կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 13:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական ռեսուրսի կիրառում, հավասարության խախտում․ ՍԴ-ում Շաթիրյանը ներկայացրեց դիմումների բովանդակությունը

Հուլիսի 8-ին ՍԴ է մուտքագրվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, և «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ անդամ, գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը՝ այդ դիմումները քննող ՍԴ նիստում ներկայացնելով գործի բովանդակությունը։

Դիմումատուներից՝ «Հայաստան» դաշինքը խնդրում է լուծել ԱԺ 2021 հունիսի 20 ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի թիվ 183 և 184 ա որոշումները և ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը խնդրում է անվավեր ճանաչել 2021 թ-ի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը խնդրում է անվավեր ճանաչել ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Ի դեպ, «Զարթոնք» կուսակցության պահանջի մասը զեկուցողը բաց թողեց, հետո պարզաբանեց, որ զուտ տեխնիկական բացթողում էր։ 

ՍԴ երկու դաշինքների դիմումներն ընդունվել են քննության, երկու կուսակցությունների դիմումները մասամբ են ընդունվել քննության, և, քանի որ վեճի առարկան նույնն է, գործերը միավորվել են։

Էական հանգամանքներից՝ «Հայաստան» դաշինքն առանձնացրել է մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության գործընթացի սկզբունքները խաթարող՝ ատելության խոսքի օգտագործման հանգամանքները, ընտրությունների ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալների միջոցառումների իրականացումը, մոտ 25 հազար քաղաքացիների՝ ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, հետևաբար, առանց կտրոնի վրա լուսանկարի առկայության, զորամասում ավելի քան 10 հազար ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակները պահվել են գաղտնի, արձանագրվել են ուղղորդման դեպքեր։ Դաշինքը 4 հավելվածներով նաև այլ փաստարկներ ևս ներկայացրել է։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, ընտրողների՝ էլեկտորնային գրանցման սարքավորումների հետ կապված խախտումները, պետական և կուսակցական շահերի միահյուսումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախընտրական քարոզարշավին մասնակցությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ բռնությունների կոչերը և հոգեբանական հարկադրանքը, պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով՝ հօգուտ իշխող կուսակցության իրականացված գործողությունները։

«Հայոց հայրենիք» կուսակցությունը էական է համարել հետևյալ հանգամանքները․  չի ապահովվել ընդհանուր, հավասար ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, խախտվել է ավելի քան 900 հազար ընտրողի, այդ թվում հաշմանդամություն ունեցող 156 հազար ընտրողի, ընտրողների հավասար ընտրության իրավունքը, չի պահպանվել օրենքով սահմանված՝ քվեաթերթիկների ձևը, ընտրողներին՝ ընտրության կարգի մասին ծանուցման կարգը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում նախընտրական քարոզչության ընթացքում, գրեթե բոլոր տեղամասերում քվեաթերթիկները չեն դրվել չհրկիզվող պահարանում, արձանագրվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են թափանցիկ ծրարները, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողությունները, տվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայությունը, ձայների հաշվարկի ժամանակ ընտրատեղամասերի հոսանքազրկումը, համատարած բաժանված ընտրակաշառքը և այլ հանգամանքներ։

«Պատիվ ունեմ» դաշինքը որպես էական հանգամանք է նշել այն, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել ընտրության հավասար պայմանների սկզբունքի էական խախտումներ, որոնք դրսևորվել են նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների համար լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում իշխող քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ։ Դիմողը շեշտադրումը կատարել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին։ Դիմողն անդրադարձել է նաև ընտրական գործընթացում, իր գնբահատմամբ, ճնշումներին և ձերբակալություններին։ Որպես պատասխանող ներգավված ԿԸՀ-ից պահանջվել է մի խումբ տեղեկություններ և փաստաթղթեր։ ԿԸՀ-ը հուլիս 6-ին ՍԴ է ներկայացրել պահանջված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․