կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 11:54
Քաղաքական

Վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ կսահմանափակվի. քննարկում ԱԺ-ում

Վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ կսահմանափակվի. քննարկում ԱԺ-ում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ փոփոխություններով սահմանափակվելու է վարչական ռեսուրսի կիրառումը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն թեկնածուների, այլև մնացած բոլոր անձանց համար, մասնավորապես` հանրային ծառայողների, որոնք հնարավորություն կարող են ունենալ օգտագործելու վարչական ռեսուրսը՝ ի շահ որևէ թեկնածուի։

Նշենք, որ ոչ միայն արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, այլև ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների:

Ըստ փոխնախարարի` սահմանափակումները վերաբերում են նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին, ինչպես նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Փոխնախարարի ներկայացմամբ` կան մի խումբ անձինք, որոնց ընդհանրպես արգելվել է քարոզչություն իրականացնել: Նրանք են` դատավորները, դատախազները, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, նաև ընտրական հանձնաժողովների անդամները, բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները, քաղաքացիություն չունեցող անձինք, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, ինքնավար մարմինների անդամները։

Լրատվամիջոցների համար սահմանափակումները հանվել են, և եթե նախկինում մեկ լրատվամիջոց կարող էր 50 լրագրող հավատարմագրել, այդ սահմանափակումը հանվել է:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվում վարչական ռեսուրսների օգտգործման համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն է նախատեսվում քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: