կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 15:19
Քաղաքական

Խաղաղության օրակարգը առանց ճանապարհային քարտեզի՝ համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Խաղաղության օրակարգը առանց ճանապարհային քարտեզի՝ համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Հայաստանի իշխանությունը Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում և, ինչպես վարչապետ Փաշինյանը հայտարարեց, մտադիր է դրանք գնահատել և այդ ազդակներին դրական ազդակով պատասխանել։ Այնինչ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների մասին խոսելիս վերաշարադրում է իրենց թելադրած նախապայմանները Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը Հայաստանի կողմից ճանաչելու, Թուրքիային Հայոց ցեղասպանության համար մեղադրելուց հրաժարվելու մասին, ինչպես նաև պահանջում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կնքի խաղաղության պայմանագիր՝ լիարժեք հրաժարվի Արցախից, բացի Սյունիքի «թյուրքական միջանցքը»։

«Այն, ինչ ասում է Էրդողանը, նախապայմաններով խոսելու հին ավանդույթները շարունակելուն միտված մոտեցում է․ Հայաստանի կողմից 2008-09 թթ եղել է նախաձեռնություն, կան նախաստորագրված արձանագրություններ, որով Հայաստանը պետք է ճանաչեր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և գործող սահմանները, մինչդեռ դրանից հետո այդ փաստաթղթերը չվավերացվեցին և կյանքի չկոչվեցին»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Դրանից հետո, նրա խոսքով, տարիներ շարունակ Էրդողանը կրկնում է նույն թեզերը, և այնպիսի տպավորություն է, որ նա արձանագրությունները չի կարդացել կամ արձանագրությունների բովանդակությունը մոռացել է։

«Իրականում ինչ Էրդողանը պահանջում էր մինչև 2008 թ-ը՝ արձանագրություններում գրեթե բոլորը արտացոլվել են։ Ցեղասպանության հետ կապված քննարկումներն էլ ձևակերպվել են համատեղ ենթահանձնաժողովների տեսքով։ Այնպես որ, այստեղ կրկին գործ ունենք նախապայմաններով Հայաստանի հետ խոսելու վատ ավանդույթի հետ»,-ասաց նա։

Վահրամ Տեր-Մաթևոսյանի համար առավել տարակուսելի է, թե ինչպիսի ազդակ է եկել Հայաստան և ինչով է ոգևորված ՀՀ կառավարության ղեկավարը, որը որոշել է նման կերպ արձագանքել Էրդողանի հայտարարություններին։

«Էրդողանի ներկայացրած նախապայմանների լեզուն թերևս ուղղված է նրան, որ Հայաստանը պետք է նախ և առաջ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ եթե սա է այդ դրական ազդակը, որը ՀՀ կառավարությունը ստացել է, ապա այստեղ ավելի շատ հարցեր են առաջ գալիս»,-ասաց նա։

Նա նկատեց, որ եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունը հայտարարում էր, որ Ադրբեջանը դեմ չէ, որպեսզի Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսեն և հայ-թուրքական սահմանը բացվի, ապա այժմ փոխվել են նաև Ադրբեջանից եկող մեսիջները դեպի Թուրքիա՝ Հայաստանի հանդեպ որևէ քայլ անելուց առաջ Հայաստանը պետք է լիովին համաձայնի այն կետերի հետ, որոնք առաջ են քաշում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը հիշեցրեց, որ այս ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց նաև Շուշիի հռչակագիրը, որով գործ ունենք թուրք-ադրբեջանական բազմամակարդակ սինքրոնիզացիայի հետ։

«Թուրքիայի համար կոնֆլիկտը նախ և առաջ հնարավորություն է․ եթե 2008 թ-ին առաջ էր քաշել Կովկասի խաղաղության պլատֆորմը, ապա այժմ առաջ է քաշել 6-յակի փաստաթուղթը, որը ամբողջությամբ նախապայմաններով պարուրված մեկ այլ առաջարկ է, որտեղ նույնպես Հայաստանի հետ խոսում են նախապայմանների լեզվով»,-ասաց նա։

Թուրքիայի իշխանությունները, նրա համոզմամբ, այս նախապայմաններն առաջադրում են՝ պատասխանելով Հայաստանի իշխանությունների արձագանքին։

«Երբ ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդարանից հայտարարում է, որ իրենք խաղաղության օրակարգն են առաջ տանելու, բնականաբար, դա Անկարայում և Բաքվում վերլուծում են որպես ցանկություն գնալու այն խնդիրների լուծմանը, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի տեսակետից համարվում են իրենց հնարավորություները, իսկ հայկական կողմը հայտարարում է նախկինում չլուծված խնդիրների՝ այժմ հաղթահարելի լինելու մասին։ Այսինքն, խաղաղության օրակարգ առանց ճանապարհային քարտզի՝ կարծես ամեն ինչով համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ ծրագրերին, ուստի այս երկու երկրները հիմա ամենևին էլ չեն շտապում կյանքի կոչել ՀՀ կառավարության ղեկավարի նմանատիպ դիրքորոշումը, որովհետև եթե Հայաստանը պատրաստ է զիջումների, ապա Հայաստանից կարելի է ավելին քաղել»,-վստահություն հայտնեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Այս ամենով հանդերձ, նրա խոսքով, պետք է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարը մի քանի ուղղություններով հստակ քաղաքականություն մշակի։

«Որովհետև հիմա այսպիսի հսկայածավալ քարոզչական, տեղեկատվական և արտաքին քաղաքական ազդեցությունների պլատֆորմ դառնալով՝ Հայաստանը չի կարող այդպիսի ռեակցիոն դիրքորոշում ունենալ․ ՀՀ ղեկավարությունը և արտաքին գործերի ղեկավարությունը պետք է նախ սթափվեն և նոր քաղաքականություն մշակեն, որով առաջին հերթին պետք է ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային նոր գործընթաց սկսել և արձանագրել, որ ԼՂ կարգավիճակը անբեկանելի հարց է, ՀՀ տարածքային ամբողջականությունը անքննելի հարց է։ Սրա շուրջ պետք է քննարկումներ սկսվեն միջազգային հանրության հետ, որպեսզի կարողանանք վերադառնալ այնպիսի բանակցային ֆորմատի, որտեղ Հայաստանը չընկալվի որպես պատերազմում պարտված և մինչև հիմա ուշքի չեկող՝ միջազգային իրավունքի սուբյեկտ»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նրա համոզմամբ, առաջարկվելիք նոր փաստաթղթում Թուրքիան փորձ կանի ավելիին հասնել, քան նախկինում էր, և այստեղ է, որ այն թակարդներն են դրված, որը ՀՀ կառավարությունից պահանջում է առավելագույն աչալրջություն։

«Ոորովհետև եթե խաղաղության գործընթացի մասին է խոսում ՀՀ ղեկավարությունը՝ առանց նեկայացնելու այն ճանապարհային քարտեզը և այն ռեսուրսները, որով Հայաստանը մտնելու է այդ գործընթացի մեջ, այստեղ, բնականաբար, մեծածավալ հարցերի նոր շարք է սկսվում և այստեղ է, որ ավելի ու ավելի են մեծանում մեր խնդիրների ծավալը, որոնց մենք միայնակ ենք դիմակայում»,-ասաց նա։

Ուստի Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը չպետք է շտապի Թուքիայից եկող ազդակները դրական գնահատել, կշռադատի դրանց անկեղծությունը, իրական և երկրորդական նպատակները, գոնե հանրային քննարկումների տպավորություն ստեղծի, նոր Թուրքիայի հետ մտնի խաղաղության գործընթացի մեջ։

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից Հայաստանի հնարավոր հրաժարման մասին նա ասաց, որ ՀՀ կառավարության ղեկավարը վերջին հայտարարության մեջ այնպիսի ձևակերպում տվեց ցեղասպանության միջազգային ճանաչմանը,  որ բավականին պասիվացած էր։ Նա չի կարծում, որ պահանջատիրությունից հրաժարվելու մասին բացեբաց կհայտարարվի, բայց ակնկալում է որոշակի նվազում։

Արդյո՞ք այս զարգացումները Սփյուռքը չեն կտրի Հայաստանից՝ հարցին, Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատասխանեց, որ նոյեմբերից ի վեր Սփյուռքի կազմակեպությունները իրենց դիրքորոշումը արտահայտել են այս կառավարության վերաբերյալ։

«Դժվար է ասել, որ հենց այդ հարցի կապակցությամբ Սփյուռքը կկորցնենք, բայց ՀՀ-Սփյուռք հարաբերությունները ինչպես մինչև այսօր ձեռք չեն բերել որևէ կենսունակ բանաձև համատեղ փոխշահավետ աշխատանքի, այնպես էլ ապագայում կթուլանան աջից և ձախից եկող բազմաթիվ հարվածներից։ Պետք է դա թույլ չտալ»,-ասաց նա։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը նկատեց, որ Թուրքիան այս տարիների ընթացքում սովորել է ապրել Ցեղասպանության հակաքարոզչական պայքարի հունի մեջ և ձեռք է բերել որոշակի գործիքակազմ։ Նրանք, անշուշտ, ավելի հարմարավետ կզգան, եթե այդ խնդիրն աստիճանաբար նահանջի։  Բայց Թուրքիայի բոլոր քայլերին պետք է հակաքայլեր պատրաստել, և այն հսկայածավալ գործընթացում, որ ՀՀ իշխանությունը ցանկանում է ներքաշվել, պետք է այնպես մանևրել, որ հնարավոր լինի միշտ անվտանգության բարձիկներ պահել։

Աննա Բալյան