կարևոր
1024 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 17:11
Հասարակություն

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Հայերը ՊԱԿ-ի ուղղորդման կարիքը չունեին 1915 թ․ տեղի ունեցածը հասկանալու համար

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Հայերը ՊԱԿ-ի ուղղորդման կարիքը չունեին 1915 թ․ տեղի ունեցածը հասկանալու համար

Էդվարդ Տանձիկյան
ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԽՍՀՄ-ն և ՊԱԿ-ը ձևավորել են թուրք-հայ-ադրբեջանական թշնամանքը, քննադատվեց ոմանց կողմից, մինչդեռ ոմանք գովաբանեցին այն: Թուրք-խորհրդային հարաբերությունների փորձագետ, «Խորհրդային մոտեցումը Թուրքիայի վերափոխմանը» գրքի հեղինակ և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հայերը, ովքեր վերապրել են Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը և քեմալական ուժերի իրականացրած կոտորածները, 1954 թ․ ստեղծված ՊԱԿ-ի ուղղորդման կարիքը չունեին հասկանալու համար, թե ինչ է պատահել իրենց ընտանիքների, գյուղերի, քաղաքների և եկեղեցիների հետ»:

Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ հայերի, ադրբեջանցիների և թուրքերի միջև թշնամանքը սնվում է խորհրդային դարաշրջանի քարոզչությամբ և ՊԱԿ-ով։ Ըստ Փաշինյանի՝ «Երբ մենք ասում ենք՝ «թուրքերը չեն փոխվի», նրանք նույնն են ասում հայերի մասին։ Երբ մենք ասում ենք՝ «Ինչպե՞ս կարող ենք վստահել Ադրբեջանին», նրանք նույնն են ասում հայերի մասին։ Մենք պետք է ազատվենք ՊԱԿ-ի գործակալների կողմից ձևավորված աշխարհայացքից»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Զախարովան հայտարարեց, որ ՊԱԿ-ը «ստեղծվել է 1954 թ․՝ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից գրեթե 40 տարի անց», և վարչապետի խոսքերը որակեց որպես «պատմությունից անտեղյակի» մտքեր։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ռուս-թուրքական հարաբերությունները, «Ակօս»-ի խնդրանքով մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը և Զախարովայի պատասխանը: Տեր-Մաթևոսյանը նաև նշել է․ «Քեմալիզմը կոմունիզմի աչքերով/խորհրդային մոտեցումները Թուրքիայի վերափոխմանը» վերնագրով թուրքերեն թարգմանված գիրքը, ղեկավարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի թուրքագիտության բաժինը և մասնագիտանում է Հարավային Կովկասի հակամարտությունների, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի պատմության, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մեջ:

Փաշինյանի մեկնաբանությունները ՊԱԿ-ի և Խորհրդային Միության մասին արտացոլո՞ւմ են իրականությունը:

Հայաստանի և նրա հարևանների մասին խորապես արմատացած հանրային ընկալումները փոխելու իր համառ ջանքերում ՀՀ վարչապետը շարունակում է քաղաքական հայտարարություններ անել՝ հիմնվելով ընդհանրացումների, աղավաղումների և ակնհայտորեն կեղծ տեղեկատվության վրա: Սա նորություն չէ: Բազմիցս տեսել ենք, որ Փաշինյանի կողմից Հայաստանի քաղաքական և հասարակական պատմության վերջին երկու դարերի ընկալումը անհանգստացնող է… անճշտություններ, անհամապատասխանություններ և հակասություններ։ Յուրաքանչյուր սխալ պնդումի ուսումնասիրությունը կպահանջի լայնածավալ պատմական վերլուծություն, բայց մեկ կետ անվիճելի է՝ Փաշինյանի պատմության մասին հայտարարությունների մեծ մասը հեռու է պատմագիտությունից։

Երբ Փաշինյանը խոսում է Խորհրդային Միության մասին, որը գոյատևեց գրեթե 70 տարի, մարդ մտածում է, թե Խորհրդային Միության ո՞ր դարաշրջանը նա նկատի ունի։ Խորհրդային պատմության յուրաքանչյուր տասնամյակ իր յուրահատուկ մոտեցումն է բերել Թուրքիային։ 1920-ական և 1930-ական թթ․ ձևավորվեցին այս երկու պետությունները։ Երբ նայում ենք 1930-ական թթ․, տեսնում ենք, որ հարաբերությունները հեռու էին ֆանատիզմից։ Ես դրան անդրադարձել եմ մի ուսումնասիրության մեջ։ Վաղ Խորհրդային Միությունը ոչ մի աշխարհաքաղաքական, գաղափարական կամ քաղաքական պատճառ չուներ հայերի շրջանում հակաթուրքական տրամադրություններ խթանելու համար։

Այսպիսով, կար՞ արդյոք սարսափելի փորձից ծնված գիտակցություն։

Ընդհանրացված պնդումը, որ խորհրդային քարոզչությունը ձևավորել է հայերի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, ոչ միայն պարզեցնում է իրադարձությունները, այլև վիրավորում է պատմական հիշողությունը։ Հայերը, ովքեր վերապրել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը և քեմալական ուժերի կոտորածները, կարիք չունեին 1954 թ․ ստեղծված ՊԱԿ-ի ուղղորդմանը՝ հասկանալու, թե ինչ է պատահել իրենց ընտանիքներին, գյուղերին, քաղաքներին, եկեղեցիներին և սրբավայրերին։ Հայ վերապրողների՝ Թուրքիայի մասին պատկերացումը լենինյան-մարքսիստական-ստալինյան վարդապետությունների արդյունք չէր, այլ նրանց ապրած սարսափների և ժառանգած տրավմայի հետևանք։ Խորհրդային Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Ալեքսանդրապոլը/Լենինականը, հայտնի էր որպես «Որբաքաղաք»։ Ավելի քան 30,000 երեխա, որոնց ծնողները զոհվել են Օսմանյան կայսրությունում, մեծացել են այս քաղաքում և իրենց հետ կրել են աննկարագրելի ցավ իրենց չափահասության ընթացքում։ Սրանք քարոզչության արդյունք չէին. այդ որբ երեխաները կոտորածների կենդանի ականատեսներն էին։ Մեծանալով ծնողների սիրուց և հոգատարությունից զուրկ՝ այս մարդիկ իրենց սրտերում կրել են այդ ավերածությունների հիշողությունը իրենց ողջ կյանքի ընթացքում։ Պնդել, որ Թուրքիայի մասին իրենց պատկերացումները ձևավորվել են խորհրդային ՊԱԿ-ի կողմից, պատմական աղավաղում է և բարոյապես անհարգալից վերաբերմունք։

1930-ականների վերջին և 1950-ականների սկզբին ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները մտան զգալի լարվածության շրջան։ Թուրքիայի աստիճանական մերձեցումը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, պատերազմական տարիներին նացիստական Գերմանիայի հետ նրա սերտ համագործակցությունը և ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը ստեղծեցին խորը աշխարհաքաղաքական պառակտում։ Բնականաբար, այս ժամանակահատվածում խորհրդային իշխանությունները գործում էին Թուրքիայի նկատմամբ աճող կասկածամտությամբ և երբեմն ուսումնասիրում էին հայ և վրաց բնակչությանը մոբիլիզացնելու գաղափարը՝ իրենց տարածքային պահանջները առաջ մղելու համար։ Այնուամենայնիվ, քանի որ այս գաղափարների մեծ մասը հեռու էր լավ ծրագրված լինելուց, դրանք երբեք չանցան դիվանագիտական հայտարարություններից և անորոշ քննարկումներից այն կողմ։

1946-1949 թթ․ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Միացյալ Նահանգներում ապրող 90,000 հայերի ցեղասպանությունից մազապուրծ եղածների հայրենադարձումը Խորհրդային Հայաստան նույնպես պետք է դիտարկել այս աշխարհաքաղաքական համատեքստում։ Սակայն այսօր որոշ քաղաքական գործիչներ չեն տեսնում ավելի լայն պատկերը։ 70 տարիների ընթացքում Խորհրդային Հայաստանում բնակություն հաստատած մոտ 170,000 հայերը իրենց հետ բերեցին ազատության, ազատագրման և արդարության հզոր գաղափարներ՝ վերսկսելով հանրային քննարկումները «կորուսյալ հայրենիքի» մասին։ Այստեղ նույնպես խորհրդային քարոզչության կամ ՊԱԿ-ի կարիք չկար հակաթուրքական տրամադրությունները սնուցելու համար. կենդանի հիշողությունը և ժառանգված տրավման շատ ավելի հզոր էին, քան քարոզչությունը։

Մենք չենք կարող ասել, որ Խորհրդային Միությունն ազդեցություն չուներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, այնպես չէ՞։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում նա այս առումով։

Ապաստալինացման սկսվելով, Խրուշչովի օրոք «լիցքաթափման» գործընթացով և Բրեժնևի օրոք ընդդիմադիր շարժումների տարածմամբ Խորհրդային Միության հայերը սկսեցին ավելի բացահայտ և իրենց խոսքերով արտահայտել իրենց պատմական տառապանքներն ու ազգային պահանջները։ Ինչպես դրա մասին գրել եմ մի առիթով, 1960-ական թթ․ հայկական ազգայնականության վերածննդի շրջան էր, և այս վերածնունդը սնուցվեց ոչ թե պետական մանիպուլյացիաներով, այլ պատմական ճշմարտության և պատվի որոնման վրա հիմնված սոցիալական ազդակով։

Վարչապետ Փաշինյանը, անկասկած, որոշ չափով ճիշտ է, երբ պնդում է, որ կյանքի բոլոր ոլորտներում ներթափանցած խորհրդային գրաքննությունը նպատակ ուներ սահմանափակել որոշակի «չափազանցությունները»։ Այնուամենայնիվ, 1960-ական և 1980-ական թթ․ Մոսկվան իր առաջնահերթությունները փոխել էր հակառակ ուղղությամբ՝ ընտրելով ճնշել ազգային դիսկուրսը, այլ ոչ թե հրահրել այն։

Ջինը շշից դուրս էր եկել, և խորհրդային ապարատը իր ողջ էներգիան նվիրել էր Թուրքիային և Ադրբեջանին ուղղված պատմական և տարածքային պահանջները հանրային մոբիլիզացիայի կամ մտավոր ապստամբության վերածվելուց կանխելուն։
Ես կարող էի երկար շարունակել այս պատմական վերլուծությունը, բայց բավական կլինի միայն ընդգծել մի պարզ փաստ. Խորհրդային Հայաստանում ազգային գիտակցության ձևավորման գործում խորհրդային քարոզչության և ՊԱԿ-ի դերի չափազանցումը նշանակում է խեղաթյուրել պատմությունը, անտեսել հայ ժողովրդի կոլեկտիվ հիշողությունը և վարկաբեկել նրանց սուբյեկտիվությունը։

Փաշինյանը նախկինում նմանատիպ պնդումներ էր արել խորհրդային քարոզչության դերի մասին Հայոց ցեղասպանության գործիքավորման գործում։ Կորստի, արդարության և ինքնության մասին հավաքական հիշողության մեջ ամրագրված պատմությունները չեն մտահղացվել Մոսկվայում։ Դրանք ի հայտ են եկել անձնական փորձառությունների հետևանքով, փոխանցվել են սերնդեսերունդ և շարունակում են ապրել վերապրողների հիշողություններում։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հիշի սա՝ ազգային հիշողության վերաձևավորումը պահանջում է մտավոր ազնվություն, այլ ոչ թե սխալ ուղղորդված ռևիզիոնիզմ։ Պատմությունը չի կարող վերաշարադրվել՝ միակողմանի հաշտեցման և խաղաղության կառուցման կարճաժամկետ քաղաքական օրակարգին համապատասխանեցնելու համար, և տրավմաները չեն կարող ջնջվել արկածախնդիր հռետորաբանությամբ։

https://www.agos.com.tr/tr/yazi/36277/ter-matevosyan-ermenilerin-1915-te-ne-oldugunu-anlamak-icin-kgb-nin-yonlendirmesine-ihtiyaci-yoktu
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
www.akunq.net