կարևոր
3880 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 18:27
Քաղաքական

Գրեթե բոլոր համայնքներում իշխանության կողմից եղել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր. «Ապրելու երկիր»

Գրեթե բոլոր համայնքներում իշխանության կողմից եղել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր. «Ապրելու երկիր»

Սեպտեմբերի 25-ին Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Թալին, Սիսիան համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը բոլոր համայնքներում ներկայացված է լինելու ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Գյուլագարակ-49%

Ալավերդի-48%

Լոռի Բերդ-28%

Սիսիան-20%

Չարենցավան-7%

Թալին-7%:

Ալավերդի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը տարել է հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել համայնքի կառավարումը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայնքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր՝ սպառնալիքներ, աշխատանքից ազատում, տարատեսակ արտոնությունների և աջակցությունների տրամադրում և այլն, իսկ իշխանության ցուցակներում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների ներգրավումը և «տեղական հեղինակությունների» մասնակցությունը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Սիսիան համայնքում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ՝  նպատակ ունենալով ստանձնել համայնքի կառավարումը։

Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում արձանագրված արդյունքները, ստանալով ավելի քան 13,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 23%)՝ ներկայացված լինելով 6 համայնքերում 32 ավագանու անդամներով։ Այս արդյունքը ավելի քան երկու անգամ գերազանցում է կուսակցության նախորդ տարվա արձանագրած ցուցանիշները։

Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս,  արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

«Ապրելու երկիր» կուսակցության ունեցած նման հաջողությունը  քաղաքական պայքարում  օգտագործվող  սկզբունքային նոր մոտեցման և գործելաոճի շնորհիվ է։

Համայնքներին արված  մեր առաջարկները եղել են փորձագետների կողմից մշակված  և ընտրողների արձագանքների և ցանկությունների վրա հիմնված։ Իսկ մեր ամենամեծ առավելությունը՝ համայնքներում  նոր մարդկանց ներգրավումն է՝ ի հակադրություն արդեն իրենց հայտնիությունը կորցնող նախկին և իշխող քաղաքական խմբերի։

Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը համայնքների զարգացման գործում, որը համարում ենք կարևորագույն քայլերից՝ հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցության պարտությունը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, ակնհայտ է, որ հասարակությունը ունի որակական փոփոխությունների անհրաժեշտություն և վստահում է «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ իրականացնելու իշխանության ամբողջական փոփոխություն։