Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան վերջին պատերազմի զուտ ռազմական արդյունքները խորհելու, մտորելու առիթ, ինչու չէ, նաև դասեր են` ուղղված ապագային։ Այս պատերազմը կարելի է դասել տևողությամբ կարճ, բայց ժամանակակից հզոր պատերազմների շարքին։ Դժվար է հիշել վերջին տասնամյակներում տեղի ունեցած մի պատերազմ, որն ընթացել է այդքան նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սպառազինության կիրառմամբ` միաժամանակ բացահայտելով արդեն եղած պաշտպանական համակարգերի, ինչպես նաև ավանդական զինատեսակների համեմատաբար ցածր արդյունավետությունը։
Վեց շաբաթ տևած Արցախյան պատերազմի բուռն ընթացքը ուսումնասիրության ու վերլուծության առումով շատ ավելի երկար ժամանակ և աշխատանք է պահանջելու: Արդեն իսկ համաշխարհային փորձագիտական տարբեր կենտրոններ տեղի ունեցածին արձագանքել են հոդվածներով, ակնարկներով և վերլուծական ուսումնասիրություններով։
Կարելի է ասել, որ Արցախյան պատերազմը հնարավորություն ընձեռեց, այսպես ասած, «բանալու անցքից» նայելու ապագայի պատերազմներին, քանի որ մասնակից կողմերը կիրառեցին պատերազմ վարելու բազմաթիվ նորարարական մեթոդներ, նոր տեխնոլոգիաներով հագեցած սպառազինություն և զինատեսակներ։ Թեև Արցախյան պատերազմը արևմտյան լրատվամիջոցներով բնորոշվել է որպես միկրոպատերազմ, այդուհանդերձ, այն «ազդարարում» և ուրվագծում է այն նորագույն չափորոշիչներն ու ուղղությունները, որոնք նախանշելու են ապագայի ռազմական բախումների բնույթը` անկախ դրանց ծավալներից, ընդ որում, դրանք կկանխորոշեն այդ մարտական գործողությունների արդյունավետությունը:
Վերոնշյալի ապացույցներից է փորձագիտական-վերլուծական հոդվածների քանակը, որոնք վերջին ժամանակներում լույս են տեսնում Եվրոպայում։ Ուշագրավ է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, Միացյալ Թագավորության պաշտպանության և անվտանգության վերլուծական անկախ ինստիտուտի (RUSI‒Royal United institute) պատրաստած ծավալուն զեկույցը։ Ի դեպ, բրիտանացիները մի քանի պատճառ ունեին մանրամասն վերլուծելու շատերի համար ոչ այնքան կարևոր փոքր պատերազմը։
Նշենք, որ Արցախյան պատերազմում օգտագործվել են ռուսական արտադրության հրթիռահրետանային համակարգեր, որոնց դիմակայել են արևմտյան, թուրքական և իսրայելական նորագույն զինատեսակներ։ Հենց Արցախյան պատերազմում են զանգվածաբար կիրառվել ԱԹՍ-ներ, տեղորոշող-հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ։ Միանշանակ է այն, որ այդ միջոցներն առանցքային դեր են ունեցել ինչպես պատերազմի կարևորագույն դրվագներում, այնպես էլ առհասարակ պատերազմի ելքի հարցում։ Հենց այս տվյալներից ելնելով են բրիտանացիները գնահատում ապագա ռազմական ներդրումները և դրանց առաջնահերթությունները։ «RUSI»-ի կարծիքով. «Անդրկովկասյան փորձադաշտը ստիպում է վերանայել ու վերարժևորել հատկապես ցամաքային ռազմական ուժերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև դրանց արդիականացման հարցը մոտ ժամանակներում»։
Ամերիկացիները, ֆրանսիացիները, չինացիները, հնդիկներն ու ռուսները հետ չեն մնում բրիտանացիներից` հասկանալով, որ հայ-ադրբեջանական լոկալ պատերազմի ռազմական արդյունքները նախանշելու են ռազմականոլորտի ռազմատեխնոլոգիական հեղափոխության հեռանկարները։ Նույնիսկ ռազմական գործողությունները դեռ չավարտված` ֆրանսիական ու գերմանական մամուլում հայտնվեցին հեղինակավոր փորձագետների հոդվածներ, որոնք ոչ ավել, ոչ պակաս ազդարարում էին տանկերի` որպես ցամաքային հարվածային զինատեսակի անարդյունավետության ու «մահվան» մասին։ Զրահապատ զորքերի ջախջախումը ԱԹՍ-ների դեմ մարտում, հատկապես հայկական ուժերի պարագայում, ցույց է տալիս, որ տանկը դառնում է «պատմական» զինանոցի նմուշ։ Օրինակ`«RUSI»-ի վերլուծաբան Ջաք Վայթլինգի կարծիքով` Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-ները ոչնչացրել են հայկական տանկերի 80 տոկոսը, որը 3 անգամ ավելի է, քան հայկական հակատանկային հրետանու և կառավարվող հրթիռների կողմից խոցված ադրբեջանական տանկերի, զրահապատ տեխնիկայի քանակը։ Ընդ որում, հատուկ նշվում է, որ հայկական կողմը իր խոցումների մեծ մասը կատարել է մոտ տարածության վրա մղվող մարտերի ընթացքում, հաճախ` լավ պատրաստված, լեռնային տեղանքին քաջածանոթ իր մարտիկների անօրինակ քաջության շնորհիվ։ Սրան հակառակ` Ադրբեջանի զինված ուժերի համարյա բոլոր խոցումները իրականացվել են հեռու տարածությունից կամ օդից, հաճախ` ռազմաճակատի գծից հեռու գտնվող վայրերում։ Այս ամենով հանդերձ` նույն Վաթլինգը բոլորովին չի ստորադասում տանկերի դերը` գրելով. «Չկա մեկ այլ արդյունավետ միջոց` տարածքից հակառակորդին դուրս մղելու, քան տանկերը»։ Ժամանակակից պատերազմների ինստիտուտից Ուեստ Փոյնթի՝ Ռազմական ակադեմիայի համար պատրաստված զեկույցում գրեթե նույն տեսակետն է հնչում հետևյալ ձևակերպմամբ. «Չկա մինչ այժմ եղած զինատեսակների մեջ մեկը, որն ավելի արդյունավետ կգործի դիրքավորված հետևակին դուրս մղելու գործում, քան տանկերը»։ Հարց է, սակայն, թե ինչ միջոցներով և ինչպիսի տեղաշարժով կարելի է հասնել առաջնագիծ` պաշտպանվելով միաժամանակ թշնամու հեռահար կամ օդային կրակից։
ԱԹՍ-ների ու տանկերի հակամարտության դեպքում ամեն ինչ պարզ է։ Եզրակացությունը՝ հակաօդային պաշտպանությունը ևս չի կարող արդյունավետ միջոց լինել միայն բարձրագույն ու կենտրոնացված համակարգի դեպքում, որը կհայտնվի այս կամ այն տարածքում` կոնկրետ տարածքը պաշտպանելու նպատակով։ Բացարձակ անհրաժեշտություն է դառնում հակաօդային խորքային և գոտիավորված պաշտպանության կազմակերպումը` այլ զորամիավորումների, այդ թվում` տանկային շարասյուների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով։
Սփռված ու մեծաքանակ ԱԹՍ-ների կառավարման համար պահանջվում է որոշակի մակարդակ, և նման կառավարումը չպետք է իրականացվի մեկ կենտրոնից (ԱԹՍ-ների խոցում կրակային կամ հրթիռային միջոցներով)։ Այն գլխավորապես պիտի դառնա ռադիոէլեկտրոնային պայքարի ձևերից մեկը, որով պետք է շարքից հանվեն կամ խաթարվեն ԱԹՍ-ների կառավարման, դրանց կապի ու տեղորոշման համակարգերը։
Ինչպես նշում է լեհական «Պոլիտիկա»-ն, հայկական զինված ուժերի աքիլեսյան գարշապարը ռուսական «Կրասուխա-4» նորագույն տեխնիկայի օգտագործման սահմանափակումն էր ՀՀ տարածքից դուրս, քանի որ ռուսական կողմը արգելել էր։ Այս պնդմանը կարելի է չհամաձայնել, քանի որ վստահաբար այն օգտագործվել է նաև ԼՂՀ տարածքում։ Բոլորովին կասկածի տեղիք չի տալիս այն, որ տանկը, որպես այդպիսին, ապագայում կարող է դառնալ կառավարվող համեմատաբար ոչ մեծ արկի դեմ անպաշտպան ու անզոր։ Հակաօդային պաշտպանության ակտիվ միավորները պետք է դառնան թանկարժեք և կարևոր զինտեխնիկայի (տանկեր, զրահապատ մեքենաներ, հետևակի մարտական մեքենաներ և այլն) ուղեկից պաշտպանները։
Արցախյան պատերազմի թերևս ամենազարմանալի երևույթը ռմբակոծիչ ու կործանիչ ավիացիայի կիրառման չափազանց ցածր ցուցանիշն է, կարելի է նույնիսկ ասել` այդ կարևոր զինատեսակի իսպառ բացակայությունը։ Ինչպես նշում են բրիտանացի ռազմական փորձագետները, Արցախյան պատերազմի «գլխավոր պարտվածը» ոչ թե տանկն է, այլ կործանիչ ավիացիան։ Մարտական ինքնաթիռը կամ ուղղաթիռը վերածվել է «մետաղի ջարդոնի», որը տեղաշարժվում է մեծ արագությամբ, հրեշավոր աղմուկով և թողնում է այնպիսի ջերմային «հետք», որի հետևանքով դրա հայտնաբերումն ու թիրախավորումը դառնում է րոպեների հարց, նույնիսկ հին սերնդի հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Ի տարբերություն դասական մարտական ավիացիայի` ԱԹՍ-ների հայտնաբերումը դժվար է. դրանք կառուցված են հիմնականում պլաստիկատից, թեթև են, անաղմուկ, ոչ ծախսատար և, որ ամենակարևորն է, հակաօդային հրթիռային ՀՕՊ-ի համար համարյա ոչ հայտնաբերելի։ ԱԹՍ-ների զանգվածային «գրոհները» կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն շարքից հանել ցանկացած երկրի ՀՕՊ համակարգերը։ Հենց այդպիսի «գրոհներով» Ադրբեջանին հաջողվեց անպատժելիության աստիճանի հասնել հայկական զորքերի թիկունքում կատարած իր գործողությունների համար։ Ի դեպ, ԱԹՍ-ների ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ բավական երկար կարող են սավառնել` կատարելով իրենց խափանարար առաքելությունը` «seek and destroy», ի տարբերություն բազմաֆունկցիոնալ, վառելիք «խժռող» կործանիչ ինքնաթիռների։ Հասկանալի է, որ ԱԹՍ-ները ինքնաթիռների հետ համեմատության եզր անգամ չունեն արագության, սպառազինության պաշարի հարցում, սակայն առանձին առաջադրանքներ կատարելու պարագայում ինքնաթիռները կորցնում են վերը նշված առավելությունները` ասպարեզը զիջելով ԱԹՍ-ներին։
Ըստ արևմտյան ռազմական դոկտրինաների օդում գերիշխանության սկզբունքը եղել է տիրապետող Սառը պատերազմի ողջ ընթացքում. դրանք չեն փոխվել նաև ոչ վաղ անցյալի մերձավորարևելյան հակամարտությունների ժամանակ։
Հարկ է նշել, որ Արցախյան պատերազմը առանձնանում է ժամանակակից միջոցներով մղվող պատերազմների նորագույն պատմության մեջ, քանի որ այն չսկսվեց պատերազմի դասական օրինակով, այն է՝ հասնել օդում գերիշխանության: Եվ դա այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը վճռել էր, որ բոլոր դեպքերում ինքը առավելություն ունի ԱԹՍ-ների շնորհիվ, որոնք ապահով կարող են գործել ցածր բարձրություններում և խոցել թիկունքային ցանկացած նշանակետ։
Պետք է նշել, որ այս պատերազմում հայկական կողմին նյութական ու մարդկային ամենամեծ կորուստները հասցրին անմիջականորեն ԱԹՍ-ները`անուղղակիորեն «օգնելով» նաև ցամաքային հրթիռահրետանային միջոցներին, «Երկիր-երկիր» հրթիռներին տեղորոշման, թիրախների ճշգրտման համար։ Դիպուկ նշանառության հրետանային հարվածները դառնում են որոշիչ հակառակորդի ջախջախման գործում։
Արևմուտքի համար հսկայական նշանակություն ունեն հատկապես Արցախի ու Դոնբասի դասերը, երբ իրենց «ողջ հմայքով» դրսևորվեցին ռուսական «հետախուզահարվածային» համալիրները, որոնք ներկայացնում էին ԱԹՍ+հրթիռային հրետանի համադրում։
Այնուամենայնիվ, Արցախում վճռորոշ եղավ ԱԹՍ-ների կրակային ուժը` իր արդյունավետությամբ և խտությամբ։
Հետաքրքիր է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել Բերձորի՝ Արցախը Հայաստանին կապող կամրջի վրա իսրայելական «ԼՈՐԱ» բալիստիկ հրթիռ-արկով «գրոհին»։ «ԼՈՐԱ»-ին հատուկ է բարձր ճշգրտությունը: Ըստ արտադրող ընկերության տվյալների`շեղումը թիրախից կազմում է առավելագույնը 10 մետր, ընդ որում, հարվածի վերջին հատվածում հրթիռ-արկի վրա միանում է տեսախցիկը` վկայելով խոցման արդյունավետությունը:Այս և նման զինատեսակները թույլ են տալիս խոցել առանձնակի կարևորություն ունեցող նպատակակետերը (կես տոննա կշռող արկով մինչև 400 կմ շառավիղ ունեցող տարածքում)։ Ըստ արևմտյան վերլուծաբանների` Շուշիի անկման հիմնական պատճառներից մեկը հենց Բերձորի կամրջի վնասվելու հետևանքով համապատասխան համալրում չստանալն ու հոգեբանական ազդեցությունն էր, որ թողել էր «ԼՈՐԱ»-ի հարվածը։ Բավական վիճելի, բայց «կյանքի» իրավունք ունեցող հաստատումից զատ` արևմտյան փորձագիտությունը ուշադրություն է դարձրել «հայերի կողմից հին սերնդի «Տոչկա» և «Սկադ» տիպի հրթիռների կիրառման» հանգամանքի վրա, ինչը, սակայն, հակառակ ազդեցություն ունեցավ բոլոր տեսանկյուններից, «որովհետև հրթիռային ոչ ճշգրիտ հարվածները, որոնք ընկան Գյանջայի բնակելի թաղամասերի շրջանում, պատճառ դարձան, որ յուղ լցվեր ադրբեջանական քարոզչամեքենայի մեջ, ըստ որի` հայկական ուժերը մեղադրվում էին պատերազմական հանցագործության մեջ» (Մարեկ Շվերչինսկի, Wlas’nie zobaczyliszmie…, «Պոլիտիկա» շաբաթաթերթ, 20 դեկտեմբեր 2020, էջ 18)։
Վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է բալիստիկ հրթիռաարկային միջոցների օգտագործումը ոչ մեծ մասշտաբի լոկալ պատերազմում, որն այլևս բացառում է միայն ավանդական զինատեսակներով պատերազմ վարելու հնարավորությունը։
Նախորդ սերնդի բալիստիկ հրթիռները մինչ Արցախյան պատերազմը կիրառվել էին Եմենի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրանի կողմից ԱՄՆ-ի բազաների դեմ Իրաքում։ Սակայն Արցախյան պատերազմը ապացուցեց բոլորովին այլ բան…Այլևս պարզ է դառնում նաև այն իրողությունը, որ բարձր տեխնոլոգիաներն ու դրանցով հագեցած զինատեսակները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր պետությունների համար: Ճշգրիտ խոցելիությամբ զինատեսակները դադարել են տեխնոլոգիապես զարգացած երկրների մենաշնորհը լինելուց. դրանք արդեն կիրառվում են լոկալ պատերազմներում, և այդ միտումը տիրապետող է դառնալու ապագայում:
Մեզ արդեն ծանոթ Ջաք Վայթլինգը ուշադրություն է հրավիրում ժամանակակից սուբբալեստիկ հրթիռային համակարգերի վրա հետևյալ տեսանկյունից.«Ի հակադրություն ավանդական հրթիռային արկերի, որոնք «տեղ են հասնում» բարձր և չշեղվող հետագծով` դուրս գալով մթնոլորտային առաջին շերտից, ժամանակակից հրթիռները և տվյալ դեպքում «ԼՈՐԱ»-ները թռչում են ցածր և կարող են խուսանավել: Հակահրթիռային պաշտպանությունը նպատակաուղղված է մթնոլորտային շերտից դուրս մարտագլխիկներ խոցելուն:
Հետևաբար անհնար է դառնում կառավարվող հրթիռների հայտնաբերումն ու ոչնչացումը:Մյուս կողմից էլ` հակաօդային պաշտպանական համակարգերի համար, որոնք նախատեսված են ինքնաթիռներ խոցելու համար. վերջիններս դառնում են անխոցելի, քանի որ ավելի արագընթաց են և թռչում են բավական բարձր»։
Հայաստանն իր տրամադրության տակ ունեցել է ռուսական հակահրթիռային հին համակարգեր, որոնք եթե նույնիսկ ԱԹՍ-ի գրոհներից հետո անվնաս էին մնացել, անզոր են եղել իսրայելական դրոնների ու հրթիռների դեմ։
Աչքերն ու ականջները կարևոր են «մետաղից»
Հիմնվելով բոլոր փորձագետների հաստատումների վրա` ամփոփենք:
Որպեսզի հակառակորդի նկատմամբ ձեռք բերվի որակական առավելություն, այլևս պարտադիր չէ հետևակի զրահամեքենաների և ինքնագնաց հրետանու մեծաքանակ լինելը, այլ որոշիչ է հետախուզող, տեղորոշող ու նպատակաուղղող սենսորների քանակը։
Երկար ժամանակ է արդեն, որ ժամանակային մրցակցությունը, որը չափվում էր զինվորական կրկնակոշիկի ու տանկային թրթուռի հետ համեմատությամբ, հասել է այնպիսի մակարդակի, որտեղ որոշիչ է էկրանի սեղմակոճակը։ Եվ, որ ամենակարևորն է, գործնականում հնարավոր է ցուցամատով դիպչելով էկրանին հակառակորդին և նրա զինտեխնիկային հասցնել շոշափելի կորուստներ։
Եվ այս ամենը կարելի է դիտել էկրանին ուղիղ միացումով: Ցամաքում առավելության հասնելու գրավականը հակառակորդի դիտարկման ու հետախուզական-ճշգրտող համակարգերը խաթարելն ու անպիտան դարձնելն է` միաժամանակ մարտի դաշտ դուրս բերելով սեփական էլեկտրոնային համակարգը։ Դա թույլ կտա ձեռք բերել տեղեկատվական-հետախուզական գերիշխանություն, որն էլ իր հերթին խոցման միջոցների ընտրության և դրանց արդյունավետ կիրառման հնարավորություն կընձեռի։
Կրակային դիրք դուրս եկած տանկը կարող է խոցվել անմիջապես, իսկ դաշտային ամրություններում զորամիավորումները «կարող են սպասել»։
Պարզորոշ տեսնելով և գնահատելով սեփական ուժերը, ինչպես և հակառակորդին, նրա հնարավորությունները` ձևավորվում է իրադրության ճիշտ պատկերը։ Երկարատև, անընդհատ մշտադիտարկումը` համադրված խոցելու հնարավորությունների հետ, կմեծացնի հակառակորդի շրջանում վտանգի զգացումն ու խուճապը, թույլ կտա ընտրել խոցման միջոցները, ինչն էլ վերջնարդյունքում կհանգեցնի մարտի դաշտում մարտավարության ու դրության փոփոխության։
Ամենակարևոր քայլերից մեկը, որը, ցավոք, չարվեց, Արցախյան պատերազմի ժամանակ հայկական ռազմական գերատեսչությունների կողմից գաղտնապահության տարրական կանոնների պահպանումն էր (Մարեկ Շվերչինսկի, ռազմական տեսաբան, Լեհաստան): Մեր ժամանակներում պետք է ընդունել, որ մշտապես ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մեզ հետևում է։ Հետևաբար անհրաժեշտ է, որ այլ մոտեցում ցուցաբերվի քողարկման և ռադիոլռության առումով։ Հայտնաբերման դեպքում ձեզ չի հաջողվի խույս տալ, որովհետև հակառակորդի ԱԹՍ-ն հայտնաբերելու համար ստիպված եք միացնել ռադարներ, ինչն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում հակառակորդի էլեկտրոնային հետախուզությանը տեղորոշելու ձեզ։ Այստեղ ավելի կարևորվում է, թե ինչքանով են ձեր ռադարների միացումը և խոցվելու վտանգը հակակշռվում թշնամու թիրախների կարևորությամբ ու թանկարժեքությամբ։ Իրական ու զգալի ռեսուրսները խնայելու ցանկությամբ հանդերձ պետք է հիշել, որ կիրառելի են բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ կտան խաբել ու ապակողմնորոշել թշնամուն։
Արցախի պատերազմը ցույց տվեց ամբողջ աշխարհին, կարելի է ասել` դաս եղավ, որ հնարավոր նոր` ավելի լայնամասշտաբ պատերազմների դեպքում ռազմական փոքր ներուժ ունեցող երկրները կարող են ճակատ կազմել և հասնել հաջողության ավելի մեծ ու հարուստ երկրների հետ անմիջական ռազմական հակամարտություններում, եթե, բացի ավանդական զենքերից, կարողանում են ստեղծել և ըստ նշանակության կիրառել նորագույն տեխնոլոգիաները։
Հարկ է, որ ունենանք ինքնավար ռեժիմով աշխատող և օտար ռադիոթափանցումների նկատմամբ դիմադրական իմունիտետ ունեցող հակաօդային համակարգեր և ԱԹՍ-ների սեփական արտադրություն։ Հրամայական են դառնում զգալի ներդրումները ռազմարդյունաբերական ոլորտում, այլապես ամեն ուշացած օրն անգամ կարող է անդառնալիորեն հանգեցնել ժամանակային կորստի` ունենալով նաև լրջագույն հետևանքներ երկրի անվտանգային հարցերում։ Հակառակորդ կամ թշնամի երկրների հետ ռազմական ներուժի հավասարեցումը հնարավոր է ոչ թե առաջնահերթությունների մասին խոսելով, այլ գործով, օրինակ` ամբողջությամբ նորացնելով ռադիոէլեկտրոնային միջոցների զինանոցը։ Մեր ՀՕՊ համակարգը իր տեսակով կենսունակ է: Այլ հարց է, որ պետք է ուշադրություն դարձնել հակաԱԹՍական միջոցների հայտնաբերման դրանց գործունեության խափանման հնարավորություններին, ինչպես հրետանային, այնպես էլ լազերային զենքերի ձեռքբերմանն ու ստեղծմանը։ Գաղտնապահության կանոնների համատարած պահպանումն ու քողարկումը պիտի կրեն իրական, այլ ոչ թե ձևական բնույթ։
Հայտնաբերումը խոչընդոտող ու ջերմային ազդակը (թերմիկ էֆեկտ) թուլացնող քողարկումը պիտի լինի բոլոր շարժական միջոցների անբաժան ուղեկիցը: Հարձակողական գործողությունների պարագայում խոցման շառավիղը և ճշգրտությունը ունեցել են և հետագա պատերազմներում ունենալու են վճռորոշ դերակատարություն պատերազմի ելքի հարցում։
Հ.գ. Մարեկ Շվերչինսկի (անվտանգության հարցերով ավագ վերլուծաբան) հոդվածում արտահայտված է մի կարևոր միտք։ Սակավ ռեսուրսներով, սահմանափակ տարածքով ու փոքրաթիվ բնակչությամբ երկրները ամենևին էլ դատապարտված չեն ավելի խոշորների կողմից հոշոտվելու, եթե ունեն քաղաքական հստակ ծրագիր, ազգային պետություն կերտելու կամք, նվազագույն միջոցներ` տեխնոլոգիաներ ձեռք բերելու և ներդրումներ անելու գիտության ոչ ծախսատար ճյուղերում` կայուն ու հզոր տնտեսություն ստեղծելու հեռանկարով։
Թաթուլ Հարությունյան