|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Տասնյակ հայ գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շարունակում են պահվել Ադրբեջանի բանտերում՝ ենթարկվելով խիստ դատավճիռների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Եվրոպական խորհրդարանը հուլիսի 14-ին նախատեսում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Արդյո՞ք այս համաժողովը կդառնա շրջադարձային, թե՞ կրկին կմնա հայտարարությունների մակարդակում։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։
-Պարոն Ղուկասյան, հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է՝ «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրության, քննարկվելու են Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների կալանքի, խիստ դատավճիռների հետ կապված մտահոգիչ հարցեր։ Ի՞նչ հիմնական ակնկալիքներ կարելի է ունենալ այդ համաժողովից։
-Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև մյուս մեր գերիների ազատ արձակմանը նպաստելու միտված աշխատանքներն իրականացվում են Հայ դատի բոլոր հանձնախմբերի և գրասենյակների կողմից, դրանք իրենց բնույթով Հայ դատի համակարգի համար առաջնահերթ են և գործունեության հիմնական ուղղություններից են։
Հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված խորհրդարժողովը պետք է հենց այս շրջանակում դիտարկել։ Խորհրդարժողովն իրականացվելու է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների համագործակցության արդյունքում։ Նպատակն է՝ եվրոպական քաղաքական շրջանակներում բարձրացնել իրազեկվածության մակարդակն Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող ապօրինությունների վերաբերյալ և դրդել եվրոպական կառույցներին կոնկրետ գործողություններ իրականացնելու։
-ԵՄ-ն տարիներ շարունակ բավական զուսպ է արձագանքել հայ գերիների հարցին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մինչ այժմ չի կիրառվել ավելի կոշտ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ։
-Մենք պետք է շատ նուրբ մոտենանք, երբ խոսում ենք Եվրոպական Միության մասին այն համատեքստում, որ Եվրոպական միությունը միատար չէ, բացի այն, որ 27 անդամ պետություն ունի, եվրոպական կառույցները ևս տարբեր հարցերով քաղաքական ակտիվության տարբեր նշաձողեր են սահմանում։
Մենք Եվրոպական խորհրդարանի հետ որևէ խնդիր, ըստ էության, չունենք և վերջին բանաձևից հետո Ադրբեջանն ուղղակիորեն դադարեցրեց Եվրոպական խորհրդարանի հետ իր համագործակցությունը, երբ Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ բավական օբյեկտիվ բանաձև ընդունեց Հայաստանին վերաբերող հարցերի և նաև Արցախահայությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պաշտպանություն, հայ ռազմագերիների ազատ արձակում և այլն։ Եվ ըստ էության խնդիրը հիմա Եվրոպական խորհրդարանի կողմից Եվրոպական միության գործադիր իշխանության վրա ճնշման մեծացում է։
Նախ նշեմ, որ Եվրոպական Միության գործադիր իշխանությունը, այո, իր դիրքորոշումներով բավական զուսպ է, սակայն ամեն դեպքում նրանք նույնպես հայտարարում են, որ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, ճանաչել են Արցախահայության վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը և այլն։ Սակայն անհրաժեշտ է մշտապես Եվրոպական Միության խորհրդարանի կողմից ճնշում ապահովել Եվրոպական Միության գործադիր իշխանության, հատկապես Եվրոպական հանձնաժողովի նկատմամբ, որն ունի հենց այն իրական գործիքներն ու լծակները, որոնցով կարող են Ադրբեջանին ստիպել կոնկրետ գործողություններ իրականացնել, այս դեպքում, օրինակ, ազատ արձակելու հայ ռազմագերիներին։
-Արդյո՞ք Բրյուսելում կա իրական քաղաքական կամք՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա։
-Այսպես թե այնպես մենք միանշանակ չենք կարող ասել, որ Բրյուսելում, ի դեմս Եվրոպական Միության, որպես աշխատանքային մայրաքաղաքի կա քաղաքական կամք, թե չկա։ Քաղաքական կամք կա Եվրոպական խորհրդարանում, կա նաև գործադիր իշխանությունում, սակայն գործադիր իշխանությունից դեռևս չեն նկատվում բավարար մեսիջներ, որոնք մեզ թույլ կտան կարծելու, որ գործադիր իշխանությունը պատրաստվում է այդ քաղաքական կամքից բխող կոնկրետ գործողություններ իրականացնել Ադրբեջանի նկատմամբ։ Այնպես որ նման ձեռնարկների նպատակը հենց դա է, որպեսզի Եվրոպական խորհրդարանի շարունակական ճնշման պայմաններում վերջապես ԵՄ գործադիր իշխանությունն Ադրբեջանի նկատմամբ կիրառի այնպիսի գործիքակազմեր, որոնք պաշտոնական Բաքվին կարող են վերադարձնել կամ որոշակիորեն վերադարձնել կառուցողական դաշտ։
-Ի՞նչ իրական մեխանիզմներ ունի ԵՄ-ն՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։
-Իհարկե մեխանիզմները բավական են, սկսած պատժամիջոցներից, անհատական բնույթի պատժամիջոցներից, մինչև, օրինակ, գազային էներգետիկայի ոլորտում երկկողմ հուշագրի գործունեության դադարեցում, ինչի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը մի քանի անգամ, վերջին երեք տարիների ընթացքում, տարբեր բանաձևերով դիմել է Եվրոպական Միության հանձնաժողովին, որ Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիրը պետք է դադարեցնել՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում, սակայն դեռ գործադիր իշխանությունը քայլ չի արել։ Բայց այլ գործիքներ ևս ԵՄ գործադիր իշխանությունն ունի ու ամբողջությամբ իրականացրել է։ Նախ և առաջ սահմանափակում է դրել Եվրոպական Միության գործադիր իշխանության նկատմամբ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները իրավապայմանագրային նոր մակարդակի բարձրացնելու առումով։ Սա ԵՄ բացառիկ լիազորություններից է, և այո, Եվրոպական խորհրդարանը 2018 թվականից Ադրբեջանի նկատմամբ այդ սահմանափակումը կիրառել է և դեռևս չի վերացրել և ըստ ամենայնի չի էլ վերացնի տեսանելի ապագայում։
-Իսկ այս ուղղությամբ ի՞նչ է անում Հայաստանը, և Ձեր գնահատմամբ՝ ինչն է բացակայում պետական քաղաքականության մեջ։
-Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններն այս առումով բնականաբար արդյունավետ չեն և նաև անարդյունավետության մասին են խոսում, նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրումից հետո պահվող գերիների առկայությունը, ինչը որ նոնսենս է ամբողջ միջազգային պատմության մեջ։
-ՀՅԴ Սփյուռքի կառույցների, այդ թվում Հայ դատի գրասենյակների ազդեցությունը որքանո՞վ է շոշափելի այս գործընթացում։
-Առհասարակ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները այսօր հայ գերիների ազատ արձակման միջազգային պայքարի առաջնագծում են և աշխատանքները շարունակելու են այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է, իհարկե սփյուռքյան այլ կազմակերպություններ ևս կան, Հայաստանում հիմնված կազմակերպություններ ևս կան, և կուզեմ շեշտել ՀՅԴ Հայ դատի համակարգում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALC) և Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» (ICLaw) համագործակցությունը հայ գերիների իրավունքների պաշտպանության միջազգային դատական ատյաններում՝ նրանց գործերի ներկայացման, շահերի հետապնդման և այլնի համատեքստում։
-Եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների հետ ի՞նչ աշխատանքեր են տանում Հայ դատի գրասենյակները՝ Բաքվի բանտերում պահվող հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն ավելի լայն միջազգային օրակարգ բերելու համար։
-Նախ նշեմ, որ միայն եվրոպական երկրների խորհրդարանների հետ աշխատանքներ չեն իրականացնում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, նաև կառավարությունների, իրավապաշտպան համայնքների, լրատվամիջոցների հետ են աշխատանքներ իրականացվում և այդ աշխատանքներն իրենց բնույթով տարբեր են, դրանք կարող են վերաբերել , ինչպես միջազգային դատական ատյաններում գործերի ներկայացմանն ու շահերի պաշտպանությանը, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ, եթե փորձեմ ամփոփ ներկայացնել, ապա՝ միջազգային պատշաճ ճնշման գեներացմանը, ինչի պայմաններում, գերիները կարող են ազատ արձակվել։
Ասվածի համատեքստում պետք է դիտել նաև մոտ 10 օր առաջ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված մամուլի ասուլիսը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների մասնակցությամբ հայ ռազմագերիների, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության թեմայով։ Այսինքն՝ այս ուղղությամբ աշխատանքները, ինչպես նշեցի, Հայ դատի համակարգի համար առաջնային նշանակություն ունեն և առաջիկայում ևս շարունակվելու են։
Հարցազրույցը՝ Հերմինե Զեյնալյանի