Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարները, որոնց ծավալը նոր հայտնագործությունների շնորհիվ աճել է մինչեւ 540 միլիարդ խորանարդ մետր, 12 տարի ընդունակ են բավարարել Թուրքիայի ներքին պահանջարկը: Նման կարծիք է հայտնել Wood Mackenzie միջազգային խորհրդատվական ընկերության գլխավոր վերլուծաբան Էշլի Շերմանը:
Նա նշել է, որ երբ Թուրքիան Սև ծովում հայտնաբերեց 405 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ, Wood Mackenzie կանխատեսեց, որ մոտ ապագայում երկրի պաշարները կաճեն:
Ըստ Շերմանի՝ Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի բնական գազի պաշարների ավելացումը:
«Իշխանությունները հայտարարել են 2023 թվականին արդյունահանում սկսելու մտադրության մասին, ինչը բավականին հավակնոտ է թվում»,- ասել է նա:
Շերմանը հավելել է, որ Սաքարիայի հանքավայրը հայտնաբերելուց հետո ակնհայտ դարձավ, որ Սև ծովում Անկարայի հաջողությունը ամրապնդել է նրա դիրքերը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի հետ բանակցություններում, որոնցից Թուրքիան այժմ գազ է ներմուծում խողովակաշարերով:
«Թուրքիան հնարավորություն ունի ավելի ճկունություն ձեռք բերելու ավելի ցածր գների, ավելի փոքր ծավալների և նոր պայմանագրերի հարցերում: Կարելի է նույնիսկ ասել, որ դա Թուրքիայի համար հաղթաթուղթ կդառնա երկարաժամկետ պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում, որի ժամկետը լրանում է»,- ասել է վերլուծաբանը:
Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սևւ ծովում 135 միլիարդ խորանարդ մետր պաշարով գազի նոր հանքավայր հայտնաբերելու մասին: Այսպիսով՝ Սեւ ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված բնական գազի պաշարների ընդհանուր ծավալը հասել է 540 միլիարդ խորանարդ մետրի: