Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այնպիսի խայտառակ ձախողումից հետո, ինչպիսին է Հայրենական պատերազմում մեր կրած պարտությունը, ցանկացած արժանապատիվ իշխանություն կամովին հրաժարական կտար և տեղը կզիջեր այն ուժերին, որոնք առնվազն ի պաշտոնե պատասխանատվություն չեն կրում այդ պարտության համար: Բայց՝ ոչ, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այդպես հեշտ «հանձնվեր»: Հավանաբար նրան թվում է, թե դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ կարելի է իշխանությունը պահել, մեղմ ասած, էշի տեղ դնելով ողջ ժողովրդին: Նիկոլը, որ 2018-ի գունավոր հեղափությունից առաջ բավականին լավ էր յուրացրել այդպիսի հեղափոխությունների տեխնոլոգիան, մասնավորապես՝ այդ հեղափոխության նախահայրեր Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի փորձը, չի յուրացրել, սակայն, սեփական երկրի ոչ հեռավոր անցյալի պատմության համապատասխան փորձը: Մենք նկատի ունենք հատկապես 1996-ի նախագահական ընտրությունները, երբ օրվա հհշական իշխանությունը ուժային կառույցների միջոցով բռնազավթեց իշխանությունը, բայց մեկուկես տարի հետո՝ 1998-ի փետրվարին, արցախյան հարցի կարգավորման շուրջ իր երբեմնի թիմակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ: Պիտի նկատի ունենալ, սակայն, որ այն օրերին մենք դեռևս հաղթող կողմ էինք, և ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխին կուտակված չէին մահաբեր ամպեր, ինչպիսիք որ կուտակված են այսօր: Նիկոլը դա կարող է և չհասկանալ, որովհետև այն օրերին նա դեռ պատանի էր, բացի այդ, նա միշտ ունեցել է իր «ճշմարտությունը» .... Իր կասկածելի ծագումնաբանությամբ «ճշմարտությունը», որի տեսական դրսևորումների մասին հաճախ է գրվում այս օրերին, իսկ գործնական դրսևորումների ականատեսն ենք բոլորս: Այն, որ Նիկոլը պարզապես ժամանակ է ձգում, կասկածից վեր է: Ո՛չ կառավարության կազմի փոփոխությունը, ո՛չ էլ այսպես կոչված առաջիկա անելիքների իր «ճանապարհային քարտեզը» նրա քաղաքական ճակատագրում բեկում չեն մտցնի: Այդ քայլերով նա փորձում է ստեղծել իրավիճակին տիրապետելու պատրանք, բայց հայ ժողվուրդը այլևս չունի այն ժամանակը, որն իրենից խնդրում է վարչապետ Փաշինյանն անձնական հարցերը կարգավորելու համար: Եթե մինչև պատերազմը կարելի էր մտածել, որ նրա և ժողովրդի «ճանապարհային քարտեզները» ինչ-որ մասով համընկնում էին, ապա այսուհետև դրանք չունեն ոչ մի ընդհանրություն: Հայ ժողովուրդն այսօր ստիպված է մտածելու իր սեփական «ճանապարհային քարտեզը» կազմելու, որ նույնն է, թե՝ սեփական ճակատագրի մասին, այլ ոչ թե վաչապետ Փաշինյանի:
Նիկոլը հասկանում է միայն ուժի լեզուն: Քաղաքակիրթ ոճը նրան անհասկանալի է: Իսկ ուժի լեզուն, ըստ նրա, ժողովրդական դժգոհության ալիքի, այսինքն՝ իր հրաժարականը պահանջող «կրիտիկական զանգվածի» առկայությունն է Երևանի փողոցներում: Եվ որովհետև այդպիսի ալիք առայժմ չկա, կարելի է ձև անել, թե չկա նաև իշխանության հանրային պահանջ, հետևաբար կարելի է խաղալ ժամանակի վրա՝ հուսալով, որ աստիճանաբար ամեն ինչ տեղը կընկնի: Վստահ եմ՝ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆԻ: Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի խաբված ինքնագիտակցությունը շատ շուտով կվերագտնի ինքն իրեն և ոչ միայն իրենց կաբինետներից, այլև հայոց պատմության էջերից դուրս կնետի աթոռը հայրենիքից գերադասող բախտախնդիրներին: Այդպես եղել է միշտ, և մեր օրերը նույնպես բացառություն չեն կազմի: Իրավիճակի սթափ գիտակցում ունեցողներն արդեն իսկ հասկանում են, որ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հետ գնալու ճանապարհ չունեն այլևս: Այդ ճանապարհը մտել է փակուղի և տանում է դեպի կործանում: Ընդ որում, դա կործանարար ճանապարհ է ոչ միայն իրենց համար, այլև մեր անկախ պետականության համար: Ովքեր այլ կերպ են մտածում՝ համառելով չբաժանվել հանգամանքերի բերումով իրեց բաժին հասած իշխանական աթոռներից, նրանք պարզապես տառապում են «հաճելի», բայց ոչ իրատեսական «լավատեսությամբ»: «Ազգային փրկության շարժման» ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կիրառվող ճնշումները արդյունք չեն տալու, ինչպես որ չեն տվել անցած երեսուն տարիների ընթացքում: Այլևս կասկած չի հարուցում, որ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, և այն փրկելու փորձերը ոչ միայն ապարդյուն են, այլև այդպիսի յուրաքանչյուր փորձ դաշույնի նոր հարված է առանց այդ էլ վիրավոր մեր հայրենիքին: Այդպիսի փորձերը չեն ներվի ոչ ոքի: Հեռու չէ այն օրը, երբ նման փորձերի և՛ կազմակերպիչները, և՛ կատարողները ստիպված կլինեն պատասխան տալ իրենց այս օրերի վարքագծի համար, և ոչ ոք չի կարողանալու արդարանալ՝ իբրև թե իրենց մասնագիտական պարտքն են կատարել: Այս խոսքերը սպառնալիք չեն, այլ ընդամենը զգուշացում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռևս չի կորցրել հայրենիքի փրկության գործում իր կարևոր ներրդումն ունենալու և այդ քայլով նաև դավաճանության սպասելի խարանն իրենից վանելու հնարավորությունը: Եթե դեռևս հույս կա, որ հայրենական պատերազմում իրենց ձևավորած կառավարության ի ցույց դրած անճարակությունը կարող է գնահատվել իբրև քաղաքական կարճատեսության, հանգամանքները ոչ ճիշտ գնահատելու արտահայտություն, ապա այդ կառավարության հետագա քայլերի պատասխանատվության ստանձնումը այլևս դրա հնարավորությունը չի ընձեռի: Այսօր զոհասեղանին դրված է ոչ թե ձեր իշխանությունը, այլ մեր բոլորիս պետականությունը և հայրենիքը, որի համար հատկապես վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում հեղվել է տասնյակհազարավոր հայորդիների արյունը: Մեր պետականության առջև այս պահին ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես հայ ժողովրդի ողջ ներուժի համախմբումը, որը հնարավոր չէ պատերազմը տանուլ տված իշխանության շուրջ, այլ ՊԱՐՏՎԱԾ ԵՐԿՐԻ ՉՊԱՐՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, որն ավելի ազատ կլինի առաջիկա բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ որ ավելի կարևոր է, լինի ազգային արժեհամակարգի կրող, վստահություն ներշնչի իր քաղաքական կենսագրությամբ և պետականամետ գործունեությամբ:
ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ: Եթե այդպիսի առաջնորդի ընտրության հարցում սահմանենք իրատեսական չափորոշիչներ, այլ ոչ թե մեկ անգամ ևս մեզ թույլ տանք պատրանքների ետևից ընկնելու, ավելի պարզ՝ մեր գլխին նոր նիկոլներ կարգելու անթույլատրելի շռայլություն, կտեսնենք, որ այդպիսի ընտրության հնարավորությունների շրջանակը խիստ սահմանափակ է: Իսկ եթե այսօր էլ մեր մեջ գլուխ բարձրացնի չարությունը, հանուն մեր և մեր երեխաների ապագայի չկարողանանք ձերբազատվել անցյալի թույն և ատելություն կաթեցնող բեռից, կնշանակի արժանի ենք մեզ վիճակված ճակատագրին: Ես ուզում եմ հավատալ, որ կհաղթի խոհեմությունը:
20. 11. 2020 թ.
Վարդան Պետրոսյան