Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու, պատերազմական հանցագործությունների համար ադրբեջանա-թուրքական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, որն այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում է համաշխարհային հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության, այդ թվում ՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած հուշարձանների պահպանության նպատակով մեկնարկած «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողովին։
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդներ, առաջատար գիտնականներ ու փորձագետներ։
«Մեկ շաբաթ առաջ Կոնգրեսում նախաձեռնություն սկսվեց․ 27 կոնգրեսական պետքարտուղարի առջեւ հարց դրեց թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների առկայության մասին՝ կոչ անելով ԱՄՆ-ին՝ դադարեցնել նման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային»,- ասաց Ղուկասյանը։ Խոսելով Արցախում օրերս բացված՝ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի գործունեությունից, Արցախի Հանրապետության, նրա բնակչության եւ մշակութային ժառանգության առջեւ ծառացած խնդիրներից՝ Ղուկասյանն ասաց, որ գրասենյակի բացումը հստակ քաղաքական ուղերձ է, որ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի համար Արցախը շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթություն։
«Գրասենյակի գործունեությամբ մենք պետք է նոր թափ հաղորդենք Արցախի խնդրի միջազգայնացմանը, Արցախի միջազգային հարաբերությունների զարգացմանը, բնակչության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Պատերազմի արդյունքով պայմանավորված՝ համայն հայության ներուժի համախմբման անհրաժեշտություն կա։ Յուրաքանչյուր հաստատություն, առաջին հերթին՝ համահայկական բնույթ ունեցող հաստատությունները պետք է կարողանան օժանդակել Արցախի ժողովրդին»,- ասաց նա՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ Մայր Աթոռում կազմակերպված միջազգային համաժողովը։
Ըստ Ղուկասյանի՝ համաժողովը չափազանց կարեւոր նշանակություն ունի, հատկապես այն իմաստով, որ առնչվում է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ «Նման միջոցառումների շնորհիվ մեր խնդիրները կարող են միջազգայնացվել եւ ապահովել միջազգային ճնշում Ադրբեջանի վրա։ Արցախում Հայ Դատի գրասենյակի բացումը եւս պետք է դիտարկել հենց այս հիմնախնդիրների կոնտեքստում»,- նշեց նա։
Արցախում բացված Հայ Դատի գրասենյակի անկյունաքարային հարցերից է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Ղուկասյանը շեշտեց՝ ինքնորոշման իրավունքը Ղարաբաղյան հիմնախնդրի էությունն է, հետեւաբար՝ այն պետք է լինի առաջին տեղում։ Այս առումով նա խիստ մտահոգիչ համարեց այն, որ ՀՀ կառավարության ծրագրում «Արցախի ինքնորոշում» տերմինը մեկ անգամ է օգտագործվում։ Այդուհանդերձ, Ղուկասյանն ընդգծեց՝ Հայ Դատի համաշխարհային ցանցը ՀՀ կառավարության գործունեությամբ չէ, որ պայմանավորում է իր քաղաքական առաջնահերթությունը։ «Մենք մեր քաղաքական առաջնահերթությունները պայմանավորում ենք այն կենսական խնդիրներով, որոնց առջեւ կանգնած է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան