այն ծառայելու է քաղաքական ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում Արցախին հնարավորինս մեծ օժանդակություն ապահովելուն։
«Այդ օժանդակությունը բազմաբնույթ է՝ սկսած տարբեր տեսակի հումանիտար ծրագրերի իրականացումից, օժանդակության ապահովումից մինչև արդեն զուտ քաղաքական բնույթի հարաբերական աշխատանքներ և Արցախի շահերի պաշտպանություն միջազգային հարաբերություններում, որը պիտի միտված լինի Արցախի ժողովրդի համալիր իրավունքների պաշտպանությանը՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի իրացման ապահովմանը, կյանքի իրավունքի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև Արցախի բարեկամների միջազգային «Պրո-Արցախ» ցանցի անդամների շնորհավորանքների տեսագրությունները։
«Հայ Դատի մեր կենտրոնական գրասենյակի, տարածաշրջանային գրասենյակների աշխատանքների շնորհիվ այս ցանցը ընդլայնվել է, և Արցախի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթություններից մեկն էլ վերաբերելու է Արցախի բարեկամների միջազգային ցանցի ընդլայնմանը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։
Շնորհավորական այդ ուղերձները եկել են աշխարհի 10 երկրներից՝ նշեց նա․ Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահն է շնորհավորել, ԱՄՆ կոնգրեսից բազմաթիվ շնորհավորական ուղրձներ ունենք՝ հայկական հարցերով խմբի երկու համանախագահները, փոխնախագահը, շուրջ 10-ի հասնող կոնգրեսականներ, շնորհավորանք է հղել նաև ՌԴ պետդումայի բոլորիս բարեկամ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Հայ Դատի համաշխարհային ցանցի կողքին գտնվող մեր ժողովրդի բարեկամները այսօր փաստորեն միացան մեզ՝ նշելու այս օրը և իրենց քաջալերանքի խոսքերը բերելու մեզ»,-ասաց նա։
Գևորգ Ղուկասյանը նշեց, որ Արցախի միջազգային բարեկամները, որոնք 2019-ին անձամբ էին եկել Արցախ՝ հայտնվելով Ադրբեջանի «սև ցուցակում», այսօր էլ ամեն կերպ փորձում էին ասել արցախահայությանը, որ երբեք չհանձնվեն և շարունակեն պայքարը՝ խոստանալով, որ իրենք իրենց մայրաքաղաքներում շարունակելու են այն աշխատանքը ավելի մեծ թափով, որ տանում էին առաջ, և ընդգծելով, որ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից հետո Արցախի ժողովրդի անկախության ճանաչումը կենսական անհրաժեշտություն է։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․