կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 23:59
Արցախ

Արցախը երբեք չի անցել «փողոցային շարժման» միջով և չգիտենք, թե իմունային ինչ համակարգ ունի․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Արցախը երբեք չի անցել «փողոցային շարժման» միջով և չգիտենք, թե իմունային ինչ համակարգ ունի․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Եթե Հայաստանի որոշ շրջանակներ չփորձեն ներխուժել, ապակայունացնել Արցախում տեղի ունեցող գործընթացները, այնտեղ աբխազական սցենարի զարգացման հավանականությունը շատ փոքր է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

«Աբխազացման սցենար» ասելով՝ նա նկատի ունի Արցախի էլիտայի հնարավոր պարբերական պառակտումը, բաժանումը և պարբերական ընտրությունների անցկացումը, որը կքայքայի տարիների ընթացքում կայացած ինստիտուտները։

«Իհարկե, դա անցանկալի սցենար է, Արցախի ժողովրդավարական համակարգը, ինստիտուտները շատ ավելի կայացած են, քան Հարավային Կովկասի մյուս դե ֆակտո պետությունների դեպքում։ Բայց երբ Հայաստանից ուղերձներ են հնչում Արցախում նույնպես բաժանումներ կատարելու, դա շատ վատ երևույթ է»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Այդպիսի մի վատ դրսևորում նա համարում է Փաշինյանի հայտարարությունը, թե՝ Արցախում հակահեղափոխականները ջախջախիչ պարտություն կրեցին․ «Պետք է ՀՀ քաղաքական իշխանությունները ձեռնպահ մնան նման բաժանարար գծեր ստեղծելուց, նրանց գործը Հայաստանը շենացնելն ու Արցախի անվտանգության հարցը լուծելն է»։

Արցախի ազգաբնակչությունը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են և, եթե անգամ կան ռադիկալ տրամադրված առանձին գործիչներ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը չի համարում, որ Արցախը պառակտված է։ Ավելին, նա վստահ է, որ այս ընտրություններից Արցախը հաղթանակած դուրս կգա։

«Փողոցային շարժումը Արցախի համար, չէի ասի՝ վտանգավոր է, բայց կարող է ստեղծել պերմանենտ անկայունության նախադեպ․ Արցախը երբեք չի անցել դրա միջով և չգիտենք, թե ինչպիսի իմունային համակարգ ունեն Արցախի տնտեսությունը կամ քաղաքական ինստիտուտները։ Այնպես որ, չարժե այս փուլում նման շռայլություն թույլ տալ, անգամ փորձարկումներ անել այնտեղի ինստիտուտների հակաճգնաժամային կայունությունը ստուգելու համար։ Արցախում շատ ավելի կարևոր հարցեր են լուծվում և փորձարկումների ժամանակը չէ»,-ասաց նա։

Իրենց՝ արցախյան փողոցային պայքարի լիդեր համարողները 2 տարի առաջ այս օրերին Հայաստանում էին քայլեր անում, նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը,  բայց այդ կուտակված փորձը Արցախում կիրառելը դժվար կլինի, քանի որ տեղի իշխանությունները թույլ չեն տա, որ ներքաղաքական կյանքը ապակայունացվի։

«Այս պահի դրությամբ պայքարի համար ոչ մի հիմք չեմ տենում․ Արայիկ Հարությունյանը ժամանակ կունենա հասկանալու՝ ինչպես վերաբաշխել դերակատարումները և տնտեսական ազդեցության շրջանակները Արցախում։ Վստահ եմ, շատ արագ այն կմարի, որովհետև չի երևում այն գաղափարախոսական ուղղվածությունը, որի հետևում են այդ փողոցային շարժման առաջնորդները։ Ու վստահ եմ, որ Արցախի քաղաքական գործընթացները շուտով կվերադառնան խորհրդարան, խորհրդարանը կլինի այն դաշտը, որտեղ կբախվեն, կլուծվեն Արցախին վերաբերող կարևոր քաղաքական-հասարակական խնդիրները»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը ասուլիսում հայտարարեց, որ պետք է համախմբվել ՀՀ իշխանությունների շուրջ։ Վահրամ Տեր-Մաթևոսյանի դիտանկյունից՝ Հայաստանի իմքայլական իշխանությունները ջանք չեն խնայի, որպեսզի երկրորդեն Արայիկ Հարությունյանին և նրանք, ովքեր փողոցային պայքար կմղեն՝ կօծվեն «հակահեղափոխականի» դրոշմով և շատ արագ կմարգինալացվեն։

Մասիս Մայիլյանին հեղափոխականների կամ հակահեղափոխականների շարքին դասել Վահրամ Տեր-Մաթևոսյանը դժվարացավ․ «Ես, ընդհանրապես, այդ տարբերակմանը խստորեն դեմ եմ, դատապարտում եմ այդ պարզունակ բաժանման ձևը, որի համար առանձնապես ո՛չ գիտելիք, ո՛չ էլ քաղաքական փորձ է պետք, պետք է միայն Արցախ ներմուծել ՀՀ ներքաղաքական իրականությունը և դրա վրա քաղաքական կապիտալ կառուցել․ դա երիցս դատապարտելի է։ Այն երկու տարի շարունակ պառակտել է հայաստանյան հասարակությունը և դատապարտելի է, որ փորձում են այդ անհեռատես մոտեցումը ներդնել նաև Արցախում»։

Մասիս Մայիլյանի քաղաքական պլատֆորմը, նրա ընտրապայքարի մեխը դժվար է հասկանալ Հայաստանից հետևելով։ Մինչդեռ Վիտալի Բալասանյանը ամբողջ ընտրարշավը կառուցեց հստակ՝ անվտանգության թեզի վրա և Հայաստանի հետ այնպիսի հարաբերությունների կառուցման, որտեղ Արցախի Հանրապետության անվտանգությունը առաջնային է։

«Վիտալի Բալասանյանը բռնել էր ամենազգայուն տեղից՝ անվտանգության խնդրից և փորձել էր ամբողջ ընտրարշավը կառուցել հենց այդ  պլատֆոմի վրա, իսկ Արայիկ Հարությունյանը տնտեսական զարգացման, նաև՝ որ ծանր ժամանակներում երկրում տնտեսության լավ կառավարիչ է պետք։ Արցախի ազգաբնակչությունը որոշեց նախապատվությունը տալ Արայիկ Հարությունյանին»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նրան խրթին է թվում Արայիկ Հարությունյանի քաղաքական օրակարգը, որը հենվում է Հայաստանի հետ ավելի սերտ քաղաքական, տնտեսական ինտեգրման պլատֆորմի վրա․ «Ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ՝ այդ դեպքում Արցախի  սուբյեկտայնության հարցը միջազգային հարաբերություններում ինչպե՞ս է լուծվելու»։

Վահրամ Տեր-Մաթևոսյանի համար մտահոգիչ են Արցախի նորընտիր նախագահի կրավորական ձևակերպումները, թե՝ Արցախի և Հայաստանի միջև կա լիակատար համընկնում․ «Եթե լիակատար համընկնում կա, ապա ինչո՞ւ է Արցախն ուզում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Սա շատ թակարդային փաստարկ է և պետք է Արցախի նոր իշխանությունները վերագնահատեն այս մոտեցումը։ Իսկ ովքեր կխուսափեն դա անել, խորհուրդ կտամ 1990-ականների պատմություն ուսումնասիրել, թե ինչպես այդ տարակարծությունների վրա հնարավոր եղավ դիմակայել միջազգային հսկայական ճնշումներին։ Այս կրավորական արտահայտությունները մտահոգություններ են առաջացնում, եթե, իհարկե, դա ՀՀ իշխանությունների ցանկությունը չէ»։

Վահրամ Տեր-Մաթևոսյանն արձանագրում է, որ ընտրությունները բացահայտեցին՝ որքան է հետ մղվել բոլոր թեկնածուների քաղաքական օրակարգերից Արցախի միջազգային ինքնորոշման խնդիրը․ «Իրականում դա մտահոգիչ է առնվազն այն առումով, որ կարծես Արցախի միջազգային ճանաչման հարցը այլևս օրակարգային հարց չէ․ ի՞նչ է անելու Արայիկ Հարությունյանը, այս քաղաքական պլատֆորմով հիշեցնելու է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնող ինչ-որ մի կառավարչի»։

Արցախի զարգացման գոյաբանական խնդիրները, նրա դիտանկյունից, երկրորդական պլան մղվեցին, երբ Հայաստանում փորձեցին շատ պարզունակեցնել այդ ընտրությունները՝ այն դիտելով հեղափոխության և հակահեղափոխության ծիրում։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը օրախնդիր է համարում կարգավորելը Արցախի ու Հայաստանի միջև ստեղծված համակարգային հարաբերությունները, երբ անվտանգության, բյուջետային, իրավապայմանագրային հարցերում հայկական յուրաքանչյուր պետության իրավասությունները հստակ չեն։

«Այս ճապաղ, լղոզված հարաբերությունների համակարգը Արցախի և Հայաստանի միջև, որ ստեղծվել է անվտանգության, բյուջետային խնդիրների հետ կապված, պետք է հնարավոր լինի ինչ-որ կերպ լուծել, որովհետև չի կարող Արցախի ազգաբնակչությունը պարբերաբար ականատես լինել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները, իրենց ներհայաստանյան գործերը թողած, զբաղվում Արցախի ներքաղաքական խնդիրներով»,-ասաց նա։

Արցախում առաջիկայում ներքաղաքական շատ հերտաքրքիր պրոցեսներ է կանխատեսում Վահրամ Տեր-Մաթևոսյանը․ «Քաղաքական դաշտը վերաֆորմատավորվել է․ մի կողմից՝ Սամվել Բաբայանի դերակատարումն է ուժեղանում, երկար ժամանակ Արցախից բացակայելուց հետո նա վերադարձել է։ Ոչ միայն վերադարձել է, այլև քաղաքական լուրջ հավակնություններ ունի։ Մյուս կողմից՝ Վիտալի Բալասանյանը ժամանակ ունեցավ բոլոր դռները թակելու Արցախում և ներկայացնելու իր տեսակետը»։

Նա համոզված է, որ հիմնական քաղաքական գործընթացները կծավալվեն այս երեք գործիչների շուրջ՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան և Վիտալի Բալասանյան։

Իհարկե, անմասն չեն մնա նաև խորհրդարանում չներակայացված ուժերը և հայաստանյան իշխանությունները։

Խորհրդարանում նա շատ կարևոր է համարում Դաշնակցության ներկայությունը և ասելիքը։

«Այս ամենի համատեղումով, իհարկե, քաղաքական ողջ ներկապնակը ներկայացված է խորհրդարանում»,-ասաց նա։

Այս ընտրությունները, Վահրամ Տեր-Մաթևոսյանի համոզմամբ, հերթական ընտրություններն էին, որոնք մեկ անգամ ևս փաստեցին՝ Արցախի ժողովուրդը անշեղորեն նվիրվել է և իրականացնում է ինքնորոշման իր իրավունքը և որն էլ այս անգամ վերստին արտահայտվեց համապետական ընտրություններով։

Սա, նրա խոսքով, վկայում է, որ ժողովրդավարության արժեքային համակարգը Արցախում արմատավորվել է։

Աննա Բալյան