կարևոր
2425 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 10:54
Քաղաքական

Ադրբեջանաթուրքական թեզերով համեմված ՀՀ իշխանությունների դեմարշը չի կանգնեցնելու Հայ դատի պայքարը. Գեւորգ Ղուկասյան

Օրերս Վաշինգտոնում կայացել է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողովը՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման ու ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը հրապարակել է տեսանյութ եւ ամփոփել երկօրյա խորհրդաժողովի արդյունքները՝

«Հայրենակիցներ,
Վաշինգտոնում երկու օր առաջ ավարտվեց Հայ դատի Ամներիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հաարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որը նպատակ ուներ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակում մարտավարական վերանայման եւ քննարկման ենթարկել Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքները։ Հայ դատի կենտրոնական խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել այդ մասին ծավալուն հաղորդագրությամբ։

Խորհրդաժողովը, ի թիվս այլնի ընդգծել է, որ Հայ անկախ պետականության համար անհրաժեշտ արտաքին օժանդակություն ապահովելը եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկելը շարունակելու են մնալ Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևորագույն ուղղություններից։

Ինչպես յուրաքանչյուր ազգային ուժ, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, կիսում են մեր ժողովրդի ցավն ու վիշտը,  ինչը սակայն երբեք չպետք է վերածվի հուսահատության և անձնատվության։ Հուսահատությունը հիմա թերևս ամենահեշտ բանն է, որ մենք կարող ենք անել, բայց հավատացեք, դա կառաջնորդի դեպի անդարձ կորուստների ու շարունակական աղետների նոր հանգրվանների։

Հեշտ չէ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքը, հատկապես երբ այն խոչընդոտվում է ինչպես թշնամական ուժերի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների անհավասարակշիռ եւ անմիտ հայտարարությունների միջոցով։ Այսօր, կարող է թվալ թե իզուր էր տասնամյակների աշխատանքն ու ձեռքբերումները, բայց ոչ։ Մեր ժողովրդի հերոսական զավակների պայքարի ու նաև Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքի արդյունքում էր, որ հայ ժողովուրդն ուներ հպարտություն, ազատագրված հայրենիք, երկու անկախ պետականություն և արժանապատվություն։ Չլիներ այդ պայքարը չէինք ունենա այն ինչ ունեինք, և նույնիսկ այն, ինչ հիմա ունենք։ Հետևաբար պայքարից հրաժարվելու իրավունք չունի ազգային որեւէ ուժ։ 

Հայ դատի համաշխարհային ցանցը՝ աշխարհի կարեւորագուն մայրաքաղաքներում, ավելի քան երեսուն երկրներում եւ հինգ մայրցամաքներում նոր թափով շարունակելու է իր աշխատանքը՝ ավելի բարդ կետից, հոգեբանական ավելի դժվար իրավիճակում, միջազգային հարաբերությունների խիստ աննպաստ պայմաններում։ Սակայն, մենք չենք կարող նահանջել, չե՛նք կարող նահանջել ու տեսնել թե ինչպես է այլ պետություններում բարձրանում ադրբեջանաթուրքական ազդեցությունը, չենք կարող նահանջել ու հրաժարվել մեր ձեռքբերումներից, չենք կարող թողնել պայքարի մեզ վստահված դաշտը, չենք կարող նահանջել երբ թիկունքում չունենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների թեկուզ բարոյական աջակցությունը, այլ ընդհակառակը, երբ վերջիններիս կողմից Հայ դատի համակարգի նկատմամբ սանձազերծվել է ցինիկ և ադրբեջանաթուրքական թեզերով համեմված դեմարշ։

Հայ դատը գաղափարների ամբողջություն եւ շուրջ 80 տարվա պատմություն ունեցող միջազգային ուրույն ցանցային կառույց լինելուց բացի նաև մտածողության որոշակի ձեւ է, որը ձգտում է հանրային դիվանագիտության գործիքակազմով նպաստել միջազգային քաղաքական այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որը հետագայում, միջազգային հարաբերությունների ներկա վիճակի փոփոխության պարագայում, մեզ կարող է հնարավորություն տալ ի շահ մեզ օգտագործել այդ փոփոխությունները։ Իսկ որ միջազգային քաղաքական գործընթացների բնույթը ենթակա է պարբերական փոփոխությունների, դա արդեն պատմաքաղաքական փաստ է։
Մենք շարունակում ենք պայքարը մե՛զ վստահված դաշտում եւ չե՛նք համակարպվելու այն իրավիճակի հետ, որին մեզ ստիպում են համակերպվել»։