Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվեց Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը:
Լոքյանը նշեց, որ 2015-ից Հայաստանը ստանձնել էր պարտավորություններ` հետմոնիթորինգային ճանապարհային քարտեզ ունենալու:
«Մեր երկրի համար ֆիքսել էինք մի շարք պարտավորություններ, որոնք պետք է իրականացնեինք: Ի դեպ, ոչ բոլոր երկրներն էին, որ ունեցել են նման համարձակության և հետմոնիթարինագյին պրոցես են անցնում. այդ երկրների թվում են Պորտուգալիան, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան: Մենք ստանձնել ենք բազմաթիվ պարտավորություններ` ՏԻՄ-ների սուբսիդիան մեծացնելու /լիազորությունների և ֆունկցիաների հարաբերակցությունը/, ֆինանսական համահարթեցման պրոցեսները կարգավորելու, համայնքապետի և ավագանու լիազորությունների հստակեցում` ավագանու լիազորությունների մեծացում, համայնքապետի լիազորությունների կոնկրետացում և դրանց իրականացման հետ կապված լուծումներ: Այն նաև ենթադրում է Եվրոպական խարտիայի ամբողջական ընդունում, որն արդեն իրականացրել ենք, տեղական տուրքերի, հարկատեսակների ներդրում ՏԻՄ»,-ասաց Լոքյանը:
Նա նշեց նաև, որ քարտեզով ամրագրված գործընթացների որոշակի մասն արդեն իսկ ընթացքի մեջ է, օրինակ` համայնքների խոշորացման գործընթացը սկսել են: Բացի այդ, այս ամսվա վերջին, ըստ Լոքյանի, կունենանք ֆինանսական համահարթեցման մասին օրենք, իսկ մինչև տարեվերջ ՏԻ մասին նոր օրենք, որը կներառի բարձրացված հարցերի մեծ մասը:
«Ի դեպ, նոր Սահմանադրությունը լայն հնարավորություն ընձեռեց մեզ այս օրենքներում համապատասխան փոփոխություններ իրականացնելու և դրանք կիրարկելու: Կոնգրեսը ոգևորված է, քանի որ ժողովրդավարության էլեմենտներ է տեսնում մեր գործընթացներում: Ի դեպ, փոփոխությունները բերելու են կառավարման լուրջ մակարդակի ձևավորման, համայնքների բյուջեների մեծացման, համայնքների խոշորացման պրոցեսի, պետության կողմից օժանդակությունների մեծացման, որոնք պետք է հիմնականում ուղղված լինեն այս կամ այն համայնքում քաղաքացուն ծառայություն մատուցելուն»,-ասաց Լոքյանը:
Նա նշեց, որ հույս ունի` մինչև տարեվերջ պայմանագրով ամրագրված պարտավորությունների մեծ մասը լուծած կլինեն:
Եվրոպական խորհրդի Տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրենկոնն էլ իր հերթին նշեց, որ Ճանապարհային քարտեզի կնքումը նշանավորում է այն աշխատանքները, որ տարիներ շարունակ կատարում են Հայաստանի հետ: Նրա հավաստմամբ` քարտեզն ուղղված է ավելի «լավ» ժողովրդավարություն ունենալուն` ելնելով Եվրոպական տեղական և տարածաշրջանային խարտիայի սկզբունքներից:
«2013-ին մենք արդեն մշտադիտարկում ենք իրականացրել Հայաստանում ՏԻՄ-երի հետ կապված, և 2015-ի հոկտեմբերի 1-ից մենք սկսել ենք հետմշտադիտարկման գործընթաց: Պետք է գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել երկխոսելու մեզ հետ և պատրաստ են եղել փոփոխությունների: Ճանապարհային քարտեզն իր կազման ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել, քանի որ դուք այնքան արագ եք ընթացել ձեր բարեփոխումներում, որ այն հանձնարարականները, որ նշված էին քարտեզում, դուք արդեն կատարած էիք լինում և մենք ստիպված էինք դրանք փոփոխել»,-ասաց Ֆրենկոնը:
Երբ պետություններից մեկը ստորագրում է խարտիան, ըստ Ֆրենկոնի, որոշակի վերապահումներ է ունենում, և Հայաստանն էլ ստորագրման պահին 4 վերապահում ուներ, բայց մի քանի ամիս է անցել և մենք արդեն բոլոր վերապահումները վերացրել ենք: Հիմա, ըստ նրա, ամբողջապես եք իրականացնում խարտիան, ինչը վկայում է հայկական կողմի լուրջ հանձնառության մասին:
«Դուք վերջերս իրականացրել եք սահմանադրական բարեփոխում, որտեղ նշված է, որ հակասության դեպքում միջազգային պայմանագրի դրույթները գերակա են ներպետական օրենսդրության դրույթների նկատմամբ: Սա համարձակ որոշում է և պատիվ է բերում այն երկրներին, որոնք այդպես են վարվում: Սահմանադրական փոփոխությունները և մնացած քայլերը շատ խոսուն են և վկայում են ձեր վճռականության մասին` ժողովրդավարության ուղիով գնալու»,- ասաց Ֆրենկոնը:
Նա, ի դեպ, նախարար Լոքյանին մեդալ հանձնեց` ասելով, որ այն պատմական է, քանի որ հիմնվել է Եվրախորհրդի ստեղծման տարում` 1949-ին.«Մեդալը խորհրդանշում է այն երկարատև համագործակցությունը, որ մենք ունենք ձեր իշխանությունների հետ` Հայաստանում ժողովրդավարության սկզբունքներն ապահովելու գործում»: